Պատմաբան Արա Սարաֆյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի գաղտնի զեկույցը

Պատմաբան Արա Սարաֆյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի գաղտնի զեկույցը

PanARMENIAN.Net - Լոնդոնում Կոմիտասի ինստիտուտը հրապարակել է պատմաբան Արա Սարաֆյանի «1917թ. Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: Աշխատանքում հավաքված են փաստաթղթեր թուրքական արխիվներից, Թալեաթի պահպանված մասնավոր գրառումներ, որոնք ապացուցում են, որ նա 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության կազմակերպիչն էր: Թալեաթը տեղահանում էր հայերին` հատուկ կարգադրություններ տալով թուրքական վիլայեթների նահանգապետերին: Թալեաթի զեկույցի համաձայն, Օսմանյան կայսրության հայ բնակչությունը ոչնչացվել կամ բռնագաղթվել է 1915-1917թթ. ընկած ժամանակահատվածում, նրանցից շատերը ձուլվել են: Հազարավոր հայեր բռնությամբ մահմեդականացվել են: Ինչպես գրում է Սարաֆյանը, 1917թ. Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Օսմանյան կայսրության փակ պաշտոնական տեսակետն է: Զեկույցը, անկասկած, պատրաստվել է Թալեաթ փաշայի անձնական օգտագործման համար: Այն չի հրապարակվել, քանի որ Ցեղասպանության կազմակերպիչը սպանվեց 1921 թվականին, և նրա այրին զեկույցը թուրք պատմաբաններին հանձնեց, որոնք, վերջապես, հրապարակեցին այն: Զեկույցի համաձայն, 1915-1917թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում 1 150 000 հայ է անհետացել: Այդ թիվը ներառում է նաև այն 100 հազար հայերին, որոնք 1915 թվականին փրկվեցին փախուստի դիմելով: Հայերի մի ստվար զանգված մահացավ սովից և հիվանդություններից, սակայն նրանք չեն մտնում տասնյակ հազարավոր կանանց և երեխաների թվի մեջ, որոնք մահմեդականացվեցին կամ տեղափոխվեցին ձուլման ճամբարներ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---