Բաքվում ասում են, որ իրենք Ղարաբաղի վերաբերյալ գործողությունների պլան ունեն, և այդ պլանը պատերա՞զմն է

Բաքվում ասում են, որ իրենք Ղարաբաղի վերաբերյալ գործողությունների պլան ունեն, և այդ պլանը պատերա՞զմն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ Ադրբեջանը հստակ դիրքորոշում և գործողությունների պլան ունի, հայտնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքով, Բաքվում «ցանկանում են» դրան հասնել խաղաղ բանակցային ճանապարհով, սակայն «անհրաժեշտության դեպքում» կօգտագործեն «տարածքները վերադարձնելու իրենց իրավունքները»:

Ի հեճուկս Մամեդովի բառերի` Ադրբեջանի ղեկավարության բոլոր գործողություններն ու հայտարարությունները մատնանշում են, որ հուսալքված Բաքուն շատ բան է ցանկանում, բայց ոչ` հակամարտության խաղաղ կարգավորում: Հսկայական ծավալներով գնվող սպառազինությունը, դպրոցականներից դիպուկահարների և դեսանտայինների պատրաստումը, սադրանքները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ և հետո, ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական դիրքերի մշտական գնդակոծությունները, հայ զինծառայողների սպանությունները… Ցուցակը կարելի է շարունակել, սակայն ակնհայտ է, որ Բաքուն ամբողջ ուժով արգելակում է հակամարտության լուծման գործընթացը, ինչը միանգամայն տրամաբանական է Ադրբեջանի համար. հակամարտության չլուծված լինելը հիանալի միջոց է ժողովրդի միտքը զբաղեցնելու և իշխանությունը պահպանելու համար: Պատերազմով սպառնալով` Ադրբեջանի ղեկավարությունը մեկ հարվածով միանգամից երկու նապաստակ է սպանում: Նախ, իր ժողովրդի միտքը զբաղեցնում է «օկուպանտ» հայերի հանդեպ բորբոքվող ատելությամբ, և Ալիևը միանգամայն ընդունակ է նոր արյունահեղ պատերազմ հրահրել, միայն թե պահպանի իշխանությունը: Երկրորդը, բոլորովին չի բացառվում, որ հենց պատերազմ սկսելու սպառնալիքներն են զսպում միջնորդներին հակամարտությանը վերջնական լուծում տալու հարցում և ստիպում երկարաձգել գործընթացը:

Սակայն մյուս կողմից նման իրադրությունը վառոդի տակառ է հիշեցնում, որը կարող է պայթել ցանկացած պահին. նույն այդ միջնորդ գերտերությունները, որոնք այժմ Ալիևի նախագահական ամբիցիաների պոչից բռնած են շարժվում, կարող են մի օր հոգնել այդ ամբիցիաներից և ազատվել Ադրբեջանի ներկայիս նախագահից, որպեսզի վերջապես լուծեն ղարաբաղյան հիմնախնդիրը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---