Երևանում ռազմական շքերթից հետո Ադրբեջանը որոշել է ամեն դեպքում ավելացնել ծախսերը պաշտպանության վրա

Երևանում ռազմական շքերթից հետո Ադրբեջանը որոշել է ամեն դեպքում ավելացնել ծախսերը պաշտպանության վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գալիք տարվա պետական և ամփոփիչ բյուջեի նախագծում ծրագրվում է 1.9 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: Պաշտպանության և անվտանգության, զինված ուժերի և անվտանգության ոլորտում միջոցառումների ֆինանսավորմանն ուղղված ծախսերի բաժնում նախատեսված է 1 մլրդ 381 մլն 347 հազ. մանաթ (1 մլրդ 770 մլն դոլար):

2011թ. բյուջեում այդ նպատակի համար հատկացվել էր 1 մլրդ 325 մլն 61 հազ. մանաթ (1 մլրդ 656 մլն 326 հազ. դոլար): դրա հետ մեկտեղ ռազմական ներուժի ուժեղացման նպատակով 2012թ. բյուջեում նախատեսված են պաշտպանության և անվտանգության ոլորտում նախագծերի և միջոցառումների համար 1.669.8 մլն մանաթի լրացուցիչ հատկացումներ:

Վերջին տարիներին Ադրբեջանը չի դադարում խրոխտալ, որ իր ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն: Ադրբեջանը հսկայական քանակությամբ զենք է գնում և արտադրում` ինչ-որ հրաշքով շրջանցելով ԵՍԶՈՒՊ բոլոր լիմիտները: Ադրբեջանի ղեկավարությունը, չխորշելով միջազգային հանրությունից, իր ժողովրդին պատերազմի է հրահրում, իր երեխաներին պատրաստում թնդանոթի մսի դերին` դպրոցականների համար կազմակերպելով դիպուկահարների և դեսանտայինների դասընթացներ: Ադրբեջանական ղեկավարությունը մշակված մեթոդներով յուղ է լցնում իր երկրում հակահայկական հիստերիայի կրակին, երբ Բաքվի համար ամենահարմար պահին «հայ զինծառայողների ձեռքով» ադրբեջանցի երեխաներ են սպանվում:

Դրա հետ մեկտեղ նույն այդ ադրբեջանական ղեկավարությունը մանիակալ համառությամբ ավելացնում է իր պաշտպանական բյուջեն, ըստ երևույթին, որպեսզի ավելի շատ զենք գնի և արտադրի, ավելի շատ սադրանքներ կազմակերպի, ավելի ամուր փակի իր ժողովրդի աչքերն իր բոլոր մեղքերի վրա: Եվ, ամեն դեպքում, որպեսզի ապահովի իր անվտանգությունը, եթե բազմամիլիոնանոց բյուջեն և հսկայական քանակությամբ զենքը, որն առանց վարժեցրած բանակի պարզապես երկաթ է, չօգնեն պրոֆեսիոնալ հայկական բանակի դեմ պայքարում:

Պատճա՞ռը

Սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված փառահեղ զորահանդես: Հրապարակում հավաքվածները առանձնակի խանդավառությամբ ընդունեցին երկնքում եռագույնը պատկերած Սու-25 կործանիչները և ռազմական տրանսպորտային Մի-24 և Մի-2 ուղղաթիռները: Հատկապես տպավորիչ էր ռազմական տեխնիկան՝ շքերիթին մասնակցեցին Էլբրուս 9Կ72 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ( ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման SS-1c Scud B), «Տոչկա Ու» 9Կ79 համալիրներ, Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, C-125 «Պեչորա», «Կրուգ», «Օսա» համալիրներ, «Տիգր» ԳԱԶ-2975 մարտական մեքենաներ, Տ-72 տանկեր, ինչպես նաև զրահամեքենաներ, հրետանային համակարգեր, հակատանկային «Կոնկուրս» և «Շտուրմ-C» հակատանկային հրթիռային համալիրներ: Ինչպես և խոստացել էին կամակերպիչները, առաջին անգամ ցուցադրվեցին հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը, որոնք իրենց տակտիկատեխնիկական պարամետրերով չեն զիջում արտասահմանյան նմանատիպ սարքերին:

Զորահանդեսին մասնակցեցին նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի սաները, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, ազատամարտիկները, հատուկ նշանակության զորքերի բրիգադը, ոստիկանության, սահմանապահ զորքերը, խաղաղապահների բրիգադը, ռազմական ոստիկանությունը, ԼՂՀ ՊԲ զինծառայողները: Հրապարակով անցավ նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի շարասյունը, ինչպես նաև հոգևոր դասի ներկայացուցիչները: Զորահանդեսի հրամանատարն էր Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, իսկ շքերթն ընդունում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զորահանդեսը Երևանում անջնջելի տպավորություն է գործել ադրբեջանական կողմի վրա, որը հայ փորձագետներն անվանել են պարզապես շոկ: Եվ չի բացառվում, որ հենց շոկն է Բաքվին դրդել ավելացնել պաշտպանական բյուջեն: Այսպիսի հայկական բանակից ինչ ասես կարելի է սպասել, եթե Ադրբեջանը հանկարծ որոշի պատերազմ սկսել:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
58  21.09.11 - ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---