Հայոց ցեղասպանությունը

Հայկական հարցը հայ ժողովրդի քաղաքական պատմության՝ օտար տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգնման, 19-րդ դարավերջին – 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կառավարող շրջանների կողմից հայերի նկատմամբ իրագործված զանգվածային կոտորածների և տեղահանության միջոցով նպատակային բնաջնջման և արմատախիլ անելու քաղաքականության, դրա հետևանքով եվրոպական տերությունների կողմից օսմանյան կառավարությանը պարտադրվող հայկական բարեփոխումների իրականացման, հայ ինքնապաշտպանական ու ազգային ազատագրական պայքարի, ցեղասպանության միջազգային ճանաչման հետ առնչվող հիմնահարցերի ամբողջությունն է:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումը կոչում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, հետագայում՝ ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

Առաջին աշխարհամարտը հնարավորություն ընձեռեց երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911-ին Սալոնիկում գաղտնի ժողովի կայացրած որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը երիտթուրքական ծրագրի ճանապարհին արգելք էին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915-ի մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

1915-ի փետրվարին ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման տվեց ոչնչացնել բանակում ծառայող հայ զինվորներին: Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և Անատոլիայի խորքերն աքսորվեց մոտ 800 հայորդի` գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ, մտավորականներ, այդ թվում` խորհրդարանի հայ պատգամավորներ: Նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուսը` տեղ հասնելուն պես:

Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել ջլատված Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ Օսմանյան կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
Բացի այդ, 1908-ի հեղափոխության հետևանքով վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր խոստանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, բայց նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն է՛լ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ:

Իսկ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունն աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունն այդ վերելքը կասեցնելու, ինչպես նաև տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը տիրանալու միջոց էր:

Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռ 1911-1912 թվականներին, երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը:

Քանի՞ մարդու կյանք խլեց Հայոց ցեղասպանությունը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Մոտ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով դավանափոխ եղավ, կամ գաղթական դարձավ։

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունն իրենց իսկ թուրք զինակիցների կողմից:

1915-ի ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայերի բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերն ապրիլի 24-ին սկսեցին հհիշատակել Հայոց ցեղասպանության զոհերին:

Ցեղասպանության երրորդ փուլում կանանց, երեխաների ու ծերերի ջարդն էր, դեպի սիրիական անապատ տեղահանությունը: Դրա ընթացքում թուրք զինվորները, ոստիկաններն ու քրդական ավազակախմբերը հարյուրհազարավոր մարդկանց սպանեցին, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ բռնության զոհ դարձան: Տասնյակհազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:
Հայոց ցեղասպանության վերջին փուլը թուրքական կառավարության զանգվածային տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխմամբ, քարոզչական միջոցներով ու լոբբինգային գործողություններով:

Հայոց ցեղասպանության 8 փուլը

Դասակարգում
Բնակչության տարբերակում. մարդկանց դասակարգումը՝ ըստ էթնիկ պատկանելության, ռասայի, կրոնի կամ ազգության՝ օսմանյան թուրքեր (մահմեդականներ) և հայեր (ոչ մահմեդականներ, քրիստոնյաներ)
Խորհրդանիշների ամրագրում
Դասակարգման հետ ասոցացվող անուններ և խորհրդանիշեր. հայերի քրիստոնեական հատկանիշները հավասարեցվում են երկրորդ կարգի քաղաքացի լինելուն (գյավուր, անհավատ)
Մարդկայինի ժխտում
Ոճրագործների կողմից զոհերի` մարդ լինելու ժխտումը. նրանք դասակարգվում են որպես մարդուն ստորադաս: Հայերի հանդեպ վատ վերաբերմունքը թուրքերի աչքում դառնում է մարդասիրական, հայերի նկապտմամբ կիրառվում են քաղաքացիական-սահմանափակող օրենքներ
Կազմակերպում
Ջարդերի համար պատասխանատու պետական կազմակերպության հիմնում. հաճախ օգտագործվում են հատուկ զինված միավորումներ կամ բանակային ստորաբաժանումներ: Երիտթուրքերի կուսակցության Կենտրոնական համայնքը, զանգվածային զինված միավորումները դիրքավորված են
Բևեռացում
Ծայրահեղական գաղափարներն ընդլայնում են ընդդիմադիր խմբերի բաժանումը. քարոզչական և սոցիալական օրենքները սահմանափակում են զոհերին: Քարոզչական հարթակների կիրառում: «Հայերը թուրքական թշնամու կողմն են բռնել(Ռուսաստան, ռուս-թուրքական և առաջին աշխարհամարտի տարիներ)»; խառնամուսնություններն արգելվում են, և երկրորդ կարգի քաղաքացիների թիվն ավելի ու ավելի է մեծանում
Նախապատրաստում
Զոհերը հայտնաբերված և առանձնացված են. գույքը առգրավված է, տեղահանումը՝ սկսված, զինվորներ զինաթափված են, հարկադիր աշխատանք է կիրառվում, հայ ղեկավարները մահապատժի են ենթարկվում, և մահվան երթերն են սկսվում. ջարդն ակնհայտ է դառնում
Բնաջնջում
Ոճրագործներին զիջող և մարդուն ստորադաս զոհերի զանգվածային սպանությունը. Տեղահանությունը, գնդակահարությունը, աքսորը դեպի Սիրիայի անապատներ, գազի և շնչահեղձություն կիրառումը և հրկիզումները սկսում են վերացնել հայերին
Ժխտում
Ցեղասպանական մեղադրանքների մերժումը և միջազգային հետաքննությունների արգելափակումը. Ժամանակակից Թուրքիայի կառավարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության մերժումը և քրեականացնում է նման իրադարձության ցանկացած մեղադրանք կամ հիշատակումը