Ալան Կասաեւը.

Ռուսաստանը Հայաստանի օգնությամբ վերահսկում է ողջ տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանը գնալով ավելի է գրավում գերտերությունների ուշադրությունը: Ներկայումս Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում հիմնված է այն գերակայությունների վրա, որոնք Մոսկվան իր համար հիմնարար է համարում, ինչը ներառում է տնտեսական եւ քաղաքական համագործակցություն Կովկասի բոլոր երկրների հետ: Այնուամենայնիվ, «ռազմավարական գործընկեր եւ դաշնակից» հասկացությունները շարունակում են որոշիչ լինել: ՌԴ-ի ներկա դերը տարածաշրջանում PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւը:
Ռուս քաղաքագետների շրջանում կարծիք կա, որ Կովկասում Ռուսաստանի իրական առանցքային դաշնակիցները Վրաստանն ու Ուկրաինան են, այլ ոչ թե Հայաստանը, քանի որ այն ելք չունի դեպի ծով: Ի՞նչ եք կարծում, իրականում ի՞նչ է Հայաստանը ՌԴ-ի համար:

Ես համոզված եմ, որ Հայաստանն իրոք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում, քանի որ միանգամայն ակնհայտ է, որ ՌԴ-ն Հայաստանի օգնությամբ վերահսկում է ողջ տարածաշրջանը: Դա ռազմավարական գործընկերություն է: Սակայն Հայաստանի իրական կշիռը տարածաշրջանում այնքան էլ մեծ չէ, քանի որ այն պակաս գրավիչ է ներդրողների համար:

Հայաստանի հարեւանների հետ հարաբերությունները ՌԴ իշխանությունները կառուցում են փոխշահավետության եւ համագործակցության սկզբունքով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ՌԴ-ն ու Ադրբեջանը հումքային երկրներ են, եւ ինչ-որ չափով մրցակիցներ: Այդ առումով հարաբերությունները Բաքվի հետ չափազանց կարեւոր են ՌԴ-ի համար եւ դա է այն պատճառներից մեկը, թե ինչու Մոսկվան ճնշում չի գործադրում Բաքվի վրա Ղարաբաղի հարցում: Մոսկվայի առջեւ խնդիր է կանգնած աջակցել Հայաստանին հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցում: ՌԴ-ն փորձում է աջակցել Հայաստանին հարաբերությունների հաստատման գործընթացում, ճնշում չգործադրելով ոչ Երեւանի իր հավատարիմ դաշնակցի, ոչ էլ Բաքվի եւ Անկարայի իր հուսալի գործընկերների վրա:

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սպառնալիք չեն Հայաստանի համար: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը չի վնասի երրորդ երկրներին, եւ առաջին հերթին Հայաստանին: Կարելի է ասել, որ ներկայումս Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն ավելի լավն են, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Անցյալում է մնացել Ադրբեջանի եւ Թուրքիայի փոխադարձ էյֆորիան, Ստամբուլում արդեն չեն ընկալում Ադրբեջանին որպես «կրտսեր եղբոր»: Ինչ վերաբերում է տրանսպորտային նախագծերին, որոնք շրջանցում են Հայաստանը, ապա այստեղ գործում են քաղաքական նկատառումները, քանի որ այդ նախագծերի տնտեսական բաղկացուցիչը լիովին բացակայում է:

Հնարավոր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում եւ ինչպե՞ս եք գնահատում այժմյան Ադրբեջանը:

Առաջիկա տարիներին, առնվազն մոտակա 5 տարում, Ղարաբաղում պատերազմ չի լինի: Ադրբեջանն այժմ ներդրումային գրավչության իմիջ է ստեղծում իր համար` փորձելով լուծել իր խնդիրներն Իրանի հետ, որոշել Կասպից ծովի կարգավիճակը: Դա շատ բարդ խնդիր է, քանի որ Կասպից ծովի ավազանը դա հինգ պետություններ են, եւ յուրաքանչյուրն իր հավակնություններն ունի: Նախընտրական իրավիճակն Ադրբեջանում բարդանում է երկրի ներքին անկայունությամբ: Հենց դա է հակահայկական եւ բացահայտ ռազմատենչ հռետորության հիմնական պատճառը, որ իշխանությունները օգտագործում են ազգի միավորման համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանը թույլ զարգացած եւ ոչ այնքան կրթված երկիր է, որ ապրում է նավթային եկամուտների հաշվին, որոնք վաղ թե ուշ կսպառվեն: Երկրում չի զարգանում գյուղատնտեսությունը, չկա արդյունաբերություն, բացառությամբ Բաքվի նավթավերամշակման գործարանների: Սակայն չէ որ ողջ բնակչությունը չի կարող բնակություն հաստատել մայրաքաղաքում: Այնպես որ թշնամու ակտիվորեն ստեղծվող կերպարը հանրության համախմբման տարրերից մեկն է:

Ինչպիսի՞ն են Հայաստանի զարգացման հեռանկարները

Հայաստանի զարգացման հեռանկարներն այսօր կախված չեն ինչպես Ռուսաստանից, քանի որ նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ Մոսկվան կարող է հակահայկական քաղաքականություն վարել, այնպես էլ երկրի եւ ժողովրդի ներքին ռեզերվներից: Հայաստանի համար գլխավոր խնդիրը գրագետ ներդրումային քաղաքականություն իրականացնելն է: Շատ բան արդեն իսկ արված է, սակայն մինչ օրս չեն գործում պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները: Բայց դրանք չեն աշխատում մի քանի պատճառներով, որոնց ես այժմ չեմ անդրադառնա: Հումքային ռեսուրսներից զուրկ Հայաստանը պետք է ներդրումներ անի կրթության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Ներդրումներն այդ ոլորտում տեւական արդյունք կապահովեն եւ ընդհանուր առմամբ կնպաստեն երկրի զարգացմանը:
---