Աննա Ֆոտիգա.

Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում

PanARMENIAN.Net - Արդեն 15 տարի է ինչ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել: Այդ ընթացքում Լեհաստանը դարձավ Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվորեն համագործակցում է Հարավային Կովկասի երկրների հետ: Հայաստանն ընդգրկվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում: Հայ-լեհական հարաբերությունների հեռանկարների մասին այսօրվա իրողությունների եւ եվրակառույցներում համատեղ գործակցության պայմաններում PanARMENIAN.Net-ին է պատմում Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան:
Ինչպե՞ս եք գնահատում հայ-լեհական հարաբերությունները:

Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 15 տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք փոխել են մեր երկրների քաղաքական կյանքը: 1989 թվականից հետո Լեհաստանը կենտրոնացրեց ուշադրությունը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վրա: Դա բարդ շրջան էր, սակայն մենք այն բարեհաջող անցանք: Լեհաստանի դիրքորոշումն Եվրամիությունում հետեւյալն է` առաջինը, դա սեփական էներգետիկ քաղաքականությունն է եւ էներգետիկ անվտանգությունը: Երկրորդը, դա առավել սերտ համագործակցությունն է եվրակառույցների հետ Լեհաստանի քաղաքական համակարգի բարեփոխման ուղղությամբ:

Հայաստանն իր պետությունն է ստեղծում եւ այստեղ եւս այժմ բարդ շրջան է: Մեր երկրները կարողացան ռացիոնալ հիմք եւ իրավապայմանագրային հիմք կառուցել հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման համար: Երկու երկրները միասնական են այն հարցում, որ հարկավոր է խորացնել հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Ներկայումս նկատելի է ոչ մեծ, բայց մշտական աճ առեւտրի ոլորտում: Ես կնշեի նաեւ, որ մեզ միավորում է նաեւ նոր սփյուռքը ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում: Ես ի նկատի ունեմ ոչ միայն հայկական սփյուռքը, որի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում շատ մեծ է, այլ նաեւ լեհական սփյուռքը: ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում մեր սփյուռքերը բավականին հաջողությամբ են համագործակցում: Լեհական պետությունը բարեհամբույր է եւ հյուրընկալ, մեր օրենսդրությունն առավել մեղմ է, քան ԵՄ մյուս երկրներում: Սակայն դեռեւս պետության հնարավորությունները սահմանափակ են եւ մենք չենք կարող լիարժեք պայմաններ ստեղծել նորմալ կյանք ապահովելու համար: Լեհաստանում դեռեւս բարձր է գործազրկության մակարդակը: Մենք նաեւ կարեւորում ենք մշակութային կապերի զարգացումը Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ, չէ որ հենց մշակութային կապերի միջոցով է առավել դյուրին փոխըմբռնման հասնել ժողովրդների միջեւ:

Ինչպիսի՞ն է Լեհաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Լեհաստանը հստակորեն կողմ է խնդրի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ես պետք է նկատեմ, որ մենք լավ շփումներ ունենք ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ եւ պատրաստ ենք մասնակցել կարգավորման շուրջ բանակցություններին: Լեհաստանի համար կարեւոր է կառուցողական գործոն հանդիսանալ սառեցված հակամարտությունների կարգավորման գործում: Սակայն մենք կարող ենք մասնակցել հակամարտության կարգավորմանը միայն հակամարտող կողմերի խնդրանքով: Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կծառայի կայունության եւ անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում, ինչը ելնում է մեր պետության շահերից:

Լեհաստանը ԵՄ անդամ է: Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը Հայաստանի հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակներում:

Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում: Մենք արդեն անցել ենք դեպի Եվրամիություն ճանապարհը , մենք փորձ ունենք, որով պատրաստ ենք կիսվել Հայաստանի հետ: Երեւանում հուշագիր է ստորագրվել համագործակցության մասին եւ արդեն կարելի է խոսել կոնկրետ քայլերի մասին: Շփումները պետք է լինեն ոչ միայն բարձր մակարդակով, այլ նաեւ փորձագետների մակարդակով, պետք է հասարակական, մշակութային եւ տնտեսական շփումներ լինեն երկու երկրների միջեւ: Գործողությունների ծրագիրը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում կարեւոր հիմք է բազմակողմ հարաբերությունների համար: Դուք եւս պետք է անցնեք շատ բարդ գործընթացի միջով, որով անցել է Լեհաստանը: Մեզնից դա 12 տարի խլեց եւ մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները Արեւելքում մեր օգնությամբ այդ ուղին ավելի արագ անցնեն: Ես հասկանում եմ, որ ադապտացիան ընդհանուր շուկային շատ դժվար է անցնելու, բայց դա անհրաժեշտ է երկրի հետագա զարգացման համար:

Լեհաստանը նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է: Ի՞նչ է դա տալիս Ձեր երկրին:

ՆԱՏՕ-ի ծրագրերն ուղղված են տվյալ երկրի զինված ուժերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն: Լեհական զինված ուժերը դեռեւս արդիականացման գործընթացում են գտնվում, դրան եւս մի քանի տարի կպահանջվի: Մենք նաեւ մեծապես կարեւորում ենք խաղաղապահների համատեղ առաքելությունն Իրաքում, քանի որ դա քաղաքական քայլ ենք համարոմ: Լեհ զինծառայողներն Իրաքում գործում են իրական մարտական պայմաններոմ, ինչը նպաստում է ռազմական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:

Ներկայումս շատ է կարեւորվում էներգետիկ անվտանգությունը:

Էներգետիկան այժմ դարձել է քաղաքականության գործիք, որը շատ երկրներ են կիրառում: Դա ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում: ԵՄ «հին» պետությունների այժմյան քաղաքականությունն է որոշակիորեն անկախ լինել ռուսական գազի առաքումներից: Սակայն դա չի նշանակում, որ մենք լիովին հրաժարվում ենք ռուսական խողովակից: Տարանցիկ երկիրն իր առավելություններն ունի: Ինչ վերաբերում է էներգառեսուրսների դիվերսիֆիկացմանը, ապա Լեհաստանը սկսել է կիրառել «մաքուր ածուխի» արդյունահանման եւ արտահանման տեխնոլոգիան, որի պաշարները Լեհաստանում բավարար են: Մենք նաեւ մտադիր ենք զարգացնել միջուկային էներգետիկան: Էներգետիկ հարցերն այնքան լուրջ են, որ Լեհաստանը պատրաստ է բանակցել բոլոր գործընկերների հետ սեփական առաջնայնությունների իրականացման եւ անվտանգության ապահովման համար:

Հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ «Ադրբեջանը տարածաշրջանի տնտեսական առաջատարն է»: Դա իրո՞ք այդպես է:

Նկատի ունենալու համար տնտեսական աճի ծավալները անաչառ չափանիշ է հարկավոր: Ինչպիսին էլ լինի իրավիճակն ապագայում, այսօր փաստերն այսպիսին են` Ադրբեջանն ամենամեծ աճի տեմպերն ունի տարածաշրջանում: Նույնն էլ վերաբերում է Ռուսաստանին: Բայց ինչպիսին է այդ աճի կառուցվածքը, կայուն է այն թե ոչ, շահույթը ներդրվում է տնտեսության զարգացման մեջ թե ոչ դեռ պետք է ճշտել: Սա շատ բարդ երեւույթ է: Անցումային շրջանում գտնվող երկրների համար լավագույնն ու անվտանգը 10-տոկոսանոց աճն է: Սակայն, կրկնում եմ, այսօրվա դրությամբ Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերը շատ բարձր են:

Ինչպիսի՞ն է Լեհաստանի դիրքորոշումը Թուրքիայի հարցում:

Լեհաստանը կողմ է, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Դա լավ կլինի տարածաշրջանի համար, որի սահմանները եվրոպական կդառնան, դա դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: Սակայն Թուրքիան դեռեւս շատ երկար ճանապարհ պետք է անցնի բարեփոխումների առումով, եւ ես կարծում եմ, որ նրա անդամակցումը ԵՄ-ին շատ տեւական գործընթաց է: Թուրքիան պետք է հաստատի իր նվիրվածությունը եվրոպական արժեքներին, սակայն դեռեւս, դա չի նկատվում: Լեհաստանը Թուրքիայի հետ վաղեմի եւ լավ հարաբերություններ ունի, եղել են շրջաններ, երբ Թուրքիան մեզ համար ռազմավարական գործընկեր է եղել: Լուրջ քաղաքական քննարկումից հետո մենք այն եզրակացության եկանք, որ այդ երկրին հարկավոր է աջակցել: Իմ «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունն այլ տեսակետ ունի: Ես կցանկանայի նկատել, որ անցյալում Լեհաստանը պատրաստ էր աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, չներկայացնելով կողմերից որեւէ մեկի շահերը: Մենք սերտ պատմական կապեր ունենք երկու երկրների հետ, սակայն սա առանձնահատուկ դեպք է: Ես համոզված եմ, որ Երեւանն ու Անկարան կհաշտվեն: Մենք կարող ենք աջակցել երկու երկրների հարաբերությունների հաստատմանը, եթե Հայաստանն ու Թուրքիան իրենք դիմեն Լեհաստանին միջնորդության խնդրանքով:
---