
Ապրիլի 12-ի երեկոյան սպանվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուն` 26-ամյա Կարեն Եսայանը: Ոստիկանությունից հայտնեցին, որ ապրիլի 12-ին՝ ժամը 17.00-ին Գյումրիի բաժին է դիմել Ռ. Եսայանը և հայտնել, որ որդին` 1985 թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը՝ ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան և անհայտ կորել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 20.10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ` «Սև Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել է հիշյալ ավտոմեքենան, ղեկի մոտ՝ Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարզային ոստիկանությունում ժամը 23.30-ի դրությամբ ընթանում էր փակ խորհրդակցություն: Գյումրի էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մասնագետները: Նույն օրն ինտերնետում և Գյումրիում արդեն լուրեր էին շրջում, թե սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի 29-ամյա որդի Հարություն Սարգսյանը, որին, իբր, տեսել են դեպքի վայրից փախուստի դիմելիս: Ապրիլի 15-ին՝ 16:30-ի սահմաններում, Հարություն Սարգսյանը բերման է ենթարկվել իրեղեն ապացույցների հիման վրա: Ի դեպ, հատկանշական է, որ գործը գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում:
Սպանության դրդապատճառների վերաբերյալ մի քանի վարկածներ կային և դեռ շարունակում են շրջանառվել: Եսայանների ընտանիքի մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել նաև ոստիկանապետի որդին, որը վրեժ է լուծել այդ եղանակով: Ըստ չհաստատված լուրերի՝ Եսայանի և Ղուկասյանի դստեր նշանադրության արարողությունը պետք է տեղի ունենար նույն օրը՝ ապրիլի 12-ին: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին հայտնեց, որ դա նախնական վարկածով խանդի հողի վրա կատարված սպանություն է և քաղաքական դրդապատճառներ չունի:
Մինչդեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բոլորովին այլ կարծիքի է և վստահ է, որ սպանությունը կատարվել է քաղաքական հողի վրա: «Խանդի խնդիր չկա, դա սուտ է, որովհետև խանդի խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ իրար ճանաչում են կամ գոնե մի անգամ բարև են տվել։ Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է։ Բոլոր ձերբակալվածները Գյումրիի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի կարկառուն անդամներն են»,- ասել էր նա՝ նշելով, որ պատճառը քաղաքական է, որպեսզի իրենց առաջիկա ընտրապայքարից հանեն:
Վարդան Ղուկասյանը ղեկավարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային նախընտրական շտաբը:
Այդ միջոցին ապրիլի 13-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայի թիվ 7 շենքի (ոստիկանության Գյումրիի բաժնի շենք) դիմաց վրաերթի է ենթարկում Կարեն Եսայանի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմում փախուստի: Բեյբությանին տեղափոխում են հիվանդանոց, սակայն ծանր մարմնական վնասվածքների պատճառով հիվանդանոցի ճանապարհին նա մահանում է:
Կարճ ժամանակում Գյումրիի ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած ավտոմեքենան: Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է: Նա 23 տարեկան է, գործազուրկ, նախկինում դատված չի եղել, ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Կամա, թե ակամա հարց է ծագում՝ արդյո՞ք այս երկու սպանությունները կապված չեն միմյանց հետ: Առաջին սպանության դեպքում կան երկու քիչ, թե շատ հիմնավորված մոտիվներ, իսկ երկրորդի պարագայում միակ հնարավոր վարկածը կապն է նախորդող սպանության հետ: Մինչդեռ ոստիկանությունը կտրականապես հերքում է սպանությունների միջև կապի հնարավորությունը՝ միջադեպը համարելով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների՝ անզգուշությամբ մահ առաջացրած խախտում:
Ապրիլի 15-ին PanARMENIAN.Net-ի թղթակիցը, որին վիճակվել էր Գյումրիում ներկա գտնվել ապրիլի 12-ի երեկոյան և ապրիլի 13-ի լույս գիշերվա սպանությունների զոհերի թաղման արարողություններին, այս առնչությամբ զրուցել է գյումրեցիների հետ և պարզել, որ քիչ չեն այն մարդիկ, ովքեր կապում են այս երկու սպանությունները: Ինչպես ասում են, ծուխը առանց կրակ չի լինում, խոսակցություններն էլ, հավանաբար, անհիմն չեն: Անգամ Երևանի մասին խոսելիս ենք հաճախ նկատում, որ քաղաքն այնքան փոքր է, որ «բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն», ուր մնաց, թե փոքրիկ Գյումրիում չիմանան:
Նույն օրը Գյումրիի գերեզմանատանը թաղում էին ևս երկու հոգու. չորս մեռյալ մեկ օրում: Փոքր թիվ չէ մի քաղաքի համար, որի բնակչությունը չի հասնում 150 հազարի, ընդ որում՝ սա 2001թ. անցկացված պաշտոնական մարդահամարի տվյալներով: «Գյումրին դարձել է մեռելների ու մեռելներ թաղողների քաղաք»,- ասել է գյումրեցիներից մեկը՝ ափսոսանքով նշելով, որ երիտասարդությունն առիթը բաց չի թողնում քաղաքից հեռանալու համար, քանի որ քաղաքում աշխատանք չկա, «կյանքը կանգ է առել»: «Երեկոյան 22:00-ից հետո բոլոր խանութներն ու սրճարանները փակ են, փողոցներում մարդ չի լինում: Գիշերը քաղաքը մեռած է»,- նշել է Հայաստանի «հյուսիսային մայրաքաղաքի» մեկ այլ բնակիչ և պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչով է դա պայմանավորված, ընդգծել, որ երեկոյան ժամերին քաղաք դուրս գալը, առհասարակ, շատ վտանգավոր է, «չգիտես՝ հետո տուն կվերադառնաս, թե չէ»: