Սակայն ոչ բոլոր մրցումներն են անցկացվելու Լոնդոնում: Բիրմինհեմ, Քարդիֆֆ, Մանչեսթեր, Նյուքասլ, Գլազգո, Ուելթեմ Կրոսս քաղաքները և Պորտլանդ կղզին նույնպես կհյուրընկալեն օլիմպիականներին:
Լոնդոնի Օլիմպիական կառույցները. Օլիմպիական ստադիոն.
Լոնդոնի Օլիմպիական ստադիոնի վրա ծախսվել է 547 մլն ֆունտ ստեռլինգ, այս գումարն այդքան էլ մեծ չէ` 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ ծախսված գումարի համեմատ: Նախապես որոշվել էր, որ օլիմպիական օբյեկտները կառուցվելու են այնպիսի տարածքում, որտեղ անշարժ գույքի գներն անհամեմատ ցածր են: Եվ այդպիսի տեղ ընտրվեց Լոնդոնի Ստրատֆորդ թաղամասը, որն այդքան էլ խիտ չէ բնակեցված: Հենց Ստրատֆորդի Օլիմպիական ստադիոնում էլ տեղի կունենան խաղերի բացման և փակման արարողությունները: Ստադիոնը տեղավորում է 80 հազար հանդիսական, սակայն խաղերի ավարտից հետո այն ապամոնտաժվելու է և փոքրացվելու:
Ստադիոնի կառուցումը սկսվել է 2008 թվականի մայիսի 28-ին: Շինարարները մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրին և փորձել են այնպես անել, որ հնարավորինս քիչ վնաս հասցնեն բնությանը:
Լոնդոնի բասկետբոլային արենա.
Օլիմպիադայի բասկետբոլային արենայի կառուցմանը, որը տեղավորում է 12 հազար հանդիսական, մասնակցել են մի քանի շինարարական ընկերություններ: Շինարարներից պահանջվում էր կառուցման վրա ծախսել հնարավորինս քիչ գումար: Եվ արդյունքում ընդամենը 15 ամիսների ընթացքում կառուցվեց ժամանակավոր արենա, որը լոնդոնյան խաղերի կազմակերպիչներին հնարավորություն տվեց խնայել հսկայական գումար: Օլիմպիական և Պարօլիմպիական խաղերի ավարտից հետո մարզահամալիրը ապամոնտաժվելու է` անհրաժեշտության դեպքում ցանկացած վայրում կրկին կառուցվելու համար:
Օլիմպիական լողավազան.
Լողի մրցումներին կարող են հետևել մինչև 17500 երկրպագուներ: Լողավազանի շինարարությունը ավարտվել է խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ: Լողավազանն իր և արտաքին և ներքին տեսքով հիացրել է բոլորին, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն այն անվանել է ճարտարապետական գլուխգործոց:
Մեդիա-կենտրոն.
Մեդիա-կենտրոնի կառուցումը 2008 թվականին վստահվել էր «Շլայզ և Մորրիսոն» ընկերությանը, և 2009 թվականին այն արդեն պատրաստ էր: Բրիտանիայի ճարտարապետության և շինարարության CABE կոմիտեն այն «չափազանց թույլ» համարեց և դրա վերակառուցումը հանձնարարեց RPS Group ընկերությանը: Դրանից հետո էլ CABE-ն գոհ չէր աշխատանքից, և այն կրկին վստահվեց հեղինակներին: Սակայն վերջնական արդյունքը չգոհացրեց շատերին, քանի որ իր արտաքին տեսքով այն հիշեցնում է հսկայական առևտրի կենտրոն:
Ճոպանուղի.
Օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնում գործող ճոպանուղին պարզապես փրկություն կլինի հազարավոր հյուրերի և մարզիկների համար: Այն հնարավորություն կտա խուսափել խցանումներից և չուշանալ մրցումներին: Այն միավորում է Թեմզա գետի երկու ափերը, մի ափում կայարանը գտնվում է Բրիտանական թանգարանի կողքին, մյուսում` Գրինվիչի թերակղզու: Ճոպանուղին հնարավորություն է տալիս գետի մի ափից մյուսը հասնել ընդամենը 5 րոպեում` միաժամանակ սպասարկելով 2500 մարդ: Այն գտնվում է 50 մետր բարձրության վրա, որտեղից երևում են քաղաքի տեսարժան վայրերը: