
Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբում ակտիվ ներգրավվելու, միջամտելու, ազդեցություն ունենալու համար, ընդ որում ավելի շատ աշխատում է ոչ թե համանախագահ երկրների, այլ Գերմանիայի հետ: Թուրքագետ Արտակ Շաքարյանն է նշել ու ավելացրել, որ Գերմանիայի ակտիվությունը կարող է խնդրահարույց լինել՝ հաշվի առնելով այդ երկրի կշիռը Եվրամիությունում ու, եթե մի կողմ թողնենք նույն կառույցին Թուրքիայի անդամակցությանը դեմ դիրքորոշումը:
Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթացի իմիտացիայով Թուրքիան ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն է խոչընդոտում, այլև այդ նպատակով`Մինսկի խմբի աշխատանքին միջամտելու փորձերի թիրախ Ֆրանսիան է դարձնում: Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաները, և ոչ միայն, պարբերաբար հայտարարում են, թե Մինսկի խումբը կորցրել է իր օբյեկտիվությունը: Նշում են մոտավորապես այս տեքստը. «Խոսք անգամ չի կարող լինել, որ խորհրդարանում Թուրքիայի դեմ զրպարտիչ օրենքներ ընդունող երկիրը չեզոքություն կպահպանի Հայաստանի նկատմամբ: Պետք է վերանայվի Մինսկի խմբում Ֆրանսիայի անդամակցությունը»: Համանախագահներից հենց ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն է նման առաջին հայտարարություններին պատասխանել, հիշեցնելով, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց համարում են «1 ազգ, 2 պետություն», ինչով էլ փաստվում է հենց Թուրքիայի շահագրգիռ կողմ լինելն ու բացառում միջնորդ դառնալու հնարավորությունը: Իսկ Թուրքիան շարունակում է ու կշարունակի ոչինչ չբացառել: Այդ ընթացքում Գերմանիայում պակաս ակտիվություն չեն դրսևորում ադրբեջանցիները: «Մանավանդ, որ Գերմանիան չի էլ թաքցրել Կովկասում ասելիք և անելիք ունենալու հավակնությունը»,- նշում է Ժիրայր Քոչարյանը` Բեռլինի Ազատ համալսարանի հայտնի ու 2012-ի նոյեմբերից նախկին հայկական ամբիոնի դոկտորն`ավելացնելով. «Իսկ Ադրբեջանը շատ լավ գործընկեր է, որն էլ իր հերթին է ամեն ինչ անում` Գերմանիայում ազդեցություն ունենալու համար: Տարբեր միջխորհրդարանական հանձնախմբեր է կազմել, գիտական շրջանակների հետ է աշխատում: Բեռլինի Հումբոլտ համալսարանում ադրբեջանական լեզվի և պատմության ամիբիոն է գործում: Նման ամբիոններ ստեղծելու փորձում է արվում նաև այլ համալսարաններում»:
Գերմանաբնակ դոկտորի խոսքով` Բեռլինից ոչ այնքան հեռու Պոտսդամի համալսարանում մի գերմանացի նույնիսկ 6 ամիս տևողությամբ դասախոսություն է կարդում, որի նյութը հայերի ցեղասպանությունն է ադրբեջանցի ժողովրդի դեմ: Ժիրայր Քոչարյանն առիթ է ունեցել նաև Գերմանիայում իշխող կուսակցությանը բողոքի նամակ ուղարկել` ԼՂ հարցի լուծմանն ուղղված նրանց առաջարկած տարբերակի դեմ: Նշում է, որ օրինակ, մինչև հիմա հայերի նախաձեռնությամբ Գերմանիայում Արցախի հիմնախնդրի մասին պատմող գերմաներեն լեզվով որևէ գիրք չկա: Ադրբեջանցիներն արդեն մի քանիսն ունեն:
«Մենք մտածում ենք` պատերազմը հաղթել ենք ու վերջ, բայց իրական` քարզչական պատերազմը սկսվել է հրադադարից հետո», - բոլորին հայտնի ու միևնույն է քայլերի չմոտիվացնող միտքը նշում է Ժիրայր Քոչարյանը:
Թուրքիային մոտիվացնում է օր օրի մոտեցող 2015 թվականը, բայց Մինսկի խմբում համանախագահության սահմանակարգը ձևավորվում է փոխհամաձայնության հիման վրա, և հակամարտության երկու կողմերն էլ պետք է իրենց համաձայնությունը տան` այս կամ այն երկիրը կառույցում ընդգրկելու համար: Հակառակ դեպքում ոչ մի փոփոխություն էլ չի լինի, ինչպես Գերմանիան Մինսկի խմբի ղեկավարությունում ընդգրկելու նախկին փորձերն են անարդյունք ավարտվել: Հայաստանի անհամաձայնությամբ:
Որ Գերմանիայում թուրքական, հետևաբար, ադրբեջանական համայնքի ազդեցությունը նկատելի է նույնիսկ առանց ջանքերի, փաստ է ու այդպես է, որովհետև դրա համար աշխատել են: Հաշվի առնելով, որ սխալվելու բացարձակապես ոչ մի հնարավորություն չունենք, պետք չէ այստեղ զիջել` միայն ճակատամարտ համարելով: Պատերազմում հաղթում են ճակատամարտերի հանրագումարով: