11 ապրիլի 2013 - 17:30 AMT
ՀՈԴՎԱԾ
Սառցակոմբինատ. Պատուհանները տեղադրված են, բայց շենքը նախկին տեսքին բերելու խոստումներ են եղել
Մեր հրապարակումից մի քանի օր անց տեղադրվեցին պատուհաններ՝ սև ապակուց
Հավանաբար հիշում եք, որ Սառցակոմբինատի տարածքում կատարվող շինարարական աշխատատնքների վերաբերյալ Մշակույթի նախարարությունը դիմել էր քաղաքապետարան: Մարտի 22 –ին նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել էր հետևյալը. «Հաշվի առնելով օրենսդրական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները՝ նախարարությունը որոշել է առաջիկայում հարցը կրկին քննարկել: Կատարվող աշխատանքները դադարեցվել են, և նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` առաջարկելով ձեռնարկել համապատասխան միջոցներ»:

Մինչ քաղաքապետարանի ձեռնարկած միջոցներին անդրադառնալը, նշենք, որ մեր հրապարակումից մի քանի օր անց տեղադրվեցին պատուհաններ՝ սև ապակուց: Շինարարական աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել, քանի որ պատուհանները ամրացված չեն:

Քաղաքապետարան

Թե ինչ է պատասխանել քաղաքապետարանը Մշակույթի նախարարությանը, հայտնի չէ, բայց մեզ հայտնել են, որ նշված նախագիծը համաձայնեցվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ: Քաղաքապետարանի պատասխանում, մասնավորապես ասված է.

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Արշակունյաց պողոտա հ.9/4 հասցեում արտադրական տարածքի /նախկինում՝ Սառցակոմբինատի հ.1 մասնաշենք/ վերակառուցման շինարարական աշխատանքներն իրականացնելու համար առկա է Երևանի քաղաքապետարանի հետ 18.04.2008թ. համաձայնեցված հ.50-05/1-Վ-340-383 նախագիծը ու կառուցապատող «ՖՖԱ Ինվեստմենտ» ՍՊԸ-ին 06.06.2012թ. տրված հ.01/18-13712-416 շինարարության թույլտվությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված նախագիծը 12.02.2008թ. համաձայնեցվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կողմից և այն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն ու ըստ հիշյալ նախագծի նախատեսվում է Արշակունյաց պողոտա հ.9/4 հասցեի շենքի՝ Արշակունյաց պողոտայի ճակատային մասի խուլ պատերին իրականացնել թվով հինգ ցուցափեղկերի ու մուտքերի բացվածքներ»։

Կառուցապատող ընկերություն

Փորձեցինք կառուցապատող ընկերությունից պարզել գոնե, թե ինչի համար են պատուհանները և շենքը հետագայում ինչ նպատակով է օգտագործվելու: «ՖՖԱ Ինվեստմենտ» ՍՊԸ տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չգիտի՝ ինչ նպատակով է օգտագործվելու շենքը՝ նորաբաց պատուհաններով, հետո էլ տեղեկացրեց, որ շինարարությունն այժմ դադարեցվել է, քանի որ ինչ-որ խնդիրներ են ծագել: Հարցին, թե այդ դեպքում ինչպես եղավ, որ պատուհաններն, այնուամենայնիվ, տեղադրվեցին, նա պատասխանեց, որ դրանք տեղադրվել են, որ անձրև-ձյուն չլցվի ներս, մինչև պարզվի՝ ինչ է արվելու:

Ճարտարապետների միություն

«Մեկի հարցը չլուծած, մյուսն է առաջ գալիս»,- պատասխանելով Սառցակոմբինատի մասին հարցին՝ մեզ հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Մինասյանը չգիտի՝ ինչպես է եղել, որ պետության կողմից պահպանվող հուշարձանին վերաբերող նման թույլտվություն են տվել:

Թեև որոշ ճարտարապետներ մեզ ասացին, որ շենքը նախկին տեսքին բերելն այլևս հնարավոր չէ, և արդեն ուշ է ինչ-որ բան անելու համար, սակայն ճարտարապետների միության նախագահն ասաց, որ, իր տեղեկություններով, սեփականատերը խոստացել է դադարեցնել աշխատանքները և շենքը բերել նախկին տեսքին:

Մշակույթի նախարարություն

Տեղեկությունը ճշտելու համար ևս մեկ անգամ դիմեցինք Մշակույթի նախարարություն: Մեզ խոստացան այս ամենի վերաբերյալ առաջիկայում ամբողջական տեղեկատվություն տրամադրել:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News