
«Մի օրում փոխվեց: Առաջվա ուրախ, ասող-խոսող Գոռից բան չի մնացել: Առաջ ուր ընկներ, թեկուզ անծանոթ շրջապատ, միանգամից բոլորի ուշադրության կենտրոնում էր լինում: Հիմա լուրջ է, միշտ ինչ-որ բանի մասին է մտածում, հազիվ է ժպտում», - պատմում է Սոնան ու բացատրում, որ Գոռը շատ պատասխանատու է` այնպես չի, որ իրենց ընտանիքը կարիքի մեջ է, բայց մի անգամ ասաց, որ չի կարող իր ու քրոջ հոգսը մոր վրա թողնել` կգնա, կաշխատի: Ու գնաց:
Ավտոմեխանիկի աշխատանք է գտել` հենց իրենց գյուղի ճանապարհին: Մի քանի օր սովորել է, հիմա արդեն վարձատրվում է: Սոնային պատմել է, որ ծանր գործ չի, բայց ուշադրություն ու գիտելիքներ են պետք` եթե մի պտուտակ թույլ ամրացնի`վթար կլինի: «Առավոտից մինչև ուշ երեկո աշխատում է, բայց այնպես չի, որ ստիպված է: Արհեստանոցի տերերն իր հոր ընկերներն են: Գիտեմ, հաստատ իրեն էլ է հետաքրքիր: Միշտ էլ սիրել է նոր բաներ սովորել», - Սոնայի դեմքը վերջապես պայծառացավ:
«Շատ խելացի է: Դասարանում ամենախելացին` ֆիզիկա, մաթեմատիկա, պատմություն… իր պես ոչ մեկս չի կարող սովորել: Նույնիսկ մեր դասարանի մյուս գերազանցիկները նույնը կասեն: Մի անգամ կարդաց, վերջ՝ գիտի», - ասում է աղջիկն ու պատմում`մի քանի օր առաջ Գոռն իրեն ասել է, որ համալսարան չի դիմելու: «Զարմացա, բայց հետո, որ բացատրեց, հասկացա: Ասում է` չի գնալու իրավաբան կամ տնտեսագետ դառնա, որովհետև բարձրագույն կրթությամբ մարդկանց մեծ մասն աշխատանք չունի կամ դժվարությամբ է գտնում: Մտածում է համալսարանում կամ լավ պիտի սովորի, կամ չսովորի: Լավ չի կարողանա սովորել, եթե նաև աշխատելու է ու որոշել է, որ ճիշտ կլինի այնպիսի մասնագիտություն ընտրի, որ միաժամանակ կարողանա սովորել ու աշխատել, մորն օգնել», - ասում է Սոնան:
Նա միաժամանակ հպարտանում է, որ Գոռի պես ընկեր ունի ու «ափսոսում նրա ուղեղը»: «Կարող էր լավագույն մասնագետներից մեկը դառնալ: Բայց լավ մեխանիկն էլ վատ չէ», - փորձում է ընկերոջը հասկանալ:
Գոռի մայրը բուժքույր է, հիվանդանոցում է աշխատում: Սոնայի մայրն էլ նրա ընկերուհին է: Ասում է`խելացի, համեստ կին է: Անհանգստանում էր, որ տղան նորմալ դպրոց չի գնում ու որոշել է աշխատել, պահանջում էր, որ երեխայություններին վերջ տա: Բայց մի օր Գոռը մոր հեըթական բողոքը լսել է, վերջում նայել նրա աչքերին ու ասել, որ հիմա ինքն է տան տղամարդը` բոլոր պարտավորություններով:
Այդ օրը մայրը շատ է մտածել, Սոնայի մոր հետ քննարկել իրավիճակը, հաշվի առել, որ հարևանի տղան արդեմ 1 տարի կլինի բանակից եկել է, բայց դեռ աշխատելու միտք էլ չունի, իսկ իր տղան… ու որոշել է` այդ օրվանից ամեն անգամ, երբ տղան հոգնած, սևացած ձեռքերով տուն գա, նրա խնդիրներին իր բողոքներն էլ չի ավելացնելու: Դպրոցում ուսուցչուհիներին խնդրել է, որ Գոռի բացակայություններին խիստ չվերաբերեն, պատմել, որ գիշերը գիրքը, տետրն ու գրիչը ձեռքին է քնում:
Սոնան նաև մեզ պատմեց, որ Գոռը սիրած աղջիկ ունի, բայց նա չգիտի ու երևի դեռ երկար ժամանակ չի էլ իմանա, որ Գոռն իրեն է սիրում:
Գոռի պատմությունը «Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը» նախագծի աշխատանքների ընթացքում, մեզ հանդիպած ամենահակասականն է: Բայց մի բան հստակ է` այս շրջանում, երբ ավարտական դասարանի աշակերտները մասնագիտություն ընտրելու հարցում վերջնական որոշում են կայացնում, կարող են Գոռից առնվազն իրատեսություն սովորել: