9 մայիսի 2013 - 00:51 AMT
ՀՈԴՎԱԾ
Արցախի հանդեպ սերն ու սպասումներն աշխարհին նայում են ինքնաձիգիս փոքրիկ կիսաշրջանից. Մեկ օր զինվորի օրագրից
Արցախի միակ լուծումը պինդ սեղմված է խրամատում կանգած զինվորի ուսին ու դրված ապահովիչի վրա
Տղերքն առավոտը մի քիչ շուտ են զարթնել, զինվորական բեռնատարը լցված է քնապարկերով, վառարաններով ու փայտով. դիրքեր ենք բարձրանում: Այնտեղ ծառայությունն ու առհասարակ վերաբերմունքը կյանքի նկատմամբ բոլորովին ուրիշ է: Դիրքերում դիվանագիտություն չկա, չկա ճանաչված կամ չճանաչված պետություն: Արցախի միջազգային դե ֆակտո կամ դե յուրե ճանաչումը հայ զինվորի համար մարտական դիրքում հավասար է զրոյի: Ինչքան ուզում ես հաշվիր, զրո է ու վերջ:

Ավտոմատը հենած ուսիդ, ձախ աչքդ փակ, աջ աչքիդ առաջ նշանոցի կիսաշրջանն է, կիսաշրջանի մեջ՝ հակառակորդի խրամատը: Դիրքում կանգնած զինվորի ամբողջ հայրենասիրությունը, մտածմունքները, Արցախի հանդեպ սերն ու սպասումները աշխարհին նայում են ինքնաձիգի այս փոքրիկ կիսաշրջանից: Այդ պահին նա ամբողջ հոգով թքած ունի, թե աշխարհի որ պետությունը կամ ԱՄՆ որ նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը: Արցախի հարցի միակ լուծումը տրվել է ուղիղ քսան տարի առաջ, այդ լուծումը հիմա պինդ սեղմված է ուսիս ու դրված ապահովիչի վրա: Ձգանը միշտ պատրաստ է մի քանի սանտիմետր հետ գնալու և թուրքին հիշեցնելու, որ Արցախի չլուծված հարց հայ զինվորի համար պարզապես չկա. խրամատից հետ՝ միգուցե, դիվանագիտական սեղաններին՝ հնարավոր է, սառը խրամատում՝ երբեք:

Տասնչորս խրամատային օրերից հետո իջնում եմ դիրքերից ու երկու շաբաթ լուրերին հետևած ընկերներիս քմծիծաղով հարցնում. «Հն, հարցում փոփոխություն չի՞ եղել»:

…օրը ծանր էր: Զբոսանքից հետո անվանականչն է:

-Վաշտ, հավսա՜ր, զգա՜ստ: Լսիր երեկոյան անվանականչ: Ղուլյան Աշոտ Հմայակի: Ղուլյանն ընկավ հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտում: Վարդանյան, Աբովյան, Պետրոսյան…

Արցախի Պաշտպանության բանակի շատ վաշտերի ցուցակներում կան հավերժ մտցված անուններ: Երկու տարի ամեն երեկո քնելուց առաջ վաշտի տղերքի ու քո սեփական անուն-ազգանունը լսելուց առաջ լսում ես նրա անունը: Ղուլյան Աշոտ Հմայակի: Ու հետո միայն քոնը: Ամսաթվերի տակ փոքրիկ վանդակներ են, յուրաքանչյուրի անվան դիմաց բազմաթիվ նշումներ կան. Ա-արձակուրդ, Հ-հոսպիտալ, Վ-վերակարգ…

-Ստեփանյան:

-Ե՛ս եմ:

Ներկա: Աշոտի անվան դիմաց ոչ մի նշան չկա: Նա վաշտում է արդեն քսան տարի, անբացակա ամենաերկար ծառայությունը Պաշտպանության բանակում, ամեն երեկո՝ շարքում:

Պառկում եմ քնելու, երկու շաբաթ մեջքս մահճակալ չի «տեսել», ցանկանում եմ խորը քնել, բայց չէ, չի ստացվում: Պաշտպանության բանակը երբեք խորը քնով չի անցնում, լինես շարքային զինվոր, թե բանակի հրամանատար. Համազգեստդ խնամքով ծալված, դրված է մահճակալիդ շատ մոտ:

Արցախ, 2013