
Մեզ հետ այնտեղ բարձրացած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց. «Հաշվի առնելով, որ անցած տարի հակառակորդի կողմից դիվերսիոն հետախուզական մի քանի փորձեր են եղել այս ուղղությամբ, սահմանի այս և այլ հատվածների մարտական դիրքերը համալրվել է նման ոտնձգությունների դեմ պայքարի համապատասխան միջոցներով՝ խուսավարման, հակառակորդին խաբելու, փոքր ու մեծ շրջանակներով պաշտպանվելու համար»։
Համալրումների մասին խոսելով՝ նախարարը շրջանցեց «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրներով հայկական ԶՈՒ-երի զինապահեստը հարստացնելու մասին հարցը։ Փոխարենը նշեց.«Վերջին մի քանի տարիներին բանակը համալրվել է հեռահար ու գերճշգրիտ զինատեսակներով, հրթիռներով։ Մենք, իհարկե, մտածում ենք նման միջոցների ունենալու, հետագայում նաև ձեռք բերելու, դրանք սարքին վիճակում պահելու, կարգավորելու, ժամանակակից արդիականացված ղեկավարման, ավտոմատ կառավարման, կապի միջոցներով համալրելու մասին»։
Նախարարը նշեց, որ ինչպես արցախյան ազատամարտի տարիներին, այսօր էլ հարևանի քանակի դեմ մենք հակադրում ենք որակ։ Այնպես որ ռազմաքաղաքական ստեղծված իրավիճակում սահմանափակ ռեսուրսներով արդյունավետ միջոցների դիմելու քաղաքականությունը դեռ 20 տարի առաջ է իր առավելությունն ապացուցել։ Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքը մեր այսօրվա ուսումնական և նյութատեխնիկական ապահովման հիմքում է։

1-ին գիծ բարձրանալուց առաջ հնարավորություն ունեցանք հենց մարտական դիրքում անձնակազմի գործնական պարապմունքը տեսնել՝ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական գործողությունները հետ մղելու պլանով։ Ընդ որում նման գործողություններ տեղի են ունեցել մեկ տարի առաջ, երբ հակառակորդը հետ է մղվել ծանր կորուստներ կրելով։ Այս անգամ նույն կորուստները կրեցին պայմանական ադրբեջանցիները։
«Մեր զորքի մեկ երրորդն ամեն օր զենքի հետ է առնչվում, այդ մեկ երրորդի ճիշտ կեսը մարտական հերթապահություն է իրականացնում, իսկ մյուս կեսը պատրաստվում է մարտական հերթապահության՝ ամեն օր պարապմունքների մեջ է՝ մարտավարություն, կրակային պատրաստություն և այլ», - ասաց Սեյրան Օհանյանը։ Իսկ այդ ժամանակ արդեն մարտական հերթապահություն իրականացնելու մեր հերթն էր։ Նախարարը զգուշացրեց, որ իրական հակառակորդից հեռավորությունն ընդամենը 350 մետր է ու պետք է պաշտպանվել։ «Անպայման հագեք սաղավարտ ու զրահաբաճկոնները։ Բոլորս հագնենք և հարձակվենք հակառակորդի վրա», - կատակեց նա։ Կատակը կատարվեց մի քանի րոպեում՝ չնայած անձրևին ու ցեխին։
Մարտական դիրքում «հերթափոխն ինձ փոխանցեց» սերժանտ Հմայակ Մամյանը, զգուշացրեց, որ հակառակ կողմից դիպուկահարներ են աշխատում, և պետք է դիտանցքից ուղիղ ու երկար չնայել։ Միայն դրանից հետո հանեց 15 սմ տրամագծով կոճղը, որ այդ անցքն էր մտցված։ Մի քանի վայրկյան ադրբեջանական դիրքերը երևացին ու արդեն անցքը փակելու ժամանակն էր։ Սերժանտն ասաց, որ առանց այդ էլ հակառակորդն արդեն հաստատ նկատել էր մեր դիրքերում շարժը, ակտիվությունն ու ավելի զգոն էր դարձել։
Դե որ այդպես է, հակառակորդին ուսումնասիրելու փոխարեն, սերժանտ Մամյան, անցնենք Ձեզ.«Արդեն 4 տարի պայմանագրային հիմունքներով մարտական հերթապահություն եմ իրականացնում, որից 2 տարին միայն այս դիրքում։ Պատվաբեր գործ է։ Ես էլ սահմանամերձ գյուղի բնակիչ եմ։ Միաժամանակ և հայրենիքիս, և ընտանիքիս կարիքներն եմ հոգում»։
4 տարվա ընթացքում նկատած ադրբեջանցի զինվորին բնորոշող հատկանի.«Կարգապահ զինվոր չեն։ Անընդհատ գոռգոռոցներ են լսվում իրենց դիրքերից։ Իրար հետ յոլա չեն գնում։ Չեմ հասկանում, գոնե սենց տեղում չեն կարողանում իրենց մարդավարի պահեն։ Մեր զինվորները՝ հակառակը։ Թե զորամասում էլ կռիվ անեն, կգան այստեղ, ախպերների պես կլինեն»։
Որ մարտական դիրքը բոլորին է փոխում, միանշանակ։ Ավելի սթափ, կազմակերպված, ուշադիր ես դառնում։ Այստեղ առաջին կանոններից մեկը հրամանը գերազանց և ժամանակին կատարելն է։ Մեզ էլ հրաման եղավ՝ գնալու ժամանակն է։ Իսկ սերժանտ Մամյանը գնալուց առաջ խնդրեց անպայման գրեմ, որ հակառակորդի բոլոր տեսակի գործողությունների դեմ իրենք պատրաստված են։ Սահմանն ապահով է։
Ավելին, այդ գործողությունների դեմ մեր զինվորները նույնիսկ աչքերը փակ են պատրաստված: Նախարարի հրամանով և նոր կարգով զինվորներն իրենց զենքը նույնիսկ այդ կերպ են կարողանում քանդել, հավաքել. միայն քանդելը, նախարարի աչքի առաջ, տևեց 11 վայրկյան: «Մենք աչքերը փակ զենքին տիրապետելու ուղղությամբ հատուկ ուշադրություն ենք դարձնում, որովհետև զենքը զինվոր մարմնի մի մասն է, և այն պետք է լավ ճանաչել` անվտանգության տեսակետից` և հակառակորդից, և ինքդ քո սխալից պաշտպանված լինելու համար», - ասաց Սեյրան Օհանյանը:
Զենքը քանդել, հավաքելուց հետո կրակելու հերթը եկավ: 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Շահնազարյանը բացատրեց մեզնից 50-100մ, հակառակորդից 350մ հեռավորության վրա տեղի ունեցող ուսումնական վարժանքի նպատակը.«Այս և նման պարապմունքներով զինվորները պատրաստվում են հոգեբանորեն: Սովորում են վախը հաղթահարելը, պատրաստ լինել մարտի դաշտում մեն-մենակ դուրս գալ հակառակորդի զրահատեխնիկայի դեմ, կտրել հարձակվող հրաձիգներին տանկից, և տանկը ոչնչացնել հակատանկային նռնակներով և հրաձգային այլ միջոցներով»:
«Պատերազմի ժամանակ փամփուշտը որ զինվորի գլխավերևով անցներ, վզզար, ոչ մի զինվոր գլուխը չէր իջեցնի, որովհետև գիտեին` այն փամփուշտը, որը քոնն է, չի վզզում, անձայն դիպչում է», - ասաց Սեյրան Օհանյանը և ավելացրեց` նշանակելով իր անբավարար գնահատականը քո պատրաստվածությանը: