Եվ նույնիսկ ավելի հեռուն է գնացել. «Բոլորը հայացքները մեզ են հառել, բոլորը ցանկանում են օգտվել մեր ռեսուրսներից: Շատ դժվար է պահպանել Ադրբեջանի անկախությունը: ԱՄՆ-ն ու Եվրոպան օգտվում են Ադրբեջանի էներգառեսուրսներից, բայց չեն պաշտպանում Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ռուսաստանն ու Իրանը նույնպես իրապես չեն աջակցում Ադրբեջանին Ղարաբաղի հարցում»,-ասել է Հասանովը:
Բաքվի մեծ մոլորությունն այն է, որ վերջինս դեռ նախորդ դարում է մտովի ու դեռ վստահ է, որ նավթով ամեն ինչ կարելի է գնել, ինչպես ժամանակին վարվեց Նարիման Նարիմանովը Արցախի դեպքում՝ փաստացի բոլշևիկներին կանգնեցնելով նավթային սովի վտանգի առջև: «Մենք ձեզ նավթ, իսկ դուք մեզ՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը»: Բոլշևիկներն էլ համաձայնվեցին՝ այլ ելք չունեին, ինչն էլ արդեն ХХ դարի վերջում ազգային-ազատագրական պայքարի պատճառ դարձավ Արցախում: Այստեղ էլ ԽՍՀՄ օգնեց՝ սպառազինությամբ «ադրբեջանական բանակ» կոչվող ջոկատներին: Բայց չստացվեց: Նույնիսկ Թուրքիան չօգնեց Ադրբեջանին, միայն ռազմական խորհրդականների գործուղելով Բաքու, Իրանն էլ չօգնեց, որի տարածքով Նախիջևանից ռազմական բեռներ էին գնում Ադրբեջան: Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշել, որ Իրանը կասեցրեց այդ տարանցումը: Այնուամենայնիվ, Բաքուն համառորեն մինչ օրս պնդում է «տարածքների 20 տոկոսի օկուպացիայի ու մեկ միլիոն փախստականների մասին»՝ հեքիաթ, որին արդեն այդ նավթային հանրապետության ղեկավարությունն էլ չի հավատում: Էլ չենք խոսում տարածքային ամբողջականության ու ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին: Բայց նավթի հարցում էլ ամեն ինչ պարզ չէ: 2014 թ. հունվար-ապրիլին Ադրբեջանի Պետնավթային ընկերությունը (SOCAR) 383 տոննա ավտոմոբիլային բենզին է արտահանել: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը կրճատվել է 5,126 հազար տոննայով կամ 14.38 անգամ: 2014 թվականի ապրիլին SOCAR-ն ավտոմոբիլային բենզին չի արտահանել: Ըստ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալների, 2014 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանից ապրանքների արտահանման ծավալը ($5 377,4 մլն) նվազել է 15,2 տոկոսով: Ընդ որում հում նավթի արտահանումը ($4 563 մլն) կրճատվել է 13,6 տոկոսով, նավթամթերքինը ($279,4 մլն)՝ 12,6 տոկոսով, բնական գազինը ($145,9 մլն)՝ 49 տոկոսով: Ընդհանուր առմամբ ածխաջրածինների ռեսուրսների ու այդ արտադրանքի բաժնեմասն Ադրբեջանի արտահանման պորտֆելում ընթացիկ տարվա երեք ամսում կազմել է 92,7 տոկոս: Բավականին տխուր պատկեր է իշխող կլանի համար՝ նավթը վերջանալու տարօրինակ հատկություն ունի, հատկապես եթե այն արդյունահանում են, ոչ մի բան հաշվի չառնելով: Բաքվի նավթի հետ էլ այդպես կարող է պատահել: Դեռևս SOCAR-ն ամեն ամիս գերաճով է ներկայացնում նավթի ու գազի քանակի մասին տվյալները և քիչ է մնում խոստանա, որ գազով կապահովի ամբողջ Եվրոպան: Թվերի հետ մեքենայությունների շարքին են դասվում նաև տվյալներն Ադրբեջանի բնակչության մասին: «Պաշտոնապես Ադրբեջանում բնակվում է մոտ 9 մլն 500 հազար մարդ: Զանգվածային միգրացիայի աճի ֆոնի վրա (2,5 մլն մարդ), այդ թիվը լուրջ կասկածներ է առաջացնում: Ըստ փորձագիտական գնահատականների, Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեն ուռճացնում է Ադրբեջանի բնակչության քանակը գրեթե 35 տոկոսով, իսկ իրականում երկրի բնակչությունը 6 միլիոնից էլ պակաս է»,-գրում է «Ենի մուսավաթ» թերթը: Սակայն ցինիզմի ու ուղղակի լկիության, այլ կերպ չես ասի, գագաթնակետը դարձավ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ATV հեռուստաալիքին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարեց, թե «այսօր Կովկասում իրապես գործում է միայն մեկ պետական կազմավորում՝ Ադրբեջանի Հանրապետությունը»: Հակառուսական հայտարարությունների հերթական չափաբաժնից հետո, Յուշչենկոն որոշեց խոսել Հայաստանի մասին, բնականաբար, ադրբեջանցի լրագրողի մատուցմամբ: Ըստ նրա, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «այդ երկիրը խամաճիկ է և ինքը չի որոշում իր քաղաքականությունը: Թեև այս համատեքստում ես պետք է խոսեի Երևանի քաղաքականության մասին, բայդ այդ երկիրը խամաճիկ է, այդ քաղաքականության ակունքներն այնտեղ չեն: Նրա ակունքներն ավելի կոպիտ են ու ցինիկ»,-ասել է Յուշչենկոն: Վիկտոր Յուշչենկոն, որը նախաձեռնեց Ուկրաինայի փլուզումը «նարնջագույն հեղափոխությամբ» առնվազն լավ կլիներ, որ լռեր: Նա չէ, որ պետք է սովորեցնի Հայաստանին ինչ անել ու ինչպես: Սա առաջինը: Երկրորդը՝ այսօրվա դրությամբ ամենամեծ խամաճիկն Ուկրաինան է, բայց ոչ ՀՀ նախագահը, ոչ որևէ հայ քաղաքական գործիչ իրեն երբեք թույլ չեն տա նման տիպի արտահայտություններ, որոնք առաջին հերթին կվնասեին ասողի հեղինակությանը: Հայաստանի համար մեծ հաշվով միևնույն է, թե ինչ է մտածում Յուշչենկոն, որը կախում ունի այնքան գործոններից ու մարդկանցից, որ դրանց թվարկումը միայն կարող է լրջորեն բարդացնել նրա կյանքը: Իսկ Ադրբեջանը «ձեռքը գցում է» ցանկացած քաղաքական գործչի, ով կարող է մի վատ բան ասել Հայաստանի մասին: Այդպես «նրա սիրտը հովանում է»: Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակներ կազմել ու լրագրողների ձերբակալել միայն Երևան այցելելու համար շատ ավելի դյուրին է, քան փորձել ինչ-որ բան անել: Բայց ավաղ, Բաքվի «քաղաքական վերնախավը» զուրկ է նման առաքինությունից, և հանդգնեմ ենթադրել, զուրկ էլ կմնա: