17 ապրիլի 2015 - 15:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Եզակի դիտարանը հետևում է սեյսմիկ ակտիվությանը Հայաստանում
Մարդը չպետք է և չի ցանկանում հաշտվել Բնության անկանխատեսելիության հետ` աստիճանաբար ավելի ու ավելի հասկանալի դարձնելով այն
Յուրաքանչյուր աղետալի երկրաշարժ ստիպում է գիտնականներին մտածել, որ եթե հնարավոր լիներ կանխել աղետը գոնե առաջին ցնցումից մեկ ժամ առաջ, հնարավոր կլիներ հազարավոր կյանքեր փրկել: Նախորդ դարավերջին, երկար բանավեճերից հետո, գիտնականները միանշանակ ու տհաճ եզրակացության եկան. տարհանման բավարար պլանավորման համար երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումն անիրական է: Նույնիսկ եթե անհրաժեշտ ճշգրտությամբ որոշենք երկրակեղևի ուժգին ցնցումների վայրն ու ժամը, մագնիտուդը միևնույն է անհայտ կմնա: Երկրաշարժի ժամանակ տարածվող ալիքի ճակատը մոտենում է բարձր ամրության հատվածին. երկրաշարժի մագնիտուդը կախված է նրանից, թե կփլուզվի այդ հատվածը, թե ոչ: Եթե ճակատը քանդի հատվածն ու առաջ անցնի, ապա մագնիտուդը մեծ կլինի: Հակառակ դեպքում ցնցումը կգրանցեն միայն սեյսմագրերը: Իսկ դա, իր հերթին, հիշեցնում է քաոսի տեսության հիմնական օրենքը` «թիթեռնիկի էֆեկտը», քանի որ արդյունքը կախված է հատվածի ամրությունից: Ամրության և լարումի չնչին տարբերությունները մակրոսկոպիկ հետևանքներ կունենան: Այդ տարբերությունը ցանկացած ճշգրտության չափումներից փոքր է:

Նույնիսկ գիտենալով երկրաշարժի վայրն ու ժամը, ոչ ոք չի իմանա, թե ինչ ուժգնության այն կլինի: Ուստի գիտնականներն առաջին հերթին պարզում են մագնիտուդը, տարբեր հզորությունների տատանումների ժամանակացույց կազմելով` հասկանալու համար գործընթացների օրինաչափությունները: Սեյսմոլոգի աշխատանքը հիմնված է վիճակագրության վրա: Լավ սեյսմոլոգն, ուսումնասիրելով այն, ունակ է կանխատեսելու ուժեղ երկրաշարժի միջին հավանականությունը, իսկ սեյսմիկ մեծ ակտիվությամբ մեր տարածաշրջանի համար դա արդեն մեծ բան է:

Հայաստանում գործում է սեյսմիկ ակտիվությանը հետևող տարածաշրջանում եզակի դիտարան` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը, որը տարիների անգործությունից հետո երկրորդ կյանքը ստացավ: 2012-ին կառավարության որոշմամբ այն անժամկետ փոխանցվեց արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությանը: Դիտարանի աշխատանքի և նպատակների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է երկրաբանական գիտությունների թեկնածու, «Սեյսմիկ պաշտպանության վարչություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի հետ:

Դիտարանը գտնվում է ակտիվ սեյսմոլոգիական խզվածքի գոտում, ինչը թույլ է տալիս վերահսկել Երևանին սպառնացող ամենավտանգավոր օջախային գոտին: Հատուկ թունելում կլոր տարին պահպանվում է կայուն 17 աստիճանն ըստ Ցելսիուսի, իսկ սեյսմիկ և այլ շեղումների մակարդակը շատ ցածր է: Թունելի երկարությունը 375 մետր է, այստեղ է գտնվում եզակի երկբաղադրիչ կվարցային դեֆորմոգրաֆը, որը ֆիքսում է երկրակեղևի շարժը` որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի անմիջական նախանշան:

«Դիտարանում անցկացվող համալիր հետազոտությունների նպատակն առաջին հերթին Հայաստանում և մերձակա տարածքներում սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկումն է, սեյսմիկ վտանգի գնահատումը, ինչն իր հերթին սեյսմիկ ռիսկի գնահատման ու նվազեցման գլխավոր բաղադրիչն է: Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը դառնալու է տարածաշրջանային նշանակության գիտակիրառական միջազգային կենտրոն»,-ասել է մասնագետը:

Այսօրվա դրությամբ Երկրաֆիզիկական դիտարանն ամբողջությամբ վերանորոգված է ու պատրաստ է գործարկման: Ամերիկյան երկրաբանական վարչության մասնագետների հետ համատեղ արդիականացվել է միջազգային սեյսմոլոգիական ցանցի տարածաշրջանի միակ IRIS/GNI Գառնի կայանը: Կայանի օգնությամբ անցկացվում է մոլորակի սեյսմիկ ակտիվության շուրջօրյա մշտադիտարկում` Միջուկային փորձարկումների արգելման համալիր համաձայնագրի (CTBTO) շրջանակում: Հավաքագրված տեղեկատվությունն արբանյակային կապով փոխանցվում է Վիեննայի միջազգային կենտրոն և Ալբուքերկի (ԱՄՆ) Սեյսմոլոգիական լաբորատորիա:

«Անցյալ տարի չեխ-հայկական գործակցության շրջանակում թունելում տեղադրվեց նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով չափում են երկրակեղևի դեֆորմացիաները: Բոլոր տվյալները հավաքագրվում և վերծանվում են հատուկ տեղեկատվական կենտրոնում, որը տեխնիկապես լիովին պատրաստ է հետևել տեկտոնական սալերի ամենաչնչին շարժին»,-ասել է նա:

Երկրաշարժերը հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, սակայն անուղղակի մեթոդները բավականին արդյունավետ են, որպեսզի կարողանանք ասել, որ այսօրվա դրությամբ ոչ մի նախանշան չկա, որ մոտ ապագայում երկրում կարող է ուժեղ երկրաշարժ տեղի ունենալ: Մարդը չպետք է և չի ցանկանում հաշտվել Բնության անկանխատեսելիության հետ` աստիճանաբար ավելի ու ավելի ըմբռնելի դարձնելով այն:

Նշենք, որ չինացի գիտնականներն, այնուամենայնիվ, կարծես թե հսկայական հաջողությունների են հասել երկրաշարժերի կանխատեսման գործում` նրանք մի քանի տարի շարունակ մակերեսի թեքության, ստորգետնյա ջրերի մակարդակի, ինչպես նաև լեռնային ապարներում ռադոն գազի պարունակության մշտադիտարկում են իրականացրել: Հետազոտողները ենթադրում են, որ բոլոր այդ պարամետրերը, սեզոնային փոփոխություններից, ինչպես նաև բազմամյա միտումներից բացի, պետք է կտրուկ փոխվեն խոշոր երկրաշարժից մի քանի շաբաթ կամ ամիս առաջ: Սակայն այնուամենայնիվ, նման կանխատեսումները միայն վիճակագրական բնույթի են:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net