23 մայիսի 2015 - 20:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի Հանրապետության շքանշաններն ու մեդալները. Ո՞ւմ և ինչի՞ համար
Քաղաքացիներին, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներին և ոչ միայն շնորհվող մեդալները
Հաճախակի լսում կամ կարդում ենք, որ ինչ-որ միջոցառման ժամանակ ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար նախագահն ինչ-որ շքանշան կամ մեդալ է շնորհել` այլ կերպ ասած, պետական պարգև: PanARMENIAN.Net-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը՝ նշելով, թե ում և ինչի համար:

ՀՀ պետական պարգևները պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար խրախուսման բարձրագույն ձևն են:

Մինչև 2014-ի օգոստոսի 9-ը կիրառված կարգավիճակի համաձայն, Հայաստանի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար 1994-ի ապրիլի 22-ից հիմնվում են պետական պարգևներ:

Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության ու միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանին մատուցած բացառիկ ծառայությունների համար:

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային գործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական գործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ծառայությունների համար:

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական ու դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:

Այդ մեդալն ունի երկու աստիճան` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ: Բարձրագույն աստիճանն 1-ինն է: Դրանով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ակնառու նվաճումների համար:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի քաղաքացի այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:

Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում առողջ ապրելակերպ, ապահովում երեխաների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման համար: