4 հունիսի 2015 - 12:41 AMT
ՀՈԴՎԱԾ
Կոտորածի 100 տարի
Ինչպես էին անմեղ մարդկանց ոչնչացնում և խեղում Հայոց ցեղասպանությունից հետո
Մարդկության դեմ հանցագործություններից առավել հայտնի և լավ լուսաբանված են Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, սակայն 20-21 դարերի պատմությունը հարուստ է նաև այլ երկրների խաղաղ բնակիչների ու ժողովրդների ոչնչացման օրինակներով: PanARMENIAN.Net-ը հիշել է նորագույն պատմության ոչ այնքան հայտնի ամենաարյունալի դրվագներից մի քանիսը:

Սերբերի ցեղասպանություն

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիան ու դաշնակիցները գրավեցին Հարավսլավիան: Երկրի տարածքի մի մասում ստեղծվեց խամաճիկային Խորվաթիայի Անկախ Պետությունը, որը գլխավորեց ուստաշների շարժումը: Նոր կառավարությունը երկրի խորվաթացման ծրագիր սկսեց, որի արդյունքում հարյուր հազարավոր սերբեր ու այլ ազգությունների ներկայացուցիչներ սպանվեցին, արտաքսվեցին կամ բռնի դավանափոխվեցին` դարձան կաթոլիկներ: Սերբերի այս ցեղասպանության զոհերի քանակը տատանվում է 200-800 հազարի սահմանում:

Սերբահատ (սերբոսեկ)` զենքի անվանումն է, որ օգտագործել են ուստաշները սերբերի զանգվածային ոչնչացման համար: Համակենտրոնացման ճամբարներում սպանությունների արագության հատուկ մրցություններ էին անցկացվում` նման «առաջնություններից» մեկի հաղթող Պետար Բրզիցան 1942 թվականի օգոստոսի 29-ին «սերբահատով» 1360 մարդ է կոտորել:

Վուկովարի կոտորածը

Հարավսլավիայի փլուզման շրջանի պատերազմական էպիզոդ: 1991 թ. նոյեմբերին սերբական բանակն ու կամավորների կազմավորումները, հաղթահարելով խորվաթների դիմադրությունը, մտան Վուկովար քաղաքը: Գերիների թվում էին նաև քաղաքային հոսպիտալի հիվանդները` քաղաքացիական անձիք և խորվաթ աշխարհազորայիններ: Նոյեմբերի 20-ին ռազմագերիների ճամբար տեղափոխված հոսպիտալի բոլոր հիվանդներին գնդակահարեցին Օվչարի խոզաբուծական ֆերմայում: Ավելի ուշ հաջողվեց գտնել սպանվածների 200 դի, 61 մարդ անհայտ կորած է համարվում:

Հարավսլավական բանակի գեներալ Միլե Մկրշիչը 2007-ին Հաագայի դատարանի կողմից դատապարտվեց 20 տարվա բանտարկության: Այնուամենայնիվ 2015-ի փետրվարի 3-ին Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանը որոշեց, որ նախկին Հարավսլավիայի տարածքում հակամարտությունների ժամանակ ոչ Սերբիան, ոչ Խորվաթիան իրար դեմ ցեղասպանություն չեն գործել: 2010-ին Սերբիայի նախագահ Բորիս Թադիչն այցելեց Օվչարի և ներողություն խնդրեց ռազմագերիների հանդեպ բռնության և պատերազմի ժամանակ գործած այլ հանցանքների համար:

Օվչարի խոզաբուծարանը ռազմագերիների բարակ էր գնդակահարությունից առաջ:

Թութսիների ցեղասպանությունը Ռուանդայում

20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ցեղասպանություններից մեկն է: Կատարված ոճրագործությունների մասշատբները ապշեցնում են նույնիսկ ցեղասպանություններով «հարուստ» 20-րդ դարի ֆոնին` 1994 թ. ընդամենը 3 ամսում սպանվել է մինչև 1 մլն թութսի` ընդ որում երկրում տեղակայված խաղաղապահներն ու եվրոպացիների տարհանման համար ժամանած ֆրանսիական և բելգիական ուժերը չմիջամտեցին հակամարտությանը: Երկրում, որի բնակչությունը մինչ ցեղասպանությունը մոտ 7 մլն էր, ջարդերին մասնակցելու և սպանություններ հրահրելու համար դատապարտվեց ավելի քան 1,3 մլն մարդ: Դատապարտվածներից մեկը` կիսով չափ թութսի, կիսով չափ խութու Մքիամինի Նյարադեգեա անունով իր ձեռքով սպանել է թութսի ամուսնուն և հրամայել է սպանել իր երեխաներին` օրինակ ծառայելու համար տատանվող ջարդարարների համար:

Խաչը հագուստի կույտի վրա Նյամատա եկեղեցում: 1994-ին 2 օրում այստեղ սպանվեց մոտ 10 000 մարդ (© WSJ):

Սիերա Լեոնե

Պատերազմը Սիերա Լեոնեում «ներմուծվեց» երկիր Լիբերիայից, որն իր հերթին դաժան քաղաքացիական պատերազմի մեջ էր 80-ականների վերջից: Լիբերիայի նախագահ Չարլզ Թեյլորը, որը Սիերա Լեոնեի ալմաստների կարիքն ուներ ընդդիմության դեմ իր պատերազմը ֆինանսավորելու համար, սատարեց այսպես կոչված «Միացյալ հեղափոխական ճակատին», որը փորձեց տապալել հարևան երկրի կառավարությունը: Արդյունքը եղավ 11-ամյա քաղաքացիական պատերազմը` 1991-2002 թ.: Թեև Սիերա Լեոնեում, տարբեր հաշվարկներով, զոհվեց մոտ 300 հազար մարդ, իսկ 2 մլն ավելին փախստական դարձավ, կատարվածը չի համարվում ցեղասպանություն: Այնուամենայնիվ, խաղաղ բնակիչների ջարդերն ու զանգվածային հաշվեհարդարները սովորական երևույթ էին այն տարիներին, իսկ ապստամբների «այցեքարտը» դարձավ բոլոր նրանց վերջույթների հատումը, ով համակրում էր կառավարությանը: Քաղաքացիական պատերազմի հետևանքով մոտ 450 հազար մարդ հաշմանդամ դարձավ, ավելի քան 400 հազարը տառապում է հոգեկան խեղումներից` բնակչության 5,7 մլն դեպքում: 2012-ին Չարլզ Թեյլորը դատապարտվեց 50 տարվա ազատազրկման Արևմտյան Աֆրիկայում պատերազմների ժամանակ գործած ռազմական հանցագործությունների համար:

Ֆուտբոլային թիմի մարզումը, որի բոլոր անդամներն անդամահատվել են պատերազմի ժամանակ (© Pep Bonet).

Պատերազմը Հարավային Սուդանում

Հարավային Սուդանի Հանրապետությունը մոլորակի ամենաերիտասարդ պետություններից է: Այն անկախություն ստացավ 2011-ին` Հյուսիսային Սուդանի հետ 20-ամյա հակամարտության և Դարֆուրում ցեղասպանությունից հետո, որը մեկ միլիոնից ավելի կյանք խլեց: Գրեթե անմիջապես` 2013-ի դեկտեմբերին երիտասարդ երկրում նոր հակամարտություն բռնկվեց դինկա և նուեր ցեղերի միջև, որն արդեն 10 հազար կյանք է տարել: Հակամարտության գլխավոր առանձնահատկություններից է երեխաների անդամագրումը պատերազմին. տարբեր գնահատականներով, երկրում պատերազմում է մոտ 12 հազար երեխա և դեռահաս:

Ապստամբ խմբերից մեկի` Cobra Faction-ի պատանի զինվորները (© Getty Images)

Նիկոլայ Թորոսյան