21 հոկտեմբերի 2015 - 16:25 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկական բնապատկերներ. Սմբատաբերդն ու Ցախաց քար վանքը [ֆոտոռեպորտաժ]
Սմբատաբերդը Վայոց ձորի և առհասարակ Սյունիքի հին ու խոշոր ամրոցներից է
Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից (նախկինում` Եղեգիս) դեպի հարավ-արևելք՝ լեռան գագաթին, գտնվում է Սմբատաբերդ պաշտպանական համալիրը։ Ամրոցի իսկական անունը ստույգ հայտնի չէ. ժողովուրդն այն ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, քանի որ մոտակա գյուղում թաղված է Սմբատ թագավորը: PAN Photo-ի լուսանկարիչ Կարո Սահակյանն այս անգամ եղել է բերդում, որի մոտակայքում նաև գտնվում է Ցախաց քար վանական համալիրը:

Եվս մեկ վարկած կա, որ Սմբատաբերդն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։ Բերդը աշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով և պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում էլ պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակները։ Իսկ ջուրն այստեղ բերվել է մոտակայքում գտնվող Ցախաց քար վանքին հարակից աղբյուրներից՝ ջրմուղով: Սմբատաբերդը Վայոց ձորի և առհասարակ Սյունիքի հին ու խոշոր ամրոցներից է. պարիսպների շարվածքը թույլ է տալիս այն թվագրել X-XI դարերով, բայց չի բացառվում նաև, որ բերդը գոյություն է ունեցել V դարից էլ շուտ:

Բերդից ոչ շատ հեռու՝ մոտ 2 կմ դեպի արևելք գտնվում է Ցախաց քարի վանական համալիրը՝ կազմված շինությունների 2 խմբից: Արևելյան խմբում սրբատաշ բազալտից կառուցված 2 եկեղեցի կա: Արևմտյան մասում գմբեթավոր Սբ Կարապետ եկեղեցին է, որի հյուսիսային ճակատի վրա պատկերված է առյուծի և ցուլի մենամարտը պատկերող խոշոր հարթաքանդակ, իսկ հարավային պատի վերևում՝ խոյ բռնած արծվի քանդակ, որն այժմ ցած է ընկել: Դեպի հյուսիս-արևելք Սբ Հովհաննես փոքր եկեղեցին է:

Ցախաց քար վանքի պատերից մեկը

Ցախաց քար

Սմբատաբերդ

Ժամանակին վանական համալիրում գրչատուն է գործել, որտեղ 1437-ին Շարակնոց է ընդօրինակվել, 1463-ին և 1492-ին՝ Ավետարաններ, իսկ 1483-ին՝ Տոնացույց:

ՖՈՏՈՇԱՐՔ