Վերջին 100-ամյակում հայտնի դարձավ, որ Արեգակը ճառագայթում է ոչ միայն տեսանելի ու անտեսանելի լույս, այլ նաև մասնիկներ, որոնք էլեկտրական լիցքեր են պարունակում: Այդ մասնիկները մշտապես գոլորշանում են Արեգակի մթնոլորտից և արևի պսակի շարունակությունն են հանդիսանում: Արևից գոլորշացող այդ գազը բաղկացած է լիցքավորված մասնիկներից, այն լցնում է Արեգակնային մոլորակային համակարգի ամբողջ տարածքը: Քանի որ այն անընդհատ շարժման մեջ է, կոչվում է արևային քամի:
Արևային քամու գերարագ ագրեսիվ հոսքերին Երկիր մոլորակն «արձագանքում է» իր գեոմագնիսական դաշտով: Մոլորակի մագնիսական դաշտը պաշտպանում է արևի քամուց: էլեկտրականությունն ու մագնիսականությունը շատ սերտ փոխկապակցված են, մագնիսական ոլորտի կառուցվածքն այնպիսին է, որ տարբեր վայրերում Երկրի մագնիսային դաշտը տարբեր ազդեցություն է ունենում տիեզերական գործոնների փոխազդեցության, մասնավորապես` արևային քամու վրա:
Արևային գերարագ մասնիկների հոսքը, դուրս նետվելով Արեգակի մթնոլորտից, 12-24 ժամ անց հասնում են Երկիր մոլորակին, որի ճնշման տակ Երկրի մագնիսային ոլորտն արևային կողմում սեղմվում է 2 և ավելի անգամ: Մագնիսոլորտի ուժեղ սեղմումը մագնիսային դաշտի լարվածության աճի պատճառ է դառնում: Այդպես են առաջանում մագնիսային փոթորիկները, որոնք կարող են մի քանի ժամից մինչև մի քանի օր տևել:
Արևի վրա բռնկումների հետևանքով տիեզերք են արտանետվում հսկայական քանակի նյութեր (հիմնականում` պրոտոններ և էլեկտրոններ), որոնց մի մասի արագությունը հասնում է 400–1000 կմ/վրկ: Երկրի մագնիսային դաշտը կլանում է տիեզերքից լիցքավորված մասնիկները:
Այդպիսով, մագնիսային փոթորիկն արագ ու հզոր փոփոխությունն է երկրի մագնիսային դաշտում, որն առաջանում է արևային բարձր ակտիվության շրջաններում:
Օդերևութաբանական փոփոխությունների հանդեպ բարձր զգայունությունը դրսևորվում է անձրևից կամ ձյան տեղումներից առաջ կամ հետո, մագնիսային փոթորիկների և արևի վրա բռնկումների ժամանակ մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով: Մետեոկախվածություն ունեցող մարդիկ եղանակի փոփոխությունից կարող են գլխապտույտ, արյան ճնշման կտրուկ տատանումներ, գլխացավ և հոդացավ ունենալ, հոգնածություն, քնկոտություն կամ հակառակը` անքնություն ունենալ: Նույնիսկ նյարդայնությունն ամպրոպից առաջ կարելի է դասել եղանակային փոփոխությունների հանդեպ զգայունության նշաններին:
Մագնիսային փոթորիկների ժամանակ կրճատվում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է օրվա կենսառիթմերի և իմունիտետի համար: Խախտվում է հորմոնային բալանսը, իսկ դրա հետ մեկտեղ վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինները: Որոշ մարդկանց մոտ դա հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սրտի արագ աշխատանքին, մյուսների մոտ միանգամայն հակառակ պատկերն է գրանցվում:
Հաստատված է, որ գեոմագնիսական ակտիվության շրջանում փոխվում են նաև արյան հատկությունները: Ավելանում է մածուցիկությունը` որոշ դեպքերում գրեթե 5 անգամ, էրիտրոցտները կպչում են իրար, իսկ արյան հոսքը դանդաղում է: Արյան խտացման հետևանքով խախտվում է նաև թթվածնի փոխանակումն ամբողջ օրգանիզմում: Առաջին հերթին թթվածնի պակասից տուժում են ուղեղը, սիրտը և նյարդային վերջույթները: Այստեղից էլ առաջանում են գլխացավ, հոդացավ, դեպրեսիվ վիճակ, քնկոտություն կամ, հակառակը, անքնություն, աշխատունակության անկում:
Սրտամկանի կաթվածի, հիպերտոնիկ կրիզների և ինսուլտների մոտ 70%-ը տեղի է ունենում արևային փոթորիկների օրերին:
Արևային ակտիվության ուժեղ աճը կարող է հանգեցնել ուղեղի աշխատանքի անդառնալի խափանման, քանի որ ուղեղն, ըստ էության, բարդ էլեկտրամագնիսային, կենսաքիմիական և մեխանիկական կազմություն ունի: Նկատվել է, որ Արեգակի վրա բռնկումների հաջորդ օրը 4-5 անգամ աճում է ինքնասպանությունների քանակը:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ շատերն արձագանքում են ոչ թե մագնիսային փոթորկին, այլ դրանից 1-2 օր առաջ` արձագանքելով բռնկումներին Արեգակի վրա:
Սակայն, որոշ մարդիկ, բնակչության մոտ 50 տոկոսը, հարմարվում են, այսինքն զրոյացնում են միմյանց հաջորդող մագնիսային փոթորիկների ազդեցությունը:
Սրտանոթային հիվանդություններից տառապող մարդիկ այդ օրերին պետք է ուշադիր լինեն իրենց ինքնազգացողության հանդեպ`արյան ճնշման, սրտի ռիթմի, և անհրաժեշտության դեպքում ընդունեն բժիշկի նշանակած դեղորայքը: Տարիքի հետ մետեոկախվածությունն աճում է: Կանայք ավելի զգայուն են մագնիսային դաշտի տատանումների հանդեպ: