Աշոտյանը պաշտոնավարել է երկու վարչապետի` Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի օրոք: Հատկապես առաջինի կառավարությունը շեշտ էր դնում գիտելիքահեն տնտեսության կառուցման վրա, ինչը ենթադրում է գիտության ֆինանսավորման ավելացում: Եթե 2009-ին Հայաստանում բյուջետային միջոցների հաշվին կատարվել է 5,079 մլրդ դրամի կամ այդ ժամանակվա փոխարժեքով` $13,9 մլն-ի գիտական հետազոտություններ, 2014-ին բյուջեից հետազոտությունների ֆինանսավորման ծավալները կազմել են 8,289 մլրդ դրամ կամ $19,9 մլն (2015-ի տվյալները դեռևս հրապարակված չեն):
Ցուցանիշի` ոչ շատ զգալի աճի ֆոնին կրճատվում էր գիտական հաստատություններում աշխատողների թիվը: 2009-ին գիտհաստատություններում աշխատում էր 5895 հետազոտող և տեխնիկ, 2014-ին նրանց թիվը 4514-ն էր: Նրանցից գիտությունների դոկտոր 2009-ին 546-ը, գիտությունների թեկնածու` 1939-ը“ 2014-ին նրանց թիվը նվազեց մինչև 497 գիտությունների դոկտոր և 1979 գիտությունների թեկնածու:Կրճատվեց նաև գիտական կազմակերպությունների քանակը` 83-ից հասնելով 66-ի:
Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ամենաթեժ արձագանքն առաջացրած իրադարձություններից մեկն օտարալեզու դպրոցների բացման առաջարկն էր: Թեև գաղափարի հեղինակն Աշոտյանը չէր, նա ևս դարձել էր ծրագրի դեմ պայքարի ելած հասարակության ներկայացուցիչների հիմնական թիրախներից մեկը: Ամենամեծ մտավախություններ կային ռուսերեն դպրոցների վերաբացման հետ կապված. իշխանությանն ու մասնավորապես ԿԳ նախարարին մեղադրում էին հայերենի ուսուցումը «զոհաբերելու» փորձերի մեջ: Ինչևէ, անցած տարիներին ռուսաց լեզվի իմացության մակարդակը կտրուկ անկում է ապրել. եթե 2008-ի ռուսերենի քննություններին միջին միավորը 16 բալ էր, 2015-ին ցուցանիշը նվազեց մինչև 10 բալ, փոխարենը կտրուկ աճեց քննությունից «կտրվողների» թիվը: Խնդիրը, սակայն, արդի էր ոչ միայն ռուսերենի համար. վայրիվերումներ էին գրանցում նաև այլ առարկաների արդյունքները: Քիմիայի, կենսաբանության, հայերենի դեպքում նկատելի է միջին գնահատականի որոշակի աճ, մաթեմատիկայի կամ անգլերենի դեպքում, ընդհակառակը, ցուցանիշի նվազում է (PAN-ը քննությունների ցուցանիշների վայրիվերումներին մանրամասն անդրադարձել է ավելի վաղ):
Աշոտյանի նախարարության օրոք նրանից անկախ` դեմոգրաֆիկ խնդիրների պատճառով, կրճատվել է Հայաստանի դպրոցներում աշակերտների և բուհերում` ուսանողների թիվը: Փոխարենը 2009-2014 թվականներին աճել է Հայաստանում արտասահմանցի ուսանողների թվաքանակը: Աշոտյանի նախարարության առաջին տարվա ընթացքում նրանք 3089 էին, 2014-ի տվյալներով Հայաստանում էր սովորում 3647 արտասահմանցի ուսանող: Նրանց ճնշող մեծամասնությունը Ռուսաստանից ու Վրաստանից է (1050 և 922 ուսանող համապատասխանաբար), երրորդ տեղում Հնդկաստանից ուսանողներն են (851 հոգի): Ի դեպ, կտրուկ աճել է իսրայելցի ուսանողների թիվը. 2009-ին նրանք ընդամենը յոթն էին, իսկ 2014-ին Հայաստանում էր սովորում 91 իսրայելցի:
Արմեն Աշոտյանը սոցցանցերում կառավարության ամենաակտիվ ներկայացուցիչն էր, ինչը հասարակության մի մասի կողմից ողջունվում էր` որպես կառավարության ներկայացուցչի հեը «ուղիղ կապի» միջոց, մյուսների կողմից` քննքադատվում ու ընկալվում որպես ժամանակի վատնում: Ինչևէ, հոդվածը տպագրելու պահին Աշոտյանի անձնական պրոֆայլն ունի Facebook-ում 66065 հետևորդ, 12573 հոգի էլ «լայքել» է «Արմեն Աշոտյան» page-ը: Ֆեյսբուքում, սակայն, կա նաև «Ես զզվում եմ Արմեն Աշոտյանից» անունով խումբ. այն բավականին պասիվ է, ու հազվադեպ է թարմացվում. նրան են միացել մոտ 3000 հետևորդ: