15 փետրվարի 2016 - 15:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական գորգը եվրոպացի նկարիչների գործերում. Մաս 2
Հայկական գորգն իր տեխնոլոգիական առանձնահատկություններով ու գեղարվեստական արժեքով դարեր շարունակ բարձր է գնահատվել տաբեր երկրներում, այդ թվում՝ միջնադարյան Եվրոպայում, որտեղ այն նաև պատկերվել է բազմաթիվ նկարիչների հարյուրավոր գործերում։ PanARMENIAN.Net-ը շարունակում է ներկայացնել Վերածննդի նկարիչների գործերում հայկական գորգի պատկերման օրինակները։ Նախորդ հոդվածում ներկայացվել էին Նախավերածննդի ու Վաղ վերածննդի շրջանի նման գործերից մի քանիսը։

Հոդվածի առաջին մասը կարդացեք այստեղ:

Իտալական Ուշ վերածննդի և Հյուսիսային վերածննդի շրջանում (16-17-րդ դդ․) շարունակվում է արևելյան գորգի պատկերումը տարբեր նկարիչների գործերում։ Այստեղ ևս, նմանատիպ հարյուրավոր կտավներն ու որմնանկարներն ուսումնասիրելիս, դժվարություններ են առաջանում արևելյան գորգի պատկերների շարքում հայկական գորգը միանշանակորեն հատկորոշելու հարցում։ Այնուամենայնիվ, ուղղակի և անուղղակի առանձին տվյալների համադրմամբ, ինչպես նաև հայկական գորգագործական արվեստի և մանրանկարչության ու խաչքարային արվեստի բնորոշ տարրերի զուգահեռ վերլուծությամբ հնարավոր է որոշակի վստահությամբ առանձնացնել այդ գործերում հենց հայկական գորգի պատկերումը։

Անհրաժեշտ է նշել մի կարևոր հանգամանք ևս․ եթե նույնիսկ դժվար է տարբեր նկարիչների գործերում պատկերված արևելյան գորգերի մեջ միանշանակորեն առանձնացնել Հայաստանում ստեղծված նմուշները, ապա պետք է նկատի ունենալ, որ հաճախ սխալմամբ «անատոլիական» կամ «թուրքական» համարվող հայկական ծագմամբ գորգերից ու կարպետներից զատ շատ դեպքերում բուն Անատոլիայում՝ Փոքր Ասիայի տարածքում, ստեղծված նմուշները կամ ակնհայտորեն կրում են հայկական գորգագործության ազդեցությունը, կամ ստեղծված են այդ տարածքում ապրող ստվար հայկական գաղութի ներկայացուցիչ վարպետների կողմից։

Յակոպո Բասանո, «Հովհաննես Մկրտչի գլխատումը» (1548)

Իսկ գերմանացի նշանավոր գորգագետ, «Քրիստոնեա-արևելյան գորգը. ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ» կոթողային աշխատության հեղինակ Ֆոլքմար Գանցհորնն ուղղակիորեն գրում է․ «Միանշանակորեն կարող եմ ասել, որ հայկական գորգն ունի այնպիսի տեսք, ինչպիսիք են գրեթե բոլոր արևելյան գորգերը։ Զարդանախշի իմ վերլուծությունը ցույց է տվել, որ գորգի բոլոր զարդանախշերը կարելի է հանգեցնել լիովին սակավաթիվ հիմնաձևերի, որոնք իրենց հերթին Ք.ա. 2-1-ին հազարամյակներից ի վեր հայկական մշակութատարածքում առկա հիմնաձևերն են»։

Սեն Ժիլի վարպետ, «Պատարագ Սեն-Ժիլում» (1500)

16-րդ դարի Վերածննդի նկարչության մեջ գորգի պատկերման օրինակներում մեծ թիվ են կազմում «Հոլբայն գորգ» տիպի նմուշները։ Դրանք իրենց անունը ստացել են գերմանացի նշանավոր նկարիչ Հանս Հոլբայն Կրտսերի (1497-1543) մի շարք յուրատիպ նկարներում պատկերված գորգերից։ Դրանց շարքում առաջիններից մեկը «Աստվածամայրը բուրգոմիստր Մեյերի ընտանիքի հետ» («Դարմշտադտյան Աստվածամայր», 1526-28, Դարմշտադտ, Պալատական թանգարան) նկարն է։

Կարավաջո, «Ընթրիք Էմմաուսում» (1606, Միլան)

Հոլբայն Կրտսերի նմանատիպ առավել հայտնի գործերից են «Վաճառական Գեորգ Գիզե» (1532) և «Դեսպանները» (1533) կտավները, որտեղ պատկերված գորգերը հարստության, դիրքի ու իշխանության խորհրդանիշ են։ Գիզեին պատկերող նկարում պատկերված գորգը ներկայացնում է հարուստ ու պատվարժան վաճառականի բարձր աստիճանը։ Նշանավոր «Դեսպանները» կտավում ևս, ի թիվս պատկերված այլ առարկաների, գորգը ցուցադրում է ֆրանսիացի դեսպաններ Ժան դը Դենտեվիլի և Ժորժ դը Սելվի դիրքն ու հեղինակությունը։

Թոմաս դե Քեյսեր, Կոնստանտին Հյուգենսի ու իր օգնականը (դիմանկարի հատված)

Վերածննդի այս շրջանում հայկական գորգը պատկերող քրիստոնեական թեմատիկայով հայտնի նկարներից են Սեն Ժիլի վարպետի «Պատարագ Սեն-Ժիլում» (1500), Ջովանի դի Պաոլոի «Սիենայի Սբ Կատարինեն Պապի առջև» (1447-49), Յակոպո Բասանո, «Ընթրիք Էմմաուսում» (1538), «Հովհաննես Մկրտչի գլխատումը» (1548), Միքելանջելո Կարավաջոի «Ընթրիք Էմմաուսում» (1606, Միլան) գործերը։

Հանս Հոլբայն Կրտսեր, «Դեսպանները» (1533)

Ընդհանրապես, դարձյալ Ֆ․ Գանցհորնի համոզմամբ, քրիստոնեական պատկերագրության համար հայկական գորգագործական արվեստը միանգամայն հոյակապ նախադրյալներ էր ստեղծում։ Բազմաթիվ նկարներում գորգը պատկերված է որպես քրիստոնեական պաշտամունքային տարածքի հանդերձավորում՝ ծածկոց խորանի սեղանի վրա, քարոզչի ամբիոնի զարդարանք և այլն։ Այլ առարկաների հետ մեկտեղ այդ գորգերը կոչված էին տեսանելի դարձնելու այդ տարածքի նշանակությունն ու վեհությունը։

Գորգերի պատկերումը նշանակալի տեղ ուներ նաև Հոլանդական ոսկե դարաշրջանի կերպարվեստում (17-րդ դ.)։ Մասնավորապես, գորգեր կան պատկերված Յան Վերմեերի, Վան Դեյքի, Գերարդ Տերբորխի և ուրիշների ստեղծագործություններում։

Օգտագործված աղբյուրներ․

  • Ֆոլքմար Գանցհորն, Քրիստոնեա-արևելյան գորգը. ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ, Եր․, 2003
  • Lauren Arnold, The Carpet Index: Rethinking the Oriental Carpet in Early Renaissance Paintings, the Silk Road, 2014
  • Հայկական գորգերը արեվմտաեվրոպական գեղանկարչության մեջ-
  • Lauren Arnold, Carpet online Lecture 1-6

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net