20 փետրվարի 2016 - 13:44 AMT
ՀՈԴՎԱԾ
Որդան կարմիր. Հին աշխարհի հայկական բրենդը
Մեղվատու մեղվի և շերամի (թթենու մետաքսագործ) հետ մեկտեղ որդան կարմիրը ընտելացված միջատ է համարվում: Որդան կարմիրի էգերից ստանում են կարմիր գունաներկի համար օգտագործվող նյութը` կարմինը: Աշխարհում գոյություն ունի այդ միջատների միայն 3 տեսակ` հայկական, մեքսիկական և լեհական, որը տարածված է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում:

Առավել որակյալ է համարվել արարատյան կարմրաորդից ստացվող ներկը: Արարատյան որդան կարմիրը (լատիներեն՝ Porphyrophora hamelii) Margarodidae ընտանիքին պատկանող միջատ է, որը համարվում է աղուտների էնդեմիկ: Միջատները համարյա միշտ գտնվում են գետնի տակ՝ սնվելով աղուտներում աճող բույսերի` որդնախոտի (Aeluropus littoralis) և եղեգի (Phragmites australis) արմատներով:

Հազարամյակներ շարունակ որդան կարմիրի միջատներից ստացել են ամբողջ աշխարհում հայտնի կարմիր ներկը` որդան կարմիրը: Այն լայնորեն օգտագործվել է մանածագործության մեջ թելերի, մանվածքի ներկման, կտորների և գորգերի արտադրության մեջ: Հայտնի է, որ արարատյան որդան կարմիրը եղել է այն գունաներկի բաղադրության մեջ, որով ներկված են Ալթայում հայտնաբերված մ.թ.ա V դարին դասվող հայտնի Պազիրիկ գորգի թելերը:

Որդան կարմիրը շատ կայուն ներկ էր, այդ թվում լույսի ազդեցության հանդեպ` մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են 4-3 հազարամյակների վաղեմության հայկական պալատական համալիրների ավերակներում:

Հայկական որդան կարմիրից ստանում էին բոլոր երանգները, սակայն հատկապես այն գնահատվում էր հագեցած կարմիր գույնի համար: Այսօր որոշ հետազոտողներ փորձեր են անում վերականգնելու բոսորագույն կարմիրի ստացման կորցված բաղադրությունը, սակայն չի հաջողվում` գույնը փոխում է երանգը: Հենց կարմիր գույնի առանձնահատուկ երանգի համար են որդան կարմիրի միջատներին լատիներեն անվանել Porphyrophora` «արքայական ծիրանի», որովհետև նրանով էին ներկում արքայական ու իշխանական հանդերձները:

Բացի այդ արարատյան որդանը կիրառվում էր բժշկության, դիմահարդարման մեջ և խոհանոցում: Հայ բժիշկները կարմրաորդն օգտագործում էին լյարդի և երիկամների, ինչպես նաև շաքարախտի բուժման համար: Այն կիրառվում էր նաև որպես ջերմիջեցնող, հակաբորբոքային և հակաբեղմնավորող միջոց:

Որդան կարմիրը սերտորեն կապված է հայ մանրանկարչության հետ` մինչ օրս հին ձեռագրերն ապշեցնում են իրենց վառ և հագեցած գույներով: Արարատյան կարմրաորդը հիշատակվում է միջին դարերի բազում արաբական աղբյուրներում, որտեղ հիշատակվում է Հայաստանում արտադրվող «քիրմիզ» ներկը, որն օգտագործում էին մահուդե և բրդյա իրերը ներկելու, ձեռագիր մատյանները զարդանկարելու համար:

Վերածննդի դարաշրջանում այդ ներկը շատ պահանջված է եղել նկարիչների շրջանում` Լեոնարդո դա Վինչին, Ռեմբրանդտը, Միքելանջելոն բարձր են գնահատել նրա բացառիկ որակները: Պատմական փաստ է. Միքելանջելոյի նախնիները մայրական գծով, Ֆլորենցիայի բնակիչներ Ռուչելաիները XIII դարում հարստացել և փառքի են հասել՝ «Արևելքում բացահայտելով հրաշալի կարմիր ներկի գաղտնիքը»:

XIII դարում պետականության կորստյան հետ որդան կարմիրի արտադրությունը Հայաստանում անկում ապրեց: Եվ գրեթե դադարեց 16-17 դդ., երբ համաշխարհային շուկայում հայտնվեց մեքսիկական կարմրաորդը, որը թեև չափերով փոքր էր հայկականից, սակայն ավելի բեղուն էր. տարեկան 5 անգամ սերունդ տալով, այն դեպքում, երբ արարատյանը սերուդն է տալիս տարին միայն մեկ անգամ: Բացի այդ, հայկական կարմրաորդի համեմատ, մեքսիկականն ավելի քիչ ճարպեր էր պարունակում, ինչն ավելի դյուրին էր դարձնում ներկի արտադրությունը: Միայն որոշ վանքերում դեռ շարունակում էին ներկ պատրաստել սեփական կարիքների համար:

XIX դարում, երբ հայտնաբերվեցին արհեստական գունաներկերը, հայկական այդ եզակի «նոու հաուն» ետին պլան մղվեց, նրա բաղադրությունը չի պահպանվել: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ սինթետիկ ներկերը պակաս կայուն են քան բնականներն ու վնասակար են առողջությանը:

1830-ին որդան կարմիրի ուսումնասիրության նպատակով Հայաստան գործուղվեց Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի տեխնոլոգ և մեխանիկ Իոսիֆ Գամելը: Նրա հետազոտությունների արդյունքում հիմնավոր աշխատություն հրատարկվեց ռուսերեն և գերմաներեն լեզուներով: Գիտնականի ազգանունը հավերժացված է արարատյան կարմրաորդի լատիներեն անվան մեջ` Porphyrophora Hamelii:

XIX դարի սկզբում որդան կարմիրի բաղադրությունը վերականգնելու փորձեր արեց Էջմիածնի Մայր տաճարի վարդապետ Իսահակ Տեր-Գրիգորյանը (1780-1858)` շարունակելով միջնադարի մանրանկարիչ Սահակ Ծաղկարարի ավանդույթները: Նրա ստացած փոքր քանակի ներկը օգտագործվել է մանրանկարչության համար, կաթողիկոսի կնիքի և ձեռագրերի նկարազարդման համար: Սահակ Ծաղկարարը մեծ ուշադրություն է դարձրել կարմրաորդին սատկեցնելու եղանակից, քակի որ որակը շատ անգամ հենց դրանից էր կախված: Փորձել է կրաջուրը, սառը և տաթացրած քացախը, ծծմբի անհիդրիդը, գինի և այլն: Ի վերջո, լավագույն տարբերակը գինու և կալիումի կարբոնատի լուծույթն է եղել:

XX դարի 30-ականներին խորհրդային կառավարությունը նույնպես փորձեց որդան կարմիրի արտադրություն բացել: Սակայն դա չհաջողվեց կյանքի կոչել` պատերազմը խանգարեց: Արարատյան որդան կարմիրի ուսումնասիրման նախագիծը կրկին կյանքի կոչվեց 1971-ին, սակայն արդյունաբերական մասշտաբների այն այնդպես էլ չհասավ:

1987թ. Արմավիրի մարզում ստեղծվել է «Որդան կարմիր» արգելոցը, որտեղ աշխատանքներ էին տարվում այդ միջատն արհեստական պայմաններում բազմացնելու և արդյունաբերական նպատակներով օգտագործելու ուղղությամբ: Այժմ արգելոցի վիճակի չի համապատասխանում իր նշանակությանը` կարմրաորդերի քանակը գնալով պակասում է:

2008-ին կատարվել է արգելոցի քարտեզագրում և սահմանազատում: Արդյունքում հատկացվել է 220 հա: Արարատյան կարմրաորդի տարածման արեալը կազմել է 11 հազար հա: Այսօր, ըստ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափանիշների, այդ միջատն ընդգրկված է Կարմիր գրքում, որպես անհետացման եզրին գտնվող տեսակ:

PanARMENIAN.Net / Tsets