9 մարտի 2016 - 14:29 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Թումանյան 25-ը կարող է հյուրանոց դառնալ. Բնակիչները տարակարծիք են
2015-ին Թումանյան 25 հասցեով շենքի բնակիչները ծանուցում են ստացել քաղաքապետարանից, որ սկսում են սեփականության օտարման գործընթաց և նախատեսում են շենքը օտարել «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որին պատկանում է շենքի առաջին հարկը: Ծրագրով նախատեսվում է Թումանյան և Եզնիկ Կողբացի փողոցների հատման մասում կառուցել հյուրանոց՝ 80 հյուրանոցային համարով: Սակայն բնակիչների հետ դեռ ոչ ոք չի քննարկել տեղափոխման ու փոխհատուցման հարցը, առաջարկներ չեն արվել: Ապրիկի 5-ին դատական նիստ է տեղի ունենալու՝ «Ռենշին» ընկերության և քաղաքապետարանի դեմ, շենքը բացառիկ գերակա հանրային շահ չճանաչելու բնակիչների պահանջով:

Շենքում ընդամենը 7 բնակարան կա, իսկ նկուղային հարկում ժամանցի չորս հաստատություն, որոնցից 2-ը պատկանում է շենքի երկու ընտանիքին:

PanARMENIAN.Net-ը զրուցել է շենքի բնակիչների հետ:

«Եթե համարժեք փոխհատուցում լինի՝ միգուցե»

«Մենք ներքևը բիզնես-տարածք ունենք, որը ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրն է, և պետք է հասկանալ, թե ինչ փոխհատուցում կարող է լինել, որպեսզի մենք կորուստ չունենանք: Քաղաքի առաջին գարեջրատունն է, հայտնի է բոլորին, քաղաքի կենտրոնում է, անցուդարձը շատ է. այդ թվում, տեղանքի շնորհիշ է, որ բիզնեսը բավականին բարձր եկամուտ է ապահովում», - ասաց Գոհար Սիմոնյանը:

Նա նկատեց, որ գարեջրատան տարածքը վերանորոգել են, ինչի համար վարկ են վերցրել:

Սիմոնյանը շեշտեց, որ հնարավոր է համաձայնվեն տեղափոխվել, բայց միայն մոտակայքում գտնվող բնակարան, ոչ ծայրամասում, իսկ բիզնեսը նույնպես պետք է մոտիկ տեղ տեղափոխվի՝ Օպերայի և բալետի թատրոնի շրջակայքում:

Պատասխան առաջարկ ունեն «Ռենշին»-ին

Շենքի այլ բնակիչ՝ Լենա Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիկի 5-ին դատական նիստ է տեղի ունենալու՝ «Ռենշին» ընկերության և քաղաքապետարանի դեմ, շենքը բացառիկ գերակա հանրային շահ չճանաչելու բնակիչների պահանջով: Առաջին նիստը եղել է 2015-ին, սակայն պահանջը մերժվել է:

Մելիքյանը նշեց, որ բնակարան չունեն վաճառքի: Նա չի հավատում, որ համարժեք փոխհատուցում կառաջարկեն իրենց, և բացառում է տեղափոխումը: Նա նաև տեղեկացրեց, որ բնակիչները ցանկանում են գնել «Ռենշին»-ից անմխիթար վիճակում գտնվող առաջին հարկը և բարեկարգել այն:

3 սենյականոց՝ 2-ի տեղը

Միաժամանակ, այլ ընտանիքի ներկայացուցիչ՝ Սուսաննա Քամալյանը նշեց, որ կդիտարկեն տեղափոխման հնարավորությունը միայն այն դեպքում, եթե իրենց 2 սենյականոց բնակարանի տեղը 3 սենյականոց առաջարկեն և միայն կենտրոնում: Այլ տարբերակի համաձայն չեն:

Նրա խոսքով՝ բնակիչների հետ ոչ մեկ այդ հարցերը նորմալ չի քննարկում, առաջարկ չի արվում:

Տեղափոխվելը ծանր կլիներ

Շենքի այլ բնակիչ՝ 82-ամյա Սեդա Զաքարյանը համաձայն չէ տեղափոխվել. ասում է, թե այս շենքում 1952-ից է ապրում, այստեղ է (առանձին բնակարանում) նաև նրա որդու ընտանիքը:

«Տեղափոխվելը ծանր կլիներ, քանի որ տեղը թանկ է իմ համար, ամեն ինչին այստեղ շատ եմ սովորել»:

Բնակիչներից ոմանք պնդում են, որ գնալու են «մինչև վերջ», որպեսզի շենքը չճանաչվի գերակա շահ:

Քանդիր, թե կարող ես՝ PAN-ն ընթերցողին առաջարկում է փորձել որոշել քաղաքի ապագան և վճռել երևանյան 11 շենքի ճակատագիրը:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
ՖՈՏՈՇԱՐՔ