18 մարտի 2016 - 16:44 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչպես ԱԱՀ գանձման փոփոխությունները կազդեն Հայաստանում մեքենաների գների վրա
ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ԵՏՄ երկրներից ֆիզանցանց կողմից ավտոմեքենաներ ներմուծելիս չգանձել 20% ԱԱՅ-ն:

Նախագահի կողմից 10-օրյա ժամկետում ստորագրվելուց հետո, օրենքն ուժի մեջ կմտնի: Շատ հնարավոր է, որ արդեն մարտի վերջում փոփոխությունները կգործեն:

Այդ նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Հայաստանի անդամությունը ԵՏՄ-ին: «Քանի որ մենք ԵՏՄ անդամ ենք և միասնական տնտեսական տարածքի մաս, որտեղ իրականացվում է ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ, անհրաժեշտ եղավ ԵՏՄ տարածքից ներմուծվող ավտոմեքենաների համար չեղարկել ԱԱՀ գանձումը»,-ասել է օրինագծի համահեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ավելին, ԱԱՀ գանձումը 2015-ի հունվարի 2-ից հետո ՀՀ ներկրված ավտոմեքենաների համար հակասում էր երկրի ստանձնած պարտավորություններին: Դեռևս ենթադրվում է, որը օրենքը հետադարձ ուժ չի ունենա, այսինքն չի տարածվի նրանց վրա, ով արդեն մուծել է ԱԱՀ`ավտոմեքենա ներկրելով ԵՏՄ-ից 2015-ի հունվարի 2-ից հետո: Չի բացառվում սակայն, որ կառավարության հետ քննարկումներից հետո օրենքի ազդեցությունը տարածվի նաև վերոնշյալ խմբի վրա:

Այս բոլոր փոփոխությունների հետ հարց է առաջանում` ինչպես կփոխվի իրավիճակը Հայաստանի ավտոմոբիլային շուկայում: Այս հարցով PanARMENIAN.Net-ը դիմել է մի շարք փորձագետների:

Ըստ Հայաստանում «Նիսան» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Մուրան» ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Արտյոմ Պետրոսյանի, իրավիճակը հայաստանյան շուկայում որոշ փոփոխություններ կկրի, սակայն դրանք կարճաժամկետ կլինեն:

«ԵՏՄ տարածքից ավտոմեքենա ներկրող ֆիզիկական անձանց ԱԱՀ գանձումից ազատելը կհանգեցնի նրան, որ կհեշտացվի ավտոմեքենաների ներկրումը, մասնավորապես Ռուսաստանից: Նախկինում, երբ Ռուսաստանում և Հայաստանում գների տարբերությունը հասնում էր 15-20%-ի, մարդիկ կարծում էին, թե միևնույն է հարկ կլինի ԱԱՀ վճարել, և դա ազդում էր Ռուսաստանում ավտոմեքենա գնելու նրանց որոշման վրա: Իսկ այժմ վերջնական գինը 20 %-ով պակաս կլինի, ինչը, բնականաբար, կդրդի մարդկանց մեքենա գնել, հատկապես` Ռուսաստանից»:

Սակայն, ըստ Պետրոսյանի, ԱԱՀ գանձումը միայն կխորացնի առանց այդ էլ բարդ իրավիճակը, որում հայտնվել են հայ ավտոդիլերները: Բանն այն է, որ Ռուսաստանում ռուբլու կտրուկ անկումից հետո գործնականում նոր ավտոմեքենաները վնասով են վաճառվում: Մի շարք հայտնի համաշխարհային բրենդեր արդեն հեռացել են երկրից շուկայում վաճառքների անբարենպաստ վիճակի պատճառով, սակայն մի մասը դեռ մնում է ռուսական շուկայում` հուսալով, որ իրավիճակը կշտկվի, իսկ շուկայի իր հատվածը պահելը կարևոր է: Բացի այդ, Ռուսաստանում արտադրություն են բացել Toyota, General Motors, Nissan, Hyundai և այլ ավտոկոնցեռններ, որոնք ևս կարող են իրենց թույլ տալ վնասով վաճառել ավտոմեքենաները:

«Այսպիսով, հայաստանյան ավտոշուկայի վրա ազդող հիմնական գործոնը հենց ավտոմեքենաների գներն են Ռուսաստանում: Ինչ վերաբերում է ԱԱՀ գանձման չեղարկմանը, ապա կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանից ավտոմեքենաներ ներկրող մարդկանց քանակը կաճի, սակայն հետո գները Հայաստանում և այնտեղ գրեթե կհավասարվեն: Բացի այդ, ԱԱՀ չվճարելու համար ՀՀ ներկրված ավտոմեքենաներից շատերը մնում էին ռուսական համարներով: Իսկ հիմա դրանց սեփականատերերը հանգիստ կարող են վերագրանցել մեքենաները»,-ասել է Պետրոսյանը:

Ըստ մեկ այլ փորձագետ Վահագն Սահակյանի, նորամուծությունները «ԱԱՀ մասին» օրենքում, անշուշտ, կազդեն նաև օգտագործվող մեքենաների գների վրա Հայաստանում: Ճիշտ է, էժան ավտոմեքենաների դեպքում ազդեցությունը գրեթե աննկատ կլինի: «5 հազար դոլար արժողությամբ մեքենաների գները գրեթե չեն փոխվի, իսկ 5-10 000 դոլարանոց մեքենաները կէժանանան 10 %-ով: Իսկ ավելի թանկ մեքենաների դեպքում գինը կարող է նվազել 15-20 %-ով»,-ասել է Սահակյանը:

«Կամազ Արմենիա» ընկերության տնօրեն Սերգեյ Գալստյանի կանխատեսումն ավելի կտրուկ էր: «ԱԱՀ չեղարկումից հետո գործնականում ներմուծումն ամբողջությամբ Ռուսաստանից կլինի: Հիմա նույն մեքենան ՌԴ-ում ավելի էժան է, քան Ճապոնիայում: Եվ դա, անշուշտ, կապված է ռուբլու արժեզրկման հետ»,-ասել է նա:

Ըստ Գալստյանի, գները կնվազեն նույնիսկ ավելի, քան 20%-ով: «Բանն այն է, որ եթե դիտարկելու լինենք շուկայի համարժեք ծավալներն ու վերլուծենք պահանջարկի վրա ազդող գնագոյացության հետ կապ չունեցող գործոնները, ապա կտեսնենք, որ այս պարագայում մեծ նշանակություն ունեն սպառողների ակնկալիքները, ինչը կխթանի այդ գործընթացը: Կարծես թե, գինը պետք է նվազի 20 %-ով, սակայն ներկրման բումի պատճառով կտրուկ կաճի առաջարկը, ուստի կնվազի համարժեք շուկայական գինը»:

Որոշակի պատկերացում կարող է տալ նաև ավտոմեքենաների նոր մոդելների գործող գների համեմատությունը տեղի և ռուս դիլերների մոտ: Հարմարության համար համեմատությունը կկատարենք դոլարով`տարադրամի ԿԲ փոխարժեքով: Հարկավոր է հաշվի առնել, որ ՌԴ-ից ներկրման դեպքում չի մուծվում 10% մաքսատուրքը:

Niva Urban-ը ՀՀ-ում արժե մոտ $8830, որից ԱԱՀ՝ $1470: Գինը ՌԴ-ում՝ $7463:

Toyota Corolla-ն արժե մոտ $15180, որից ԱԱՀ՝ մոտ $2630: ՌԴում՝ $12600:

KIA Cerato Comfort-ն արժե մոտ $20440, որից ԱԱՀ՝ մոտ $3400: ՌԴ-ում՝ $13080:

Toyota Land Cruiser Prado-ն՝ մոտ $44560, որից ԱԱՀ՝ մոտ $7400: ՌԴ-ում՝ մոտ $28100:

Անշուշտ, այս համեմատությունը մեծ ճշգրտության չի հավակնում, քանի որ ներկայացված սկզբնական գներում կարող է նախատեսված լինել ավտոմեքենաների տարբեր կոմպլեկտացիա, ինչպես նաև այն պատճառով, որ գների տատանումը տարբեր դիլերների մոտ (առաջին հերթին Ռուսաստանում) կարող է բավականին մեծ լօնել՝ կախված աշխարհագրությունից: Սակայն ակնհայտ է, որ գներն էականորեն տարբեր են: Ընդ որում, եթե ամենաէժան մոդելի համար տարբերությունը կազմել է 20%, ապա թանկ մեքենաների դեպքում տարբերությունը կարող է հասնել գրեթե 60%-ի:

Կարեն Արզումանյան