Հարցին կոնկրետ մեկ քաղաքի` Հրազդանի օրինակով փորձել են պատասխանել ճարտարապետներ Հայկ Զալիբեկյանը, SNKH ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներ Աշոտ ու Արմինե Սնխչյանները և Ագլայա Վան-Վան Ե-ն: Մայիսի 11-ին Միրզոյան գրադարանում Հայկ Զալիբեկյանը ներկայացրեց իրենց համատեղ իրականացրած` Հրազդան քաղաքի 500 մ երկարությամբ բուլվարի վերափոխման նախագիծը:
Մինչև Հրազդան քաղաքում հանգստի ու ժամանցի համար նախատեսված նոր զբոսայգու նախագիծը ներկայացնելը, ճարտարապետը ներկաներին պատմեց քաղաքի կազմավորման, բարգավաճման ու ծաղկուն ժամանակների մասին` ցավով նշելով, որ այդ ամենն արդեն անցյալում է. մշտական բնակչության թիվը գնալով նվազում է, գործարանները, արտադրամասերն ու խանութները` հերթով փակվում: Այս ամենի հետևանքով քաղաքում կյանքը կարծես կանգ է առել:
Բուլվարն այսօր
Կոտայքի մարզի վարչական կենտրոն Հրազդան քաղաքը գտնվում է նույնանուն գետի ափին, Երևանից 40 կմ հյուսիս-արևելք։ Մինչև 1959-ը այն կոչվել է Ներքին Ախտա։ Քաղաքը կարևոր ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերերը։ Տարածքը՝ 20 կմ²։
Սակայն, ըստ ճարտարապետի, ամեն ինչ կորած չէ, և կարելի է փոքրիկ նախագծեր իրականացնելով վերականգնել քաղաքի գրավչությունը` նաև զբոսաշրջության առումով:
Նախագիծն՝ ինտերակտիվ քարտեզով. մոտեցրեք մկնիկը կապույտ կետին՝ պատկերը տեսնելու համար
«Արևմուտքում վաղուց են հասկացել` ամենաշահավետը մարդկանց, նրանց հարմարության համար կատարվող ներդրումն է: Որքան հարմար ու հաճելի է այն միջավայրը, որտեղ մարդիկ ապրում են ու հանգստանում, այդքան ավելի մեծ եռանդով են նրանք աշխատում, նվիրվում իրենց քաղաքին, հասարակությանը»,- նշեց Հայկը` հավելելով, որ ցանկալի արդյունքին հնարավոր է հասնել անգամ փոքր տարածքների վերափոխման շնորհիվ:
Նախագծի մասին
Ըստ Հայկ Զալիբեկյանի ներկայացրած նախագծի` Հրազդան քաղաքի կենտրոնական, մոտ 500 մետր երկարությամբ բուլվարը պետք է հիմվովին վերափոխվի: Այնտեղ կլինեն մոտ 850 հանդիսատեսի համար նախատեսված ամֆիթատրոն, ժամանցի գոտիներ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ, սրճարան, ռեստորան, սկեյթի հրապարակ, հեծանվուղի-վազքուղի, կավելանա կանաչ գոտու մակերեսը:
Նախագծի կտրվածքը
Արժեքը
Ճարտարապետները դեռևս նախահաշվարկ չեն կազմել: Ասում են` դրանով կզբաղվեն, եթե նախագիծը կոնկրետ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնի:
Ապագան
Հայկ Զալիբեկյանը 2015-ի աշնանը գնացել է Կոտայքի մարզպետարան, որը, ի դեպ, գտնվում է անմիջապես բուլվարի դիմաց` ճակատային հատվածում: Ինչևէ, ճարտարապետը գնացել է և մարզպետարան, և քաղաքապետարան, փորձել ներկայացնել իր` այն ժամանակ դեռևս բանավոր մտահաղացումը, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չի ստացել: Սակայն ծնունդով Հրազդանից ճարտարապետը հույսը չի կորցնում. նա հաջորդ շաբաթ բուլվարի վերակառուցման նախագիծը կներկայացնի Հրազդանի քաղաքապետին: