4 հուլիսի 2016 - 15:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական գարեջրի դժվար օրերը
Արտադրողները կորցնում են թե ներքին, թե արտաքին շուկան
2016 թվականի 5 ամսում Հայաստանից արտահանումն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ավելացել է 20%-ով: Աճը հիմնականում տեղի է ունենում ռուսական շուկայի հաշվին, որտեղ սպառվում է պատրաստի սննդամթերքի ու թարմ պտուղ-բանջարեղենի առյուծի բաժինը:

Միաժամանակ, որոշ այլ ոլորտների արտահանումն ու արտադրությունը Հայաստանում շարունակական անկման մեջ է. նման ոլորտներից մեկը գարեջրագործությունն է:

2016 թվականի առաջին 5 ամսում Հայաստանում արտադրվել է 6.2 մլն լիտր գարեջուր՝ 2015-ի 7.1 մլն լիտրի դիմաց, այսինքն, գրանցվել է 12% անկում: 2014-ի միևնույն ժամանակաշրջանի համեմատ անկումն էլ ավելի մեծ է՝ 24%:

Միևնույն ժամանակ, ներմուծման կրճատման մասին խոսք չկա. 2016 թվականի առաջին 5 ամսում Հայաստան է ներկրվել 1.809 մլն լիտր գարեջուր 2015-ի 1.035 մլն լիտրի դիմաց (74% աճ): Նույն ժամանակաշրջանում արտահանումն ընկել է 21%-ով՝ մոտ 746 հազար լիտրից մինչև մոտ 589 հազար լիտր:

Ստացվում է, որ գարեջրի ներքին սպառման շուկան աճել է 1.1%-ով՝ մինչև 7.483 մլն լիտր: Սակայն տեղական գարեջրի մասնաբաժինն այդ ընթացքում կտրուկ կրճատվել է: Ընդամենը 1 տարում արտասահման գարեջրի մասնաբաժինը շուկայում աճել է 14%-ից մինչև 24%:

Ներմուծումն ավելի մանրամասն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ ստեղծված իրավիճակի համար մեծապես «պատասխանատու» է ռուսական գարեջուրն ու ռուսաստանյան շուկայի անկումը: ՊԵԿ-ից PanARMENIAN.Net-ին տրամադրված տվյալները վկայում են, որ ՌԴ-ից ներմուծումն աճել է 64%-ով մինչև 1.364 մլն լիտր, հասցնելով ռուսաստանյան արտադրության գարեջրի բաժինը հայկական շուկայում 11%-ից մինչև 18%: Արտահանման անկումը ևս տեղի է ունենում ռուսական շուկայում հայ գարեջրագործների դիրքերի թուլացման հետևանքով՝ այդ շուկային է բաժին հասնում հայկական գարեջրի արտահանման առյուծի բաժինը` 85%-ը, :

Հայաստան գարեջրի ներմուծման ծավալներով երկրորդ երկիրն Ուկրաինան է. 2015-ի 5 ամսում ներմուծվել էր ընդամենը 32 հազար լիտր գարեջուր, 2016-ի նույն ժամանակաշրջանում՝ 241 հազար լիտր (յոթապատիկ աճ): Ուկրաինական գարեջուրը 5 ամսում գրավել է հայկական շուկայի 3.2%-ն՝ այն պարագայում, երբ 2015-ին զբաղեցնում էր կես տոկոսից էլ պակաս ծավալ: ՀՀ-ից Ուկրաինա է արտահանվել ընդամենը 9.5 հազար լիտր գարեջուր:

Պատճառները երկուսն են. դրամի փոխարժեքի կայունությունն ու, ՌԴ պարագայում, ԵՏՄ ազատ շուկան: 2014 թվականից ի վեր ռուբլին ու գրիվնան արժեզրկվել են համապատասխանաբար համարյա 2 և 3 անգամ, ՀՀ դրամը միևնույն ժամանակաշրջանում էժանացել է մոտ 20%-ով: Այսպիսով, ՌԴ-ում շշալցված գարեջրի արտահանման գրավչությունն աճում է, իսկ հայկական գարեջրի մրցունակությունը ռուսական շուկայում, ընդհակառակը, ընկնում: Իր ազդեցությունն է թողնում նաև ակցիզային հարկի տարբերությունը. ՌԴ-ում այն կազմում է 20 ռուբլի (մոտ 140 դրամ՝ ընթացիք փոխարժեքով) 1 լիտրի դիմաց, ՀՀ-ում` 105 դրամ, ինչի հետևանքով Ռուսաստան արտահանողները հարկվում են ավելի շատ, քան Հայաստան ներմուծողները:

Արդյունքում հայկական խանութների ու սուպերմարկետների դարակները հեղեղում են ՌԴ-ում շշալցված Lowenbrau, Krusowice, Bud, Miller, Amstel ու այլ, այդ թվում՝ զուտ ռուսական բրենդերը, որոնք նախկինում մի քանի 100 դրամ թանկ էին հայկական նույն ծավալի տարայով գարեջրից, իսկ այժմ վաճառվում են 350-500 դրամ միջակայքում: Հայկական գարեջուրը ՌԴ-ում վաճառվում է 80-90 ռուբլիով՝ տեղականի 45-60 ռուբլու դիմաց:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net