PAN-ը հավաքել է բոլոր կարևոր որոշումներն ու նախաձեռնությունները, որոնք Կարապետյանը հասցրել է ընդունել և իրագործել այս կարճ ժամանակահատվածում:
Նոր կառավարության ձևավորումը
Նշանակումից հետո Կարապետյանը նոր կառավարություն կազմավորեց՝ նոր կադրերով: Նա խոստացավ հիմնականում նախորդներից ավելի երիտասարդ նախարարների հետ համատեղ թարմություն բերել, իրականացնել արմատական փոփոխություններ: Արդյունքում կառավարության միջին տարիքը նվազեց 4.4-ով և դրա կազմում չներառվեցին հայկական քաղաքական կյանքի այնպիսի հնաբնակներ, ինչպիսիք են Հասմիկ Պողոսյանը, Սեյրան Օհանյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը: Հատուկ նշենք նաև Սուրիկ Խաչատրյանի «սեփական դիմումի համաձայն» Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռանալը:
Իրականության ընդունումը
Որպես առաջին քայլ՝ նորանշանակ վարչապետը կոչ արեց իրատեսորեն նայել ՀՀ տնտեսությանը. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»:
Ծախսերի օպտիմալացումը
Վարչապետը պաշտոնին անցնելուց անմիջապես հետո սկսեց չեղարկել նախարարների չհիմնավորված գործուղումները՝ դրանց թիվը հասցնելով նվազագույնի: Բացի այդ, կրճատվեց կառավարական ծախսերի, անգամ՝ նախագահի աշխատակազմի բյուջեն: Բացի այդ, կրճատվեցին և փակվեցին Ծրագրերի իրականացման գրասենյակները (ԾԻԳ): Արդյունքում մինչև դեկտեմբերի 1-ը փակվեց 5 ԾԻԳ: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացած վարկային միջոցներով ծրագրերը իրականացնում է 17 նմանատիպ կառույց, որից 11-ը ԾԻԳ է: Սակայն մինչև տարեվերջ նախատեսվում է փակել նման ևս 5-6 գրասենյակ: ⅓-ով կկրճատվեն նաև դրանց պահպանման ծախսերը:
Էլէներգիան ու գազը
Պաշտոնավարման 3-րդ օրը Կարապետյանը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկել է համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
Արդյունքում, հոսանքի սակագինը կնվազի փետրվարի 1-ից, գազինը՝ հունվարի 1-ից:
Մենաշնորհների դեմ (չ)պայքարը
Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ չի պատրաստվում նպատակաուղղված պայքար տանել մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, սակայն ստեղծելու է հավասար պայմաններ, որպեսզի ոչ ոք չունենա ադմինիստրատիվ կամ կոռուպցիոն լծակներ կիրառելու հնարավորություն` գերիշխող դիրք ստանալու համար:
Այնուամենայնիվ, վարչապետը շեշտել է՝ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել. «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»:
Թղթաբանության պարզեցումը
Հոկտեմբերի 13-ին վարչապետը հայտարարեց՝ հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի:
«Հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար առցանց եղանակով դիմելու հնարավորություն ստեղծել»:
Այստեղ մնում է միայն ավելացնել, որ համապատասխան առցանց ծառայությունն արեն իսկ գործում է:
Վճարովի կայանատեղիները
Վարչապետն ու նախագահ Սերժ Սարգսյանը միահամուռ (այստեղ մի քիչ բարդ է հասկանալը՝ ում նախաձեռնությունն էր սա) որոշեցին պետբյուջե ուղղել վճարովի կայանատեղիներից և տեսանկարահանող սարքերի միջոցով ստացվող շահույթը. «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցան պետական ու համայնքային կառույցներին:
Կոռուպցիայի դեմ պայքարը
Կոռուպցիայի դեմ պայքարն ավելի իրատեսական դարձնելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով 2 օրինագիծ մշակվեց և ներկայացվեց: Դրանցից առաջինը ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագծին էր, որը ենթադրում է, որ այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Բացի այդ մշակվեց ևս մեկ օրինագիծ, որով սահմանափակվում են կանխիկ գործառնությունները:
«Այսպես կոչված կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը ստացել է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՝ ոչ»,- որոշումը հիմնավորել է վարչապետը:
Աշխատանքը դրսի հետ
Վարչապետի նախաձեռնությամբ ակտիվացել է աշխատանքն արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Մասնավորապես, որոշվել է, որ նման 15 ներկայացուցչությունում այսուհետ պետք է ՏՏ մասնագետներ լինեն, բացի այդ, գործարկվել է ներդրումային ծրագրերի հարթակը: Նպատակը մեկն է՝ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով արտասահմանյան ներդրումներ ներգրավել:
Պրիմիտիվ գողությունը, շանտղությունն ու ռազմական պոլիգոնը
Արդեն 100 օր ՀՀ Գործադիր իշխանությունը ղեկավարող Կարեն Կարապետյանը սիրում է իրերն իրենց անունով կոչել.
«Պրիմիտիվ գողությունը վերացրեք»
«Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»
«Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել»
«Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»
Ոչ 7 ամսով
Երբ Կարապետյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, բոլորին մեկ հարց էր հուզում՝ որքան ժամանակով՝ 7 ամսո՞վ, թե՞… Առայժմ հայտնի է միայն, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում նա կշարունակի պաշտոնավարել, իսկ թե ինչ կլինի 2018-ի փետրվարից հետո, դեռ ոչ ոք չգիտի, կամ՝ գրեթե ոչ ոք: