
ն այս կարճ հարցն է ուղղել սոցիոլոգի, քաղաքագետի ու հոգեբանի:

Ահարոն Ադիբեկյան, սոցիոլոգ
Որովհետև իրենք էլ վաճառելու ոչինչ չունեն, իսկ դրամային մուտքը ընտանիքին բավական օգտակար կլինի: Իրենց համար մեկ է՝ ով կլինի իշխանության գլխին: Սա նման է խորտակվողին ձեռք մեկնելուն: Իրենք ուղղակի մտածում են, որ այդ գումարով մեկ ամիս կամ մեկ շաբաթ իրենց ընտանիքին հացով կապահովեն: Այս հարցը նման է նրան, թե ինչու է կինը դուրս գալիս հրապարակ՝ մարմինը վաճառելու: Սա նույն կատեգորիայից է. վաճառում են այն, ինչ ունեն: Ռուսներն ասում են՝ ամեն ինչ վաճառվում է: Մարդիկ այնպիսի վիճակում են, որ ամեն ինչ հանում են վաճառքի: Ձայնը պարզապես այդ «ամեն ինչի» շարքից է: Գնացեք վերնիսաժ, տեսեք՝ ինչեր են վաճառում: Մարդիկ տարիներով պահած «սերվիզներն» ու գրքերն են վաճառում, որովհետև ուրիշ բան չունեն այլևս վաճառելու:
Սերգեյ Մինասյան, քաղաքագետ
Շատ պարզ են պատճառները: Դրանք 3-ն են: Նախ ու ամենակարևոր պատճառը՝ երկրում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան: 2-րդը՝ հետխորհրդային ֆենոմեն է. Հայաստանը հետկոմունիստական կամ հետտոտալիստական պետություն է, որտեղ դեռևս լիովին կայացած չէ ընտրական, քաղաքական գործընթացների ինստիտուտը: Քաղաքական ծրագրերի, գաղափարների մուտքը հասարակության մեջ շատ բարդ է ընթանում, այսինքն՝ քաղաքական ծրագրերի, մտքերի, գաղափարների պայքար չկա: 3-րդ պատճառը, որն արդեն համաշխարհային ֆենոմեն և թրենդ է, այն է, որ ամբողջ աշխարհում կուսակցական գաղափարները զիջում են պոպուլիզմին ու նյութական էլեմենտին. օրինակ՝ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում: Մեզ մոտ էլ ավելի պարզ տարբերակն է՝ գաղափարները զիջում են ռեսուրսներին:
Կարինե Նալչաջյան, հոգեբան
Հարցը միակն է ու շատ կարճ, բայց շատ լուրջ հենք ունի: Տարիներ շարունակ որակազերծում տեղի ունեցավ՝ արժեքների, նորմերի, բարոյական չափանիշների: Մարդիկ նաև խեղճացան, մտածեցին, որ իրենցից ոչինչ կախված չէ: Փողը դարձավ բյուրոկրատիայի բավական ցցուն տարր. մարդիկ գնում են այն ուղղությամբ, որտեղից փողի հոտ է գալիս: Սա շատ տխուր է դիտարկելը: Բայց ես չէի ցանկանա մեր ժողովրդին վարկաբեկել, քանի որ այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ շատ ու շատ բարոյական արժեքներ մեր ժողովրդի մեջ պահպանվել են: Այս ամենը պարզապես իրադրական զարգացումների հետևանք է, սակայն մեր ժողովուրդն իր առողջ կորիզը պահպանում է: Այնուամենայնիվ, ձայների վաճառքը կապում եմ արժեքների անկման հետ: Ուղիղ կապը գուցե տեսանելի չէ, բայց այս ամենը հետևանք է նաև այն բանի, թե ինչ են մարդիկ նայում հեռուստատեսությամբ, ինչպիսի ստերոտիպներ են ձևավորվում, ում են մարդիկ տեսնում որպես առաջնորդ:
Մեր ժողովուրդը հիասթափությունների միջով անցած ժողովուրդ է: Մենք իրավունք չունենք վատաբանել, փնովել մեր ժողովրդին: Իրականում շատ հաճախ իրական արժեքներից զուրկ է ոչ թե հասարակ ժողովուրդը, այլ այն մարդիկ, որ առաջնագծում են ու լծակներ ունեն: Այդ հենց նրանք պետք է զբաղվեն մարդկանց ինքնագնահատականի ու արժեհամակագի բարձրացմամբ, բայց տարիներ շարունակ հակառակն են արել՝ հենց նույն ընտրակաշառքը բաժանելով: Դրա համար շատ կարևոր է, թե ում ձեռքին են ազդեցության լծակները, թե չէ մեր ժողովուրդն ինքնին շատ լավն է, պարզապես ծանր պայմաններում է ապրում ու շատ փորձություններ է անցել: