22 մայիսի 2017 - 14:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Հաստիքների կրճատում ու հավաքված գումարների աճ
Ինչպես է փոխվում ՊԵԿ քաղաքականությունը
Պետական եկամուտների կոմիտեում վերջին կես տարում պարբերաբար փոփոխություններ են լինում: PanARMENAIN.Net-ն ի մի է բերել կառույցում ընթացող գործընթացները. կրճատումներից ու հավաքված գումարների աճից մինչև հարկային համաներում ու ինքնազբաղվածների ազատում հարկումից: Ի՞նչ է եղել ՊԵԿ-ում վերջին շրջանում:

ՊԵԿ-ի ՕԳԳ-ն նախկինում

2016-ի նոյեմբերին PAN-ը համեմատել էր Վրաստանում ու Հայաստանում հարկային ու մաքսային աշխատողների քանակն ու տնտեսվարողների թիվը: Արդյունքում պարզվել էր, որ 5 անգամ շատ տնտեսվարող ունեցող Վրաստանում 30%-ով պակաս հարկային տեսուչ կա. 1 վրացի տեսուչը 1 հայից 4 անգամ շատ ընկերություն է սպասարկում:

Կրճատումներ

Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով կկրճատվի 483 հաստիք: Կվերանա մի քանի մաքսատուն, տարածքային տեսչություններ ու բաժիններ, փոխարենն, օրինակ, առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին է ստեղծվեու:

Ինքնազբաղվածների ազատում հարկումից

2017 թվականի հունվարի 1-ից գործունեության 23 տեսակով ինքնազբաղված մոտ 1570 անձ ազատվում են հարկումից: Նրանք ներգրավված են հագուստի նորոգման, փայտյա իրերի պատրաստման, լեզուների ուսուցման ու մի շարք այլ ոլորտներում:

Հարկային համաներում

Մինչև 2012-ի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և սոցվճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող 4300 ԱՁ կազատվի այդ գումարների վճարումից ու տույժերից: Նրանք կխնայեն մոտ 800 մլն դրամ: Սոցվճարներն ուշացրած ֆիզանձինք, նոտարներն ու ինքնազբաղված անձինք, 2 կամ ավելի գույք օտարած եւ ԱԱՀ գծով պարտավորություն ունեցող ֆիզանձինք ևս ազատվում են տույժ-տուգանքներից: Դա կվերաբերվի մոտ 15.000 անձանց:

Հավաքագրումների աճ

2017-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները աճել են 24.3 մլրդ դրամով: 2016 թվականի հոկտեմբերից 2017 ապրիլ ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է 653,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

Խոշորներն $29 մլն ավելի շատ են մուծել

Խոշոր հարկ վճարողներն առաջին եռամսյակում ավելացրել են մուտքերը 13.9 մլրդ դրամով (մոտ $29 մլն) կամ մոտ 14%-ով: Միաժամանակ վերջիններիս կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի թիվն աճել է մոտ 18%-ով՝ մինչև 1.420 մլն հատ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի խոսքերով, խոշոր վարկ վճարողների մոտ ստվերը 48.8 տոկոսից նվազել է և դարձել 33.2 տոկոս:

Բարեխիղճ տնտեսվարողների համար կյանքը հեշտացնում են

2017-ի հունվարին Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցներն մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ են տվել, ինչը նրանց մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն է տալիս:

Ադրբեջանական խնձորների սկանդալը

2017-ի ապրիլին մի շարք խանութներում ու շուկաներում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ հայտնաբերվեցին:

Պարզվեց, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները որոշ անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար խմբի կազմում` նախնական համաձայնությամբ նրանցից կաշառք են ստացել, որի հետևանքով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրվել է օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն:

Քրգործեր ու ձերբակալություններ

2016-ի հոկտեմբերից 2017-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում հարկային հանցագորեծությունների ու մաքսանենգության վերաբերյալ 271 քրգործ է հարցուվում՝ 103-ը մաքսային, 168-ը հարկային հանցագործությունների դրվագներով:

Մասնավորապես, ադրբեջանական խնձորի ներմուծման գործով ձերբակալվում են ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը: