25 մայիսի 2017 - 17:15 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Կանացիություն և ուժ
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Մայիսի 24-ին Հայաստանի բոդիբիլդինգի ֆեդերացիան հերթական անգամ անցկացրեց կանանց միջև՝ ֆիթնես բիկինիի, իսկ տղամարդկանց՝ բոդիբիլդինգի, դասական և լողափային բոդիբիլդինգի մրցաշարեր:

Մրցաշարի կին-մասնակիցները հինգն էին, որոնցից չորսը ներկայացել են ֆիթնես բիկինի անվանակարգում, և միայն մեկը՝ բոդիբիլդինգ: Առաջնությունում հաղթանակած մարզիկները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը մայիսի 27-ին Վրաստանում անցկացվող Black Sea Cup 2017 միջազգային մրցաշարին:

PAN-ը ներկա է գտնվել մրցումներին, զրուցել է կին-մասնակիցների հետ, փորձելով պարզել՝ ինչու՞ են ընտրել հենց այդ մարզաձևը, արդյոք համարո՞ւմ են այն «բավականաչափ կանացի», և ինչպիսի՞ արձագանք են ստանում շրջապատից:

Ալլա Նազարյանը միակ աղջիկ-բոդիբիլդերն էր այս մրցույթում, և հենց նա էլ նվաճեց գլխավոր մրցանակն այդ անվանակարգում:

Ես Դուբայից եմ եկել, Հայաստանում չեմ ապրում: 10-15 տարի է, ինչ զբաղվում եմ սպորտով, բայց առաջին անգամ եմ մասնակցում հենց բոդիբիլդինգի առաջնությանը: Ես զբաղվում եմ քրոսֆիթով ու փաուերլիֆտինգով, և դա լրիվ այլ մարզաձև է: Դուբայում այս սպորտաձևերը և, մասնավորապես, բոդիբիլդինգը շատ զարգացած են, շատ ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում, քան Հայաստանում: Այո՛, բոդիբիլդինգը կանացի մարզաձև չէ, բայց հենց սկսում ես մարզվել, ձեռք ես բերում ինքնավստահություն, ինչը քեզ օգնում է օրվա ընթացքում ավելի եռանդուն և ամուր լինել: Ընդհանրապես բոդիբիլդինգով զբաղվող մարդիկ շատ ակտիվ են, մենք չենք ապրում պասիվ կյանքով, հիմնականում միշտ շատ ուրախ ենք և աշխույժ, միայն մրցույթներից առաջ ենք շատ հոգնած լինում, երբ շատ դժվար դիետաների վրա ենք նստում, շատ ենք պատրաստվում:

Այս տարի մրցույթին մասնակցել ինձ համոզեցին մեր հայ բոդիբիլդերները, մարզիչները տեսան՝ ինչպիսի մարզավիճակում եմ: Հատուկ եկել եմ Դուբայից այս առաջնությանը մասնակցելու համար, իսկ հետո կգնամ Վրաստան՝ Հայաստանը ներկայացնելու: Մրցումներին մոտ 6 շաբաթ եմ պատրաստվել, քանի որ մարզավիճակս թույլ էր տալիս երկար չպատրաստվել: Ես միշտ պատրաստ եմ, ինձ համար այս ընթացքը դժվար չէր, ես սպորտսմեն եմ: Ու բոլորին կոչ եմ անում զբաղվել սպորտով, ապրել առողջ, ճիշտ սնվել, մարզվել, պարտադիր չէ պրոֆեսիոնալ կերպով զբաղվել բոդիբիլդինգով առողջ ապրելու համար, պարզապես պետք է ամեն օր մի 20 րոպե ժամանակ գտնել զբոսնելու, ակտիվ լինելու համար, դա կօգնի սրտին ավելի առողջ լինել:

Լիլիան Գևորգյանն այս տարվա ֆիթնես բիկինի մրցույթի հաղթողն է:

Ես մանկուց եմ զբաղվում սպորտով, փոքր ժամանակ գնացել եմ սպորտային դպրոց, սկզբից խորեոգրաֆիայով եմ զբաղվել, այնուհետև մտափոխվեցի և 5 տարի զբաղվեցի գեղարվեստական մարմնամարզությամբ, իսկ ֆիթնեսը ուսումնասիրելուց հետո որոշեցի, որ ֆիթնես բիկինի ճյուղն իմն է: Ինձ դուր է գալիս, որ մկանները կարող են դառնալ ավելի ուժեղ, կազմվածքը՝ ավելի գեղեցիկ: Այս տարի արդեն երրորդ անգամ եմ մասնակցում այս մրցույթին, առաջին և երկրորդ անգամները գրավել եմ երրորդ տեղը: Այս տարի երկար եմ պատրաստվել, շատ եմ մարզվել:

Ընդհանրապես կարծում եմ, որ ֆիթնեսը շատ կանացի սպորտաձև է, իսկ Հայաստանում ուղղակի շատ տեղեկացված չեն, դրանից է, որ սխալ պատկերացումներ ունեն: Ֆիթնեսը բոդիբիլդինգ չէ, դա ուժայինի և մոդելայինի միջինն է: Մկանները պետք է լինեն մարզված, բայց ոչ շատ: Հիմա արդեն հայ աղջիկները ավելի շատ են հետաքրքրվում ֆիթնեսով, մարզվողների քանակն ավելացել է, առաջ քչերն էին մարզվում:

Նունե Մնացականյանն այս տարվա ֆիթնես բիկինի մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Ֆիթնեսով մոտ երկու տարի եմ զբաղվում: Այս տարի երկրորդ անգամ մասնակցեցի ֆիթնես բիկինի մրցույթին և երկրորդ տեղը գրավեցի, 2016-ին՝ առաջինն էի, այս անգամ ժամանակի սղությունը խանգարեց ավելի լավ պատրաստվելուն, երկրում չէի, վերադարձա, և շատ քիչ ժամանակ մնաց՝ ընդամենը 2 ամիս, մրցույթին նախապատրաստվելու համար: Բայց ես իմ մարզավիճակից դժգոհ չեմ, ֆիթնես մարզիչ եմ աշխատում:

Ֆիթնեսում շատ կարևոր են գեղեցկությունը և կամքի ուժը: Իսկ ես սիրում եմ դրանց համադրությունը: Արդյունքներին հասնելու համար պետք է մարզվածության լավ աստիճան, կանացիություն, աշխատասիրություն, կամքի ուժ և լավ թիմ, որը ես ունեմ: Կանացիությունը շատ կարևոր է ֆիթնես բիկինիում: Ժամանակի և ինֆորմացիայի պակասի խնդիր է, որ մարդիկ դեռ չեն ասոցացնում այս մարզաձևը կանացիության հետ: Սա բոդիբիլդինգ չէ, սա ֆիթնես բիկինի է, որտեղ մկանային զանգվածն այդքան մեծ չպիտի լինի: Ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան:

Տոմա Սարկիսյանն այս տարվա ֆիթնես բիկինի մրցույթին արժանացավ բրոնզե մեդալի:

Մանկուց զբաղվում եմ տարբեր մարզաձևերով՝ լող, պար, իսկ հենց ֆիթնեսով՝ մոտ մեկուկես տարի: Տարբեր մարզաձևեր փորձելուց հետո հասկացա, որ ֆիթնեսում ինձ ավելի հարմար եմ զգում, այստեղ ես ձգտում եմ հասնել իմ իդեալին՝ առողջ, մարզված, ձիգ մարմնին, հուսով եմ՝ տարիների ընթացքում ավելի մոտ կդառնամ դրան: Այս սպորտը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ և ոչ այնքան կանացի է համարվում, այդ իսկ պատճառով բեմ ենք բարձրանում, ցույց տալիս, պրոպագանդում այս մարզաձևը:

Ես այս մրցույթին սկսել եմ պատրաստվել՝ ինչ զբաղվում եմ այս մարզաձևով, ընթացքում այլ մրցույթների էլ եմ մասնակցել, ամեն մրցույթը խթան է ավելի խիստ հետևելու ինքդ քեզ, ավելի լավ արդյունքների հասնելու համար: Երբ որևէ գործ ես անում, որը հաջողված է, միշտ արժանանում ես շրջապատի թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքի: Այս դեպքում երկուսն էլ առկա են, բայց դրականն ավելի շատ է: Իսկ հակառակ սեռի հետ շփման հարցում որևէ արգելք չկա, ֆիթնեսը միայն օգնում է:

Վերոնիկա Փանոսյանն այս տարի գրավեց չորրորդ տեղը ֆիթնես բիկինի մրցույթի ընթացքում:

Ընկերներս մի օր առաջարկեցին այցելել մարզասրահ, մարզվել, գնացի և մնացի այդտեղ: Արդեն 5 տարի է՝ մարզվում եմ և չեմ թողնի մինչև կյանքիս վերջ: Այս մրցույթին երրորդ անգամ եմ մասնակցում: Առաջին անգամ վերջին տեղն եմ գրավել, նախորդ տարի՝ չեմ գրավել, այս տարի նորից եմ մասնակցում, բայց ինձ համար կարևորն այն է, որ տարեցտարի ինքս ինձանից ավելի լավը դառնամ, ոչ թե ուրիշներից: Այս տարի զգում եմ, որ շատ ավելի լավ մարզավիճակում եմ, քան նախորդ: Բավականին երկար եմ պատրաստվել այս տարի, բարդ էր, երեկ նույնիսկ լավ չէի զգում ինձ՝ սրտխառնոց, գլխապտույտ, բայց այժմ արդեն լավ եմ:

Շրջապատիս կարծիքը դրական է, բացասական բաներ կարելի է լսել միայն այն մարդկանցից, որոնք չեն կարողանում մարզվել, չեն ուզում կամ չեն կարողանում հրաժարվել շատ բաներից: Բայց ես հիմնականում լսում եմ իմ ծնողներին, նրանք կողմ են: Իսկ ես ինքս ուզում եմ լինել առողջ, ունենալ առողջ սիրտ և գեղեցիկ կազմվածք բարձր տարիքում նույնպես, երկար ապրել: Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս մարզվել, գեղեցիկ կազմվածքն ուրիշ է:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
ՖՈՏՈՇԱՐՔ