29 մայիսի 2017 - 17:37 AMT
ՀՈԴՎԱԾ
Մարդասպան երեխաներ, նավթ ու ցեղասպանություն
Ինչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում
Հարավային Սուդանի Նուբիական լեռներում աշխատող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 28-ին Երևանում արժանացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր երկրորդ մրցանակին: Քաթինան Mother of Mercy հիվանդանոցի միակ բժիշկն է, որը սպասարկում է մոտ 750.000 մարդու:

PanARMENIAN.Net-ը հակիրճ պատմում է, թե ինչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում:

Աշխարհի ամենաերիտասարդ պետությունը ցեղասպանության եզրին է

Հարավային Սուդանն անկախություն ստացավ Սուդանից 2011 թվականի հուլիսի 9-ին՝ երկարատև պատերազմից հետո: 2013-ի դեկտեմբերից, երբ նախագահ Սալվա Քիիրը հայտարարեց հեղաշրջման տապալված փորձի մասին, երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց: 2014-ի հունվարին կարճատև հրադադար կնքվեց. այն խախտվեց, երբ ընդդիմությունը հարձակվեց Մալաքալ քաղաքի վրա: Դրան հետևեց նոր հրադադար կնքելու մի քանի տապալված փորձ:

2016-ի դեկտեմբերին ՄԱԿ-ը հայտարարեց, որ Հարավային Սուդանը՝ աշխարհի ամենաերիտասարդ ճանաչված պետությունը, ցեղասպանության եզրին է:

ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնախումբը հայտարարեց, որ երկրում էթնիկ զտումներ են ընթանում: «Իրավիճակը մոտ է Ռուանդայի կրկնությանը (1994-ին Ռուանդայում հութու ցեղախումբը մոտ 1 մլն թութսի էր կոտորել մոտ մի ամսում՝ -խմբ.): Էթնիկ զտումներն արդեն մի երկրի տարբեր մասերում էին ընթանում. սով, բռնաբարություններ, գյուղերի հրկիզում: Մարդիկ էլ հայտարարեցին, որ պատրաստ են արյուն թափել հողի համար», - նշվում էր հայտարարությունում:

Նուեր ու դինկա ցեղերի ատելությունը

Երկրում բախումներ էին նուեր ու դինկա ցեղերի միջև: Դինկաները մոտ 3 մլն մարդ էին, նուերները՝ մոտ 1.7 մլն: Երկու բավականին նման ցեղերի միջև լարվածությունն առաջացել էր դեռ Սուդանի բրիտանական օկուպացիայի տարիներին՝ 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին: Նուերներն անցել էին բրիտանացիների կողմը, դինկաները՝ ոչ:

20-րդ դարի առաջին կեսին երկրում կրոնական հողի վրա 2 քաղպատերազմ էր եղել՝ 17 ու 22 տարի տևողությամբ: Երկու ցեղերը ևս անմաս չմնացին դրանից՝ կոտորելով միմյանց:

Կոնֆլիկտի սրացումը

Հեղաշրջման փորձից հետո նախագահ Սալվա Քիիրը (ազգությամբ՝ նուեր) աշխատանքից ազատեց փոխնախագահ Ռիեք Մաչարային (ազգությամբ՝ դինկա) ու այլ դինկաներին՝ մեղադրելով նրանց դավադրությանը մասնակցելու հետ: Այսպես կոնֆլիկտը թեժ փուլ մտավ. ՄԱԿ 12.000-անոց զորախումբն ունակ չեղավ կանխելու բախումները:

Ջարդերին ակտիվորեն մասնակցում էին նաև երեխաները. տարբեր գնահատականներով, պատերազմում էր մոտ 12.000 երեխա:

Զոհերի հստակ թիվը հայտնի չէ

Սպանվածների հաշիվը հազարներով էր գնում, ու ստույգ թիվն անհայտ էր: 2016-ի մարտին International Crisis Group-ը հայտնեց 50.000 զահի մասին, իսկ տեղի պաշտոնյաներն ու բժիշկները՝ 300.000 զոհի մասին: Փախստական դարձավ ավելի քան 2.5 մլն մարդ: Երկրի բնակչությունը 2016-ին, ՄԱԿ գնահատականով, 12.4 մլն էր կազմում:

© Getty Images

Արտաքին ուժեր

Հարավային Սուդանում ազդեցության համար պայքարում էին ՌԴ-ն ու ԱՄՆ-ն: Երկրի հայտնաբերված նավթային պաշարներն ավելի քան 0.5 մլրդ տ էին կազմում: ԱՄՆ-ն անկախության հանրաքվեի ամենամեծ ջատագովներից էր ու դիտարկում էր երկիրը որպես հավանական գործընկեր: 2016-ից ԱՄՆ-ն փորձում է Հվ. Սուդան զենքի վաճառքի էմբարգոյի հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՌԴ-ն դեմ է այդ առաջարկին:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net