5 մարտի 2020 - 12:42 AMT
ՀՈԴՎԱԾ
Մեծ փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ցանկանում է նոր ճանապարհով գնալ՝ ուղևորափոխադրումների ոլորտը փոփոխություններով կարգավորելու համար: Գերատեսչությունը նոր օրինագիծ է մշակել, փոփոխությունների պլան՝ օնլայն տաքսիների ոլորտը կարգավորելուց մինչև նոր տեսակի լիցենզիաների ստացում և քայլեր՝ միջքաղաքային երթևեկության բարելավման ուղղությամբ:

ԱԺ-ում «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծումները» թեմայով լսումների ժամանակ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը խոսել էր նոր օրինագծի մասին, նշել մոտավոր կարգավորման ոլորտները, բայց մանրամասներ չէր հայտնել: Սպասվելիք փոփոխությունների, նոր օրինագծի առանցքային կետերի մասին փոխնախարարը պատմել է PanARMENIAN.Net-ին:

Օնլայն տաքսիները պետք է գործակցեն միայն լիցենզավորված վարորդների հետ

Օնլայն տաքսիներն իրենց բնորոշում են որպես միջնորդ կազմակերպություններ: Սա ընդունելի է, քանի որ իրականում իրենք ուղևորի փոխադրմամբ չեն զբաղվում՝ ընդունում են պատվերը, փոխանցում համապատասխան այն ընկերության կամ վարորդի, որն էլ կատարում է այն: Այս ուղղությամբ՝ հիմնական կանոնակարգման նպատակն է, որ այդ ընկերություններն իրենց գործունեությունը վարեն միայն լիցենզավորված կազմակերպությունների հետ: Այսինքն, ըստ օրինագծի՝ օնլայն տաքսին իրավունք չի ունենա չլիցենզավորված որևէ վարորդի կամ կազմակերպության հետ գործունեություն ծավալել: Հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի՝ կտուգանվի: Այս նախագծի հիմնական նպատակը բոլորին օրենսդրական դաշտ բերելն է:

Տաքսիների լիցենզիաները պետք է տեսակավորվեն

Օրենքի նախագծում այս ուղղությամբ տարանջատել ենք լիցենզիաների տեսակները: Ունենք, պայմանականորեն, F տեսակի լիցենզիա. նախագծով այն վերաբերում է ֆիզիկական անձանց: Այսօրվա դրությամբ, այս տեսակի լիցենզիան անվճար է, անվճար կլինի նաև օրինագծի ընդունման դեպքում: Այսինքն՝ պետք է միայն համապատասխանել «Անվտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի պահանջներին: Այս տեսակի լիցենզիա ունեցողներն իրավունք չունեն գործելու միջնորդավորված՝ չեն կարող գործակցել օնլայն տաքսիների կամ միջնորդ ընկերությունների հետ: Նրանք կարող են իրենց հաճախորդին գտնել և աշխատել միայն անմիջականորեն (այսինքն՝ փողոցում հաճախորդ գտնելով,- խմբ․) : Այսպիսով, վարորդն անվճար տրվող լիցենզիայով միջնորդի օգնությամբ աշխատել չի կարող, օնլայն ծառայության հետ գործակցելու համար պետք է հանդես գա որպես անհատ ձեռներեց կամ ՍՊԸ բացի: Կազմակերպությունների միջոցով լիցենզիա ստանալուց հետո միայն հնարավոր է աշխատել օնլայն հարթակների հետ: Օնլայն հարթակն էլ, իր հերթին, իրավունք ունի պայմանագիր կնքելու միայն լիցենզավորված կազմակերպությունների կամ անձանց հետ:

Պետտուրքի կրճատում՝ գործող ու դեռ գալիք օնլայն տաքսիների համար

Ըստ նախագծի՝ օնլայն տաքսի ծառայության գործունեությամբ զբաղվելու համար պետք է ծանուցվի լիազոր մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

ՀՀ-ում արդեն գործող մոտ 2600 կազմակերպություն լիցենզիա ունի և, կախված մեքենաների քանակից, պետտուրք է վճարում: Նոր փոփոխություններով,այդ վճարները կրճատում ենք, այսինքն՝ ամեն մեքենայի ներդրի համար (բացի լիցենզիայից կա նաև ներդիր)՝ տուրքը կնվազի տարեկան մինչև 20,000 դրամ: Կարծում եմ՝ ավելի մատչելի պայմաններով գործունեություն ծավալելու հնարավորության դեպքում ճիշտ կլինի, որ բիզնեսը լիցենզիոն հին «գոտուց» նորը տեղափոխվի. այստեղ ավելի լավ պայմաններ են: Չտեղափոխվելը ևս իր իրավունքն է:

6-8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրում կատարողներն արտոնագրային հարկ են մուծելու

Օրենքի նախագծով մասամբ կանոնավոր ուղևորափոխադրման դաշտն էլ է փորձում կանոնակարգվել: Այսպիսով, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող 6-8 տեղանոց մեքենաների վարորդները, ըստ նախագծի՝ պետք է արտոնագրային հարկ վճարեն, ինչպես դա անում են միկրոավտոբուսներն ու ավտոբուսները: Ուզում ենք բոլորին հավասար դաշտ բերել, որ ինչ-որ մեկն արտոնյալ պայաններ չունենա: Եթե ընկերություն է, ունի նման մեքենա, զբաղվում է կոնկրետ ուղևորափոխադրումներով՝ պետք է արտոնագրային հարկ վճարի։ 6-8 տեղանոց մեքենաներն անհատական կարիքներով օգտագործելու դեպքում, իհարկե, վճարել պետք չէ:

Կանոնավոր ուղևորափոխադրումներից դեպի միջքաղաքային երթուղիներ

6-8 տեղանոց մեքենաների հետ կապված փոփոխության միտումն այն է, որ, միգուցե, առաջիկայում ունենանք այլ իրավիճակ: Կան գյուղեր, որտեղից ուղևորահոսքը բավականին ցածր է, հնարավոր է՝ այնտեղից դեպի մարզկենտրոն ուղևորափոխդարումներ արվեն հենց 6-8 տեղանոց մեքենաներով: Ապա՝ մարզկենտրոնից դեպի Երևան, կամ այլ ուղղությամբ՝ հանրային տրանսպորտով:

Օրենքի նախագծով՝ միջքաղաքային երթուղիների մրցութային կարգը ևս փոփոխվում է: Նախատեսվում է ուղևորափոխադրում իրականացնող մեքենաներին ներկայացվող պահանջները բարձրացնել: Օրինակ՝ առավելություն կստանան այն ընկերությունները, որոնք մրցույթին կներկայացնեն մինչև 5 տարեկան մեքենաներ: Այնպիսի պահանջներ ենք դրել, որ բարձրորակ մեքենաներով սպասարկման հնարավորություն ստեղծվի: Կառավարության կողմից հաստատվելուց հետո, նախագծով հնարավոր կլինի մարզային մասշտաբով ուղևորափոխադրման մրցույթ հայտարարել՝ ամբողջ մարզը մեկ օպերատորի փոխանցելու հնարավորությամբ: Մրցույթի կհանվեն ամբողջ մարզի երթուղիները:

ՏԿԵ փոխնախարարը նշում է, որ օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է, տարբեր գերատեսչություններ իրենց առաջարկներն են ներկայացնում: Այն դեռ կփոփոխվի և կարծիքներն ու դիտարկումները հաշվի առնելուց հետո կուղարկվի վարչապետի աշխատակազմ:

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net