10 մարտի 2020 - 11:55 AMT
ՀՈԴՎԱԾ
Լեհ լուսանկարիչը, կատատոնիկ սինդրոմով հայուհին և արթնանալու պահը
Մի ֆոտոյի պատմություն
Կատատոնիկ վիճակից դուրս եկած հայ աղջկա ֆոտոն, որի հեղինակը լեհ լուսանկարիչ Տոմեկ Կացորն է, հավակնում է 2020-ի World Press Photo of the Year՝ տարվա լավագույն լուսանկարի կոչմանը:

PanARMENIAN.Net-ը զրուցել է Կացորի հետ, ով պատմել է լուսանկարի պատմությունը՝ հիշելով, թե ինչպես իմացավ 15-ամյա աղջկա մասին և ինչպես իր արած ֆոտոն հայտնի դարձավ:

Ոգեշնչող պատմություն, որ պետք է պատմվի

15-ամյա Եվայի լուսանկարն արել եմ նրա հիվանդույթան մասին պատմող հոդվածի համար: Այն փորձում էր հանրությանն իրազեկել այդ անհասկանալի հիվանդության մասին, որը հաստատ ուշադրության և լուսաբանման կարիք ունի:

Կատատոնիկ վիճակը կամ Resignation Syndrome (RS)-ը պացիենտին դարձնում է անշարժ, զրկում ուտելու, խմելու, ֆիզիկական անկտիվության կարողություններից: Հոգեկան խանգարման սինդրոմ է, որն ազդում է ապաստան ստանալու երկարատև գործընթացների ժամանակ հոգեբանական տրավմա ստացած երեխաների վրա:

Հոդվածի հեղինակը մի քանի անգամ հանդիպել էր Եվայի ընտանիքին, մինչ նա կատատոնիկ վիճակի մեջ էր:

«Ես հանդիպել եմ աղջկան ու նրա ընտանիքին աղջկա «արթնանալուց» մի քանի շաբաթ անց, հավանաբար 2019-ի հունիսին: Առաջին անգամ հանդիպեցինք, երբ իմ տեսախցիկով եկա նրանց մոտ, այդ ժամանակվանից կապի մեջ ենք»,- պատմել է նա:

Եվան ընտանիքի հետ Լեհաստանում է որպես փախստական. աղջկա մոտ համախտանիշը նկատվել է այն ժամանակ, երբ ընտանիքը փորձել է փախստականի կարգավիճակով Շվեդիա տեղափոխվել: Չնայած աղջկա հիվանդությանը, նրանց արտաքսել են Լեհաստան` առաջին երկիր, որտեղ ընտանիքը գտնվել է: 8 ամիս անց աղջիկը վերականգնվել է:

Ապաքինման ճանապարհը

Եվան երկրորդ աղջիկն է, որը կատատոնիկ սինդրոմով Շվեդիայից Լեհաստան է արտաքսվել, բայց այդ հիվանդությունը դեռ շատերին հայտնի չէ:

Նա «քնած» է եղել 8 ամիս, որից 6-ը՝ Լեհաստանում. սա նշանակում է, որ հիվանդությունը սկսվել է դեռ Շվեդիայում՝ 2018-ի հոկտեմբերին:

Արտաքսումից հետո Եվայի վիճակը բարելավվել է՝ շնորհիվ ծնողների խնամքի, բայց նրա և ընտանիքի համար այդ ամենը հիշելը դեռ բարդ է, այդ պատճառով բոլորս որոշել ենք միայն դեպի ապագա նայել:

Այս լուսանկարն առաջինն է, որ ներկայացրել եմ որևէ մրցույթի, այն ինձ բերել է World Press Photo-ի «Տարվա լավագույն լուսանկար» անվանակարգում առաջին նոմինացիան, չնայած արդեն 12 տարի է՝ լուսանկարչությամբ եմ զբաղվում:

Սոցիալական արդարությունը և ներառականությունը՝ որպես փոփոխության գործիքներ

Ես և ընկերներս 12 տարի առաջ հիմնադրեցինք Magazyn Kontakt հարթակը՝ լուսաբանելու ներառականությանը, սոցարդարությանն ու փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հարցեր:

Մենք հավատում ենք, որ հնարավոր է կառուցել հանրություն, որն անկախ է տնտեսական, մշակութային, քաղաքական և կրոնական տարանջատումներից: Magazyn Kontakt-ում բոլորս համոզված ենք՝ հնարավոր չէ ապրել լիարժեք, երբ բախվում ես կյանքին սպառնացող խնդիրների, կամ սահմանափակվում է ազատությունդ: Ու չնայած Եվայի մասին հոդվածը և լուսանկարը Kontakt-ի համար չէին նախատեսված, հավատում եմ, որ ամսագիրը ստեղծելն ինձ նման թեմաների համար զգայնություն է տվել:

Աղջկա և նրա ընտանիքի գտնվելու վայրը չեն բացահայտվելու՝ նրանց անձնական կյանքի գաղտնիությունն ապահովելու համար:

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net