31 օգոստոսի 2020 - 18:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Չիպավորումը հսկողությա՞ն, թե՞ հարմարության միջոց
Զրույց բիոչիպեր արտադրող գործարարի հետ
Մինչ հայկական համացանցը բաժանվել է չիպավորումից բողոքողնորի ու նրանց մասին հումորներ անողների, ոլորտում առաջիններից համարվող ընկերության՝ Biohax International-ի գլխավոր տնօրեն Յոան Օսթերլունդն ասում է՝ միակը չենք։ Երկրագնդի տարբեր կետերում ոմանք վախենում են հսկողության տակ հայտնվելուց կամ շահագործվելուց, իսկ ուրիշները պնդում են՝ նման մտահոգությունների կարիքը չկա։

PanARMENIAN.Net-ը խոսել է Յոանի հետ այն մասին, թե ինչու է 5000-6000 մարդ սեփական կամքով չիպավորվել, ինչու են մարդիկ զգուշանում, արդյոք «անձնական տվյալների տերը լինելը պիտի լինի մարդու հիմնարար իրավունք», ու թե արդյոք Հայաստանում երևույթը հնարավոր է, թե՝ ոչ։

Բիոիմպլանտները՝ փոփ մշակույթում ու Հոլիվուդում

Յոանը պատմում է, որ գործը սկսելու սկզբում առնչվել է անվստահության տարբեր դրսևորումների հետ՝ երկրից ու հասարակությունից անկախ։ Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ մտավախություններ ունեն և ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց մարմնի հետ, ինչը բնական է։ Բայց այլ պատճառներ էլ կան։

Յոան Օսթերլունդ

«Փոփ մշակույթում և հոլիվուդյան ֆիլմերում մեր տեսած իմպլանտները պայթուցիկներ են, լրտեսական թույներ կամ հատուկ սարքեր՝ բնակչությանը վերահսկելու և ճնշելու համար: Ոչինչ չկա ինքդ քո թվային ինքնությանը տնօրինելու և քո իսկ ստեղծած տվյալներից օգուտ ստանալու մասին, կամ թե ինչպես կարող է նման տեխնոլոգիան քեզ համար որպես ձայն ծառայել, երբ դու չես կարող խոսել։ Ուստի ես հասկանում եմ բոլոր մտավախությունները։ Որոշ երկրներ կարող են առիթից օգտվել և ճնշել բնակիչներին, ու դրանք հենց այն երկրներն են, որտեղ ես երբեք չեմ լինի»,- ասում է Յոանը։

«Դու պետք է լինես քո անհատական տվյալների տերը»

Մինչ չիպավորման մեջ խորանալը Յոանը մարմնի փիրսինգի մասնագետ էր ու միայն կենսահամատեղելի տեխնոլոգիաները բացահայտելուց հետո է որոշել փոխել ուղղվածությունը։ 2013-ին սկսել է իր ուսումնասիրություններն ու 2015-ին հիմնել Biohax-ը։

«Հետո բազմաթիվ կոնցեպտներ մշակեցինք՝ շեշտը դնելով գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության վրա, որպեսզի մարդիկ դառնան սեփական տվյալների տերն ու հասկանան, որ երևույթը կապ չունի հետևելիության հետ։ Այն ծառայում է պարզ նպատակի․ այդպես կարող ես նվազագույն ինֆորմացիա տրամադրել քո մասին, որովետև ստիպված չես անձնագիր, վարորդական իրավունքի վկայական կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ ներկայացնել: Երբ վճարում ես կատարում, միակ բանը, որ վճարային տերմինալը պիտի իմանա, այն է՝ գումար ունես, թե՝ ոչ։ Նրանք չպիտի իմանան մարդկանց՝ գնումներ կատարելու սովորությունների մասին և օգտագործեն նախկինում կատարված վճարումների և գնումների պատմությունը՝ գումար աշխատելու համար։ Պիտի թույլ չտաս, որ ուրիշները գողանան ու վաճառեն տվյալներդ, միայն դու պիտի լինես քո անձնական տվյալների տերը։ Դա պիտի մարդու հիմնարար իրավունքը լինի»,- ասում է Յոանը։

Նա կարծում է, որ կարելի է բանալիների խուրձը թողնել տանն ու պլաստիկ քարտեր այլևս չօգտագործել․ «Ամենաթարմ ու կարևոր նպատակների ծառայող չիպերը դեռ չեն ստեղծվել, դրանք դեռ ճանապարհին են։ Մեկ իմպլանտը կարող է միանգամից մի քանի գործողություն կատարել, ու մարդիկ իրենք են որոշում՝ ինչն է իրենց անհրաժեշտ։ Աշխարհի իմպլանտների մեծ մասը ես եմ տեղադրել՝ մոտ 5000-6000 դեպք։ Կատարվում է արագ, վայրկյանների հարց է, ու դրա համար օգտագործվում է սովորականից հաստ ասեղով հատուկ ներարկիչ»։

Ըստ նրա՝ անհատական տվյալների տնօրինումը հետ վերցնելու վերաբերյալ հայեցակարգերի և մոդելների ստեղծումը գաղտնիության միանգամայն նոր կառուցվածք է առաջ բերում ու սահմանում, որ մարդն ինքը պիտի որոշի՝ ինչ տեղեկություն է տրամադրում իր մասին, ում և ինչպես։

«Տարածվածությունն ըստ երկրների տարբեր կլինի»

Նույնիսկ եթե գնանք Շվեդիա, որտեղ իմպլանտների հոծ մեծամասնությունն է տեղադրվել, ու այնտեղ «չիպավորվենք», ամենայն հավանականությամբ իմպլանտը Հայաստանում օգտագործել չենք կարողանա․ «Չգիտեմ ձեզ մոտ ինչ ենթակառուցվածքներ կան, բայց առնվազն մուտքի համակարգեր ու հատուկ ընթերցող սարքեր են պետք՝ օրինակ դուռը բացելու կամ համակարգիչ մուտք գործելու համար»։

Տարբեր երկրների մասով էլ կարծում է, որ տեխնոլոգիան ընդունելու մակարդակը տարբեր կլինի․ «Որոշ երկրներում լայն տարածում կունենա, ուրիշներում ընդհանրապես չի տարածվի։ Պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական դինամիկան ու ազգերի պատմությունը, բայց առավելապես՝ քաղաքացիների ու պետության միջև հարաբերությունները։ Իմպլանտները պետք է օգտագործվեն միայն անձնական նպատակներով՝ լինի դա համակարգիչը միացնելու, դուռ բացելու, վճարում կատարելու կամ գնացքի տոմս ներկայացնելու համար։ Աշխարհում ոչ ոք չգիտի, որ դու չիպ ունես, ու ոչ ոքին դա չպետք է հետաքրքրի։ Դա միայն քո գործն է»։

Պանդեմիայից հետո

Կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից Biohax-ը գնացել է երկրորդ պլան, քանի որ Յոանն աշխատում է պացիենտների հեռավար մոնիտորինգը կազմակերպելու համար կանխատեսման գործիքների ստեղծման վրա։ Դա արդեն ոչ թե իմպլանտի տեսքով կլինի, այլ կպչուն ժապավենի, և հիվանդին «տեղյակ կպահի», երբ բժշկին դիմելու անհրաժեշտություն լինի։

«Իմացածս ու արածս ամեն ինչ հիմա տեղափոխել եմ մեկ այլ հարթություն, բայց բժշկական իմպլանենտրի վրա ևս պետք է աշխատենք»,- ասում է նա։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net