19 սեպտեմբերի 2020 - 12:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Ի՞նչ է անում ՀՀ-ն Միջերկրականում
Նոր քաղաքականության ռիսկերն ու հնարավորությունները
Օգոստոսի սկզբին Թուրքիան Միջերկրական ծով ուղարկեց «Օրուչ Ռեիս» նավը՝ հետազոտական աշխատանքներ կատարելու համար, այդպիսով լարվածություն հրահրելով տարածաշրջանում։ Կրկին սրվեցին թուրք-հունական հարաբերությունները, Հայաստանը ևս անմասն չմնաց այս կոնֆլիկտում և տարբեր մակարդակներում իր աջակցությունը հայտնեց հունական կողմին։ Թե ինչ իրավիճակ է հիմա Միջերկրականում, ինչ ամբիցիաներ ունի Թուրքիան, և ինչ նմանություններ կան Արևելյան Միջերկրականում և հակահայկական գործողություններում հարցերի շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ։

Խաղաղություն՝ փոթորիկից առաջ

Արևելյան Միջերկրականում մի կողմից Թուրքիան, Լիբիան և Կատարն են, մյուս կողմից Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Իսրայելը և այլ երկրներ։

Թուրքիան էներգետիկ ռեսուրսներ հայտնաբերելու համար այլ երկրների, մասնավորապես՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիններում հետազոտական և հորատման աշխատանքներ է իրականացնում և հայտարարում, որ Միջերկրականում որևէ հարց չի կարող լուծվել առանց Թուրքիայի մասնակցության։

«Ըստ Թուրքիայի՝ միջերկրակածովյան երկրներից ինքն ամենամեծ ափ ունեցող երկիրն է, որին չեն կարող պարփակված պահել միայն իր ջրային փոքր սահմանների մեջ։ Ինչը կարելի է մեկնաբանել, որ Թուրքիան պայքարում է ոչ միայն էներգետիկ ռեսուրսներ գտնելու կամ իր և Կիպրոսի թուրքերի շահերը պաշտպանելու, այլև Միջերկրականում վերահսկողություն ունենալու կամ պահպանելու համար»,- բացում է փակագծերը Վեզիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ ներկայիս իրավիճակը հարաբերական հանգիստ է նախորդ շաբաթվա համեմատ։ Սա պայմանավորված է թուրքական «Օրուչ Ռեիս» նավի՝ նավահանգիստ վերադարձով և դրան հաջորդած հունական կողմի արձագանքով, որ նման դրական քայլերի դեպքում պատրաստ են թուրքական կողմի հետ բանակցությունների։

Սակայն թուրքական կողմն էլ հայտարարում է, որ նավի հետկանչը նավահանգիստ պլանային է, և այս պարագայում հետքայլի մասին խոսք լինել չի կարող։ Մեր զրուցակիցը նկատում է՝ ամեն հանդարտ կարճ փուլին հաջորդում է ավելի մեծ լարվածություն։

Թե Հարավային Կովկասում, թե Միջերկրականում Թուրքիայի ձեռագիրը նույնն է

Սեպտեմբերի 13-ին Եգիպտոս այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ ուշադրությամբ հետևում է Արևելյան Միջերկրականի զարգացումներին և իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին ու Կիպրոսին, Եգիպտոսին՝ բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Նա ընդգծեց, որ Թուրքիան ազդեցության տարածման նույն քաղաքականությունն է վարում Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին էլ հանդիպել էին ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը, քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի ապակառուցողական քայլերը։

Վեզիրյանը նշում է, որ Հայաստանի հայտարարությունները նախևառաջ պետք է դիտարկել Հայաստան-Հունաստան-Կիպրոս գործակցության շրջանակում։ Եվ սա նորություն չէ, նախկինում նույնպես իր հայտարարություններով Հայաստանն աջակցել էր Կիպրոսին և Հունաստանին Միրջերկրականի արևելքում Թուրքիայի ապօրինի գործողությունների մասով։

Սակայն վերջին շրջանում թեմային ավելի ակտիվ անդրադարձները թուրքագետը պայմանավորում է լարվածության աճի և դրանք հրահրող Թուրքիայի գործողություններին հետ։ Բացի այդ, հայկական կողմի ակտիվությունը կարելի է կապել նաև հուլիսյան դեպքերին այնքանով, որքանով Թուրքիան գրեթե բոլոր ուղղություններով՝ թե Հարավային Կովկասում, թե Մերձավոր Արևելքում, թե Միջերկականի արևելքում նույն ագրեսիվ, ապակայունացնող քաղաքականությունն է վարում։

«Թուրքիան նույն ապակայունացնող դիրքերից հանդես է գալիս նաև Հարավային Կովկասում, ինչին կրկին ականատես եղանք այս տարվա հուլիսին։ Ուստի կարծում եմ, որ մեզ համար կարևոր է ակտիվորեն արձագանքել այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանատիպ քայլերին, հատկապես, երբ դրանք արվում են Հայաստանի բարեկամ երկրների դեմ»,- ասում է Վեզիրյանը։

Ինչ պետք է անի Հայաստանը

Հայաստանին մնում է ավելի ընդլայնել երկկողմ հարաբերություններն արաբական երկրների և Թուրքիայի հետ հակասություններ ունեցող այլ պետությունների հետ։ Սակայն մասնագետի խոսքով՝ այդ հարաբերությունները ոչ թե պետք է ուղղված լինեն 3-րդ երկրների դեմ, այլ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա։ Իսկ Հայաստանի ակտիվացումն Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունների դեմ պետք է լինի քաղաքական հարթությունում։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net