7 հունիսի 2021 - 12:25 AMT
ՀՈԴՎԱԾ
Միլիոնավոր դոլարների ներդրում և ՀՀ տնտեսության խթանում
Հայկական 3 ստարտափ՝ միաեղջյուր դառնալու ճանապարհին
Հունիսի 2-ին Orion Worldwide Innovations Armenia-ն նշեց գործունեության մեկ տարին՝ BAJ Accelerator ծրագրի առաջին արդյունքների շնորհանդեսով: Այդ բացառիկ ծրագրի նպատակն է հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացումը, միլիոնավոր դոլարների ներդրումների ներգրավումն ու Հայաստանի տնտեսության էական խթանումը:

Երեք խոշոր կազմակերպության՝ Baltic American Chamber of Commerce-ի, Orion Worldwide Innovations-ի և Ջեյկոբսի անվ. Տեխնիոն-Կորնել ինստիտուտի, գործացկության շնորհիվ ստեղծված BAJ (Baltic Armenian Jacobs) Accelerator միջազգային կազմակերպությունն ընտրում է հայկական (Հայաստանում գործող, հայ հիմնադիրների ստեղծած) և ոչ հայկական արտերկրյա ստարտափներ, զարգացնում դրանք՝ օգնելով դառնալ միաեղջյուր (ավելի քան 1 միլիարդ դոլար արժողություն ունեցող մասնավոր ստարտափ) ընկերություններ:

Միջոցառմանը ներկայացվեց ներդրումներ ստացած առաջին երեք ընկերությունը՝ ռոբոտ ստեղծած Embodied ստարտափը, անվտանգության Scylla համակարգը և ֆինանսական տեխնոլոգիաների հետ աշխատող Cognaize-ը, ինչպես նաև հայտարարվեց նոր թեկնածու ընկերությունների ընտրության մասին, որոնց աքսելերատոր ծրագիրը խորհրդատվությունից բացի, կաջակցի նաև ներդրումների ներգրավմամբ:

BAJ Accelerator ծրագրի և Orion Worlwide Innovations ընկերության համահիմնադիր Էմմա Առաքելյանը նշեց, որ միջոցառումը կապված է նաև Orion-ի հայկական մասնաճյուղի հիմնման 1-ամյակի հետ:

«Մեր նպատակն է հայկական ստարտափների էկոհամակարգի զարգացումն ու հարստացումը՝ հասցնելով դրանք ամերիկյան և եվրոպական ստանդարտների: Հիմքում դրված է այն գաղափարը, որ հայկական նորարարությունը կարող է մրցակից լինել աշխարհում լավագույններին: Մեր նպատակն է այսօր 10 հայկական միաեղջյուր ընկերություն ստեղծելը, և մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ մեր գործունեության 12 ամսվա ընթացքում հայտնաբերել ենք 3 ընկերություն»,- նշեց Առաքելյանը:

Խոսելով ստարտափների մասին՝ նա պատմեց, որ Cognaize-ի արժեքն արդեն իսկ հասել է 11 մլն դոլարի, ընկերությունը ճանաչվել է արտասահմանյան ներդրողների կողմից, Scylla-ի արժևորումը հասել է 16 մլն դոլարի, ընկերությունը ներգրավել է նաև 5 մլն դոլար ներդրումներ, իսկ բացառիկ ռոբոտ ստեղծած Embodied ընկերությունը 150 մլն դոլար արժեք ունի, և դրա ինժեներների մեծ մասը գտնվում է հենց Հայաստանում:

«Ուզում ենք 5 տարվա մեջ հասնել 10 միաեղջյուր ընկերության ստեղծման՝ յուրաքանչյուրը 1000-ից ավելի աշխատակցով: Դա մեծապես կանդրադառնա նաև ՀՀ տնտեսության վրա՝ կբերվեն ներդրումներ, կստեղծվեն աշխատատեղեր, կզարգանա կրթությունը»,- հավելեց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ծրագրում ընդգրկվելու համար ստարտափը պետք է որոշակի ճանաչում և շուկայում դիրքավորում ունենա, հետաքրքրություն են ներկայացնում հատկապես անվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական տեխնոլոգիաների, առողջապահության, սպառողական ապրանքների ոլորտների ընկերությունները:

Միջոցառմանը ներկա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը երկրի տնտեսության և ՏՏ ոլորտների զարգացման գործում:

«Մեր ներուժն այս ոլորտում շատ ավելի մեծ է, քան այն իրացումը, որն այսօր ունենք ՀՀ-ում և դրանից դուրս: Այս օրը գաղափարներից բիզնես և արտադրանք տանող ճանապարհի բարելավման մասին է, այդ ճանապարհը խոչընդոտներից ազատելու մասին, կրթություն, ուսուցում, վերապատրաստում և աջակցություն ցուցաբերելու մասին»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին այսօր:

Չոբանյանը հավելեց նաև, որ ՏՏ ոլորտն այն բացառիկներից է, որի վրա համավարակի և պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակն ամենաքիչն է բացասաբար ազդել, բայց միաժամանակ ոլորտի առջև նոր մարտահրավերներ ու խնդիրներ են ծառացել, որոնք ՀՀ-ն փորձում է լուծել:

BAJ Accelerator ծրագրի համահիմնադիր Արմեն Խեռլոպյանի խոսքով՝ միաեղջյուր ընկերությունների ստեղծումն ու զարգացումը մեծ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության զարգացման վրա՝ նպաստելով երկրում կարևոր ոլորտների առաջընթացին:

«Որպեսզի փոքր ընկերությունն աճի և դառնա միաեղջյուր, պետք է մի քանի կարևոր նախապայման. առաջինը՝ խելացի և տաղանդավոր մարդիկ, ինչպիսին կան Հայաստանում և սփյուռքում, երկրորդը՝ գիտության զարգացումը, մենք պետք է նոր բան տանք աշխարհին»,- նշեց Խեռլոպյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ունի այդ հնարավորությունները, և հույս հայտնելով, որ ծրագիրը կբացահայտի դրանք:

Միջոցառման ընթացքում հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել Embodied ընկերության ստեղծած Moxie ռոբոտը, որը ներկայացված է դեռևս միայն ԱՄՆ-ում, սակայն ընկերությունը պլանավորում է հասանելի դարձնել այն նաև աշխարհի այլ անկյուններում: Ընկերության համար ՀՀ-ում աշխատող թիմից Տաթև Մեժունցը պատմեց, որ սոցիալ-հոգեբանական և էմոցիոնալ գործառույթներ ունեցող ռոբոտը նախատեսված է երեխաների համար, զարգացնում է նրանց հոգեբանական հմտությունները:

«Ծնողները, գնելով այս ռոբոտը, կարող են ընտրել, թե որ ուղղությամբ կուզեն այն աշխատի երեխայի հետ: Ռոբոտը կարող է ամբողջ օրն ազատ շփվել երեխայի հետ, նրա թեմաները չեն սպառվում, բազմազան են: Եթե որևէ թեմա հետաքրքիր չլինի երեխային, ռոբոտը կարող է փոխել այն ինքնուրույն կամ երեխայի առաջարկով: Այժմ այն դեռ միայն անգլերեն է խոսում»,- նշեց Մեժունցը:

Ռոբոտի արժեքն այս պահին $1499 է, ընկերության կայքում նշված է, որ այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար, սակայն, ինչպես նշեց աշխատակիցը, նույնիսկ մեծահասակները հաճույքով են ժամանակ անցկացնում Moxie-ի հետ:

«Ռոբոտին կարելի է ցանկացած հարց տալ, և նա կպատասխանի: Եթե այդ պահին նա պատրաստ չէ, ասում է, որ դեռ չի սովորել դա, բայց սովորում է: Ռոբոտի վրա շատ մեծ թիմ է աշխատում, որն անընդհատ զարգացնում ու թարմացնում է դրա գիտելիքների ու թեմաների բազան»,- եզրափակեց Մեժունցը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net