24 սեպտեմբերի 2021 - 17:34 AMT
ՀՈԴՎԱԾ
Մարդիկ պետք է տեսնեն գերազանցիկների, ոչ թե «շուստրիների» միլիոնատեր դառնալը
Codesignal-ի համահիմնադիրը` սխալների ու MIT միակ առավելության մասին
Codesignal-ի համահիմնադիր Տիգրան Սլոյանի՝ Սան Ֆրանցիսկոյում տան գրասենյակի պատին էկրան է՝ Չերչիլի խոսքերով․ «Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ՝ շարունակելու քաջությունն է կարևոր»։ ՏՏ ոլորտի մասնագետներին և գործատուներին ոչ թե CV-ի, այլ իրական հմտությունների հիման վրա աշխատանք ու, համապատասխանաբար, աշխատող օգնել գտնող ընկերության մոտ այսօր, ակնհայտորեն, հաջողության փուլն է․ հենց նոր ընկերությունը ներգրավել է $50 մլն՝ ի լրումն 9 ամիս առաջ՝ հունվարին ներգրավված $25 մլն-ի ներդրումների։

«Էն $25 մլն-ը համարյա չենք էլ ծախսել», - պատմում է Տիգրանը․ ընկերության եկամուտն արդեն գերազանցում է ծախսերը։

Չերչիլի բառերը, սակայն, կարևոր են իրականությունից չկտրվելու համար․ «Իրականությանը չի հետաքրքրում՝ ընդունում ես դու այն, թե ոչ, այն ուղղակի կա»։

Ընկերության պատմությունում էլ եղել է նաև համեմատաբար, ձախողումներով ու սխալներով լի փուլ. Codesignal-ը, որն այսօր բազմաթիվ առաջատար ընկերությունների համար աշխատատանքի համար դիմողների իրական գիտելիքների գնահատման գործիք է դարձել, ծնվել է որպես ծրագրավորողների մրցակցային հարթակ, որտեղ մրցում ու միավորներ էին հավաքում՝ տարբեր խնդիրներ լուծելով։ Անգամ անունն էր այլ՝ Codefights։

«Գաղափարն էր՝ ստեղծել խաղային պրոցես, որպեսզի մարդիկ մրցեն միյանց հետ, մենք էլ որոշեինք հմտություններն ու հետո կապեինք նրանց ընկերություններին։ 2018-ին հասկացանք, որ այդ մոտեցումը չի աշխատում, քանի որ քննություն ու թեստ հանձնելը, միևնույն է, Fortnite խաղալու չափ զվարճալի չի լինի։ Դրանից հետո դարձանք SAAS (Software-as-a-Service՝ ծրագիրը որպես ծառայություն, խմբ․) ընկերություն, որի միջոցով ապագա գործատուներն ուղղակի թեստային առաջադրանք են տալիս աշխատողներին։ Անցար թեստը՝ գալիս ես հարցազրույցի»,- նշում է նա։

Այդ ձախողումները, մեծ բրիտանացու ասած՝ ճակատագրական չէին․ նախ, կառուցվեց համակարգի շարժիչը, երկրորդ՝ ընկերությունում սկսեցին հասկանալ ռեկրուտինգի շուկան, և երրորդ՝ ամենակարևորը, հիմնադիրները հասկացան, ինչպես կառավարել ընկերությունը։

«Եթե միանգամից սկսեինք ճիշտ մոդելից, բոլոր այդ սխալներն այստեղ էինք անելու», - ասում է Տիգրանը։ Արդյունքում՝ ընկերությունն այսօր գնահատվում է 0․5 մլրդ դոլար։

Սխալվելը, առհասարակ, ընկերության փիլիսոփայության մաս է դարձել։ Տեսականորեն սովորել շատ դժվար է, սովորում ես՝ փորձելով, սխալվելով, ուղղելով, ու ղեկավարը, թեև ուզում է անսխալական երևալ, պիտի ցույց տա իր թերությունները, որ աշխատողների համար լինի սեփական սայթակումների վրա սովորելու օրինակ։

«Եթե, օրինակ, սխալ մարդ եմ վերցնում աշխատանքի, կանգնում եմ ու ասում ամբողջ ընկերության առաջ․ սխալվեցի, սխալվելուս արդյունքում այսինչը սովորեցի, էլ այսպես չեմ անելու»,- նշում է նա։

Փիլիսոփայության հիմնական մասն էլ, ըստ էության, կրկին չերչիլյան է՝ անհաջողությունը կամ թույլ կողմը հաջողության վերածելու ճանապարհի փնտրտուքը։ Տիգրանն ու ընկերության մյուս համահիմնադիր Արամ Շատախցյանը ծնվել ու մեծացել են ՀՀ-ում, ճաշակելով 90-ականների սերնդի բոլոր ուրախ ու տխուր պահերը։ Երկուսի ծնողներն էլ մեծ ուշադրություն էին դարձնում կրթությանը, Տիգրանի դեպքում՝ մաթեմատիկային, Արամի՝ ծրագրավորմանը։ 2000-ականներին երկուսն էլ սկսեցին փայլել օլիմպիադաներում։ Տիգրանը մաթեմատիկայի գծով Հայաստանում թիվ 1 տիտղոսակիրն էր՝ 2-ական արծաթ ու բրոնզ ուներ միջազգային օլիմպիադաներից։ Արամն էլ, օրինակ, բերել է Հայաստանին առաջին արծաթը ծրագրավորման միջազգային օլիմպիադաներից։

«Ես ավելի էքստրավերտ եմ»,- ասում է Տիգրանը, պատմելով՝ ինչպես միջազգային օլիմպիադաներում ստեղծված ծանոթություններն օգնեցին նրան տեղեկանալ աշխարհում լավագույն տեխնիկական բուհերից մեկում՝ MIT-ում սովորելու հնարավորության մասին, որով էլ նա բարեհաջող օգտվեց։

«Ավարտելուց հետո բոլոր խոշոր ընկերությունների ռեկրուտորները հերթ էին կանգնում համալսարանի դիմաց՝ մեզ իրենց մոտ ներգրավելու համար։ 2013-ին արդեն աշխատում էի Google-ում՝ ստանալով այնքան աշխատավարձ, որ, երևի, ոչ մի նորավարտ չպիտի ստանա», - հիշում է նա։

Արամն այդ ընթացքում սովորել էր ԵՊՀ-ում։ Քանի որ իր CV-ում MIT հապավումը չկար, աշխարհի խոշորագույն ընկերությունների դռներն իր համար փակ էին՝ ու նա սկսեց գումար վաստակել Upwork-ում ֆրիլանսով։

«Նույնիսկ MIT-ից ու Google-ից հետո իրենից լավ ծրագրավորող չէի տեսել։ Իմ ճանաչած լավագույն ծրագրավորողը չի կարողանում լավ ընկերությունում աշխատանք գտնել, իսկ ինձ ու իմ հետ սովորածներին, որոնց մեջ վատ մասնագետներ էլ կային, հետապնդում էին։ Ակնհայտ դարձավ՝ մարդիկ չեն կարող տաղանդը նկատել ու շարժվում են CV-ներով»,- նշում է նա. այսպես ծնվեց ուժեղ CV-ն ուժեղ գիտելիքով շրջանցելու գաղափարը։

Այդ գաղափարը, սակայն, բիզնեսի տրամաբանությանը հակասող է թվում․ ինչու՞ շատ վճարել առանց հնչեղ CV-ի տաղանդավոր մարդկանց, եթե կարելի է ստանալ այդ աշխատանքի արդյունքն էժանով։ Ըստ Տիգրանի, գործատուները դեմ չեն շատ վճարել, նրանց պետք է տաղանդը, գնում է տաղանդի որս։ Հայաստան այդքան ընկերություններ գալիս են, որովհետև գիտեն՝ երկրում լավ ծրագրավորողներ կան։ Երբ այդ տաղանդի մասին չեն իմանում դրսում, ընդամենն օգտվում են լոկալ՝ outsource ուղղությամբ աշխատող ընկերությունները, որոնք, միևնույն է, իրենց կլորիկ մասնաբաժինն են ավելացնում ծրագրավորողի պահանջած աշխատավարձին։ «Մոտիվացիան ոչ թե էժանով նույն բանը անելն է, այլ լավ ծրագրավորողներին աշխարհով մեկ գտնելը»։ Տիգրանը մեջբերում է իր ներդրողներից մեկի համեմատությունը․ կան 3 ձևի բիզնեսներ՝ եկամտաբեր ու հանրային տեսանկյունից անօգուտ, ինչպես, օրինակ, մարիխուանան, ու սոցիալական ուժեղ դերով, սակայն առանց բիզնես բաղադրիչի։ Երրորդ ձևին էլ պատկանում է Codesignal-ը, որին հաջոցեց համապատասխանել 2 կողմին էլ։

Ադքան գնահատվող դարձած բուհական կրթությունն ընդհանրապես՝ MIT-ում թե ԵՊՀ-ում, իդեալական չէ, սակայն MIT-ն ունի մեկ լուրջ առավելություն նույն ԵՊՀ-ից՝ միջավայրը։ Տիգրանը պատմում է, որ դասերի չէր էլ մասնակցում՝ հաճախ սովորում էր տեսանյութերով, ինչը կարող էր Երևանում էլ անել։ Սակայն MIT-ում մարդիկ իրար հետ մրցում են՝ ում գրաֆիկն է ավելի բարդ, ով ավելի դժվար կուրս վերցրեց, ով բարձր գնահատական ստացավ։

«Երբ միջավայրումդ ամենուր լավ հագնվելու, լավ ընկերուհի ունենալու կամ ամուսնանալու թեման է, դա շեղում է պրոգրեսից։ Համոզված եմ, որ եթե Հայաստանում լինեի, նույնը կանեի, միջավայրն ահավոր կարևոր դեր է խաղում», - նշում է Տիգրանը, ընգրծելով՝ քեզ պիտի շրջապատեն մարդիկ, որոնք կմոտիվացնեն աճել մակարդակիցդ բարձր։

Այդ միջավայրը փոխող գործոններից մեկն էլ, ըստ Տիգրանի, Հայաստանում ծրագրավորողների աճող աշխատավարձը պիտի դառնա։

«Անգլերեն ասում են՝ you cannot be what you cannot see։ Բոլորը պիտի տեսնեն, որ դպրոցի գերազանցիկներն են ամենալավ մեքենաները վարում, տեսնեն ոչ թե «շուստրիների» հաջողությունը, այլ ծրագրավորում սովորող ու հարստացող գերազանցիկ էրեխեքինը»,- նշում է նա։

Այստեղ Տիգրանը կարևորում է ընկերության աշխատակիցներին նաև դրա բաժնետեր դարձնելու մշակույթի զարգացումը։ Դա բարձր աշխատավարձից էլ շատ է մոտիվացվելու լավ աշխատել, իսկ ընկերության հաջողության դեպքում նրանք միլիոնատերեր են դառնալու։

«Պատկերացնենք այն երեխաների ծնողներին, որոնք տեսնեն, որ մոտակա տասը տարում ՀՀ-ում հարյուրավոր ծրագրավորող-միլիոնատերեր են կայանում։ Նրանց համար դա արդեն հաջողության մաքուր ճանապարհ կդառնա»,- ընդգծում է գործարարը։

Բայց արդյո՞ք այդ ուղին բոլորի համար է, ոչ թե տաղանդավորների։ Տիգրանի խոսքով՝ կարծիքը, թե կա տաղանդ մաթեմատիկայի կամ ծրագրավորման հանդեպ, կեղծ կարծրատիպ է՝ նման տաղանդով մարդիկ չեն ծնվում։

«Պարզապես դու ինքդ համոզում ես քեզ, թե չես կարող անել դա, քանի որ մեկ ուրիշը լավ էր մաթեմատիկայից փոքր ժամանակ, իսկ դու՝ ոչ։ Բայց մարդկային ուղեղը, իրականում, սահմաններ չունի, ու ես էլ ոչ մի բանով ուրիշներից չէի տարբերվում», - պատմում է նա՝ նշելով, որ միակ ուղին է՝ աշխատանք, ձախողում, կրկնություն, աշխատանք, ձախողում, կրկնություն՝ մինչև հաջողելը։

«Այն պահից, երբ սահման ես գծում քո համար՝ վերջ, այդ սահմանից էլ չես անցնում։ Եթե դու հավատաս, որ կարող ես, կամ հավատաս, որ չես կարող, երկու դեպքում էլ ճիշտ ես դուրս գալու», - եզրափակում է Տիգրանը։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net