28 հունվարի 2022 - 18:15 AMT
ՀՈԴՎԱԾ
«Կրկնօրինակներն անթիվ են, Մոնա Լիզան՝ մեկը»
Ինչու է NFT-ն սրընթաց թռիչքով գրավում արվեստի աշխարհը
Եթե վերջին ամիսններն անտառում կամ անմարդաբնակ կղզում չեք անցկացրել, ապա հաստատ լսել կամ կարդացել եք NFT-ների մասին: Գուցե նաև հասցրել եք զարմանալ, թե ինչպես է Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսիի առաջին թվիթը որպես NFT վաճառվել 2.9 միլիոն դոլարով:

Կրիպտոաշխարհի ամենաթրենդային ու թեժ թեման մեր կյանք մտավ միանգամից և դարձավ համացանցի թոփ նորությունների ամենօրյա առաջատարներից: Իրականում NFT-ներն առաջին անգամ թվային աշխարհում հայտնվել են 2017-ին, բայց միայն 2021-ին են դարձել «համացանցի աստղ»:

Ի՞նչ է NFT-ն և ինչու ենք ամեն օր լսում դրա մասին

Քաղաքականությունից հետո NFT-ները բանավեճերի ու քննարկումների ամենատարածված թեման են դարձել: Մարդկանց մի մասը սա թվային հեղափոխություն է անվանում, մյուսները դեռ իմաստն են փնտրում: Մի մասը սա ապագայի անոնս է համարում, մյուսները չեն պատկերացնում, թե ուր են տանում թվային աշխարհում միլիոնավոր դոլարների այս ներդրումները:

Անգլերեն NFT-ն բացվում է որպես non-fungible token: Բառացի non-fungible նշանակում է չփոխարինվող/անփոխարինելի/եզակի: Հենց բառն էլ հուշում է, որ յուրաքանչյուր NFT վիտուալ տարածքում եզակի թվային ակտիվ է, որը հնարավոր չէ փոխանակել մեկ այլ NFT-ի հետ, որովհետև դրանք համարժեք չեն և չեն էլ կարող լինել: 100 դոլարը համարժեք է մեկ այլ 100 դոլարի, կամ մեկ բիթքոինը կարելի է փոխարինել մեկ այլ բիթքոինով, բայց Այվազովսկու «Իններորդ Ալիք»-ը հնարավոր չէ փոխարինել իրեն համարժեք մեկ այլ բանով, որովհետև «Իններորդ Ալիք»-ը եզակի է, միակն է և համարժեքը չունի: Հենց այսպես էլ աշխատում է NFT-ների տրամաբանությունը: Յուրաքանչյուր NFT ունի եզակի թվային ստորագրություն, որը կարելի է վաճառել, բայց հնարավոր չէ փոխարինել:

NFT-ն կարող է լինել ամեն ինչ՝ թվիթ, տեսանյութ, կտավ, երաժշտություն, Մեսսիի ստորագրությամբ գնդակ կամ էլ որևէ հավաքածու, որոնց հեղինակներն իրենց ստեղծածը թվային են դարձնում և վաճառում են: NFT-ները ստուգելու, դրանց վաճառքի և այլնի մասին հավելյալ մանրամասներ իմանալու համար կա այսպես կոչված հանրային գրանցամատյան՝ բլոկչեյն: Կարճ ասած՝ կոմպոզիտորներն այստեղ կարող են վաճառել իրենց թվայնացված երաժշտությունը, նկարիչները՝ կտավը և այսպես շարունակ:

Հիմա մի փաստ, որն ամենից շատ է շփոթեցնում թվային այս իրականության նորեկներին: NFT-ները կարող են դիտել/լսել/կարդալ բոլոր ցանկացողները: Այսինքն՝ պրոդուկտը հասանելի է բոլորին, բայց սեփականատեր է համարվում միայն գնորդը: Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մարդիկ միլիոնավոր դոլարներ ծախսում NFT լուսանկար գնելու համար, եթե աշխարհի ցանկացած կետում ցանկացած մարդ «ազատ մուտք» ունի թվային այդ միջավայր: Սա նույնն է, թե համեմատենք Լուվրում ցուցադրվող «Մոնա Լիզա»-ն՝ աշխարհի տարբեր անկյուններում «Մոնա Լիզա»-ի հազարավոր կրկնօրինակների հետ: Բոլորն էլ կարող են տեսնել, նույնիսկ գնել հազարավոր «Մոնա Լիզա»-ներից մեկը, բայց Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն միայն Լուվրում է:

Խոսենք թվերով: 2021-ի երրորդ եռամսյակում միայն NFT-ների վաճառքը կազմել է 10.7 միլիարդ դոլար: Եթե 2020-ի հոկտեմբերին վաճառքները 4.8 միլիոն դոլար էին կազմել, ապա 2021-ի հոկտեմբերին այս թիվը հասել է 2.6 միլիարդ դոլարի: Գնորդները NFT-ները դիտարկում են որպես թվային սեփականություն՝ օնլայն միջավայրում, որը խոսում է ճաշակի և սոցիալական դիրքի մասին:

«Խաղադրույքը» բարձրանում է, երբ խոսքը հավաքածուների մասին է: Beeple-ի Everydays: the First 5000 Days-ն օրինակ ամենաթանկ վաճառված աշխատանքներից է: NFT-ն վաճառվել է մոտ 70 միլիոն դոլարով:

Իսկ ես կարո՞ղ եմ գնել կամ վաճառել NFT–ներ

Եթե կարճ՝ այո: Տեսականորեն բոլորս էլ կարող ենք գնել կամ վաճառել NFT–ներ: Գործնականում շատերը պարզապես ծանոթ չեն մեխանիզմին: Եթե ստեղծում եք արվեստի գործեր՝ կտավ, լուսանկար, երաժշտություն, կամ ունեք հավաքածուներ, ապա ձեր ստեղծագոծությունների թվային տարբերակները կարող են NFT-ի միջոցով ձեզ եկամուտ բերել: Իրականում, եկամտի համար նոր պրոդուկտ ստեղծելը միշտ չէ, որ պարտադիր է: Դուք կարող եք գնել որևէ NFT, այսպես ասած ներդրում անել և հետո ավելի թանկ գնով վաճառել այն: Ներդրումներն իհարկե միշտ էլ ռիսկեր են պարունակում և զեղծարարությունների վտանգ միշտ էլ կա:

Սկսենք սկզբից: Եթե օրինակ լուսանկարիչ եք և ուզում եք թվայնացնել ու վաճառել լուսանկարի NFT-ն, ապա նախ պետք է հաշիվ բացեք NFT հարթակներում, կամ այսպես ասած՝ օնլայն շուկայում: Ամենահայտնի հարթակներն են՝ OpenSea, Nifty Gateway, SuperRare, MakersPlace և Rarible: Հաջորդ քայլով պետք է Ethereum-ում կրիպտոդրամապանակ ստեղծեք: Հարջորդիվ, իհարկե՝ թվային պրոդուկտի նկարագրությունը և անհրաժեշտ տվյալները պետք է ավելացնեք: Նախնական փուլերն անցնելուց հետո տոկենը կուղարկվի վերիֆիկացիայի, ինչից հետո էլ արդեն կկարողանաք վաճառել այն: Մի հետաքրքիր բան էլ կա, եթե ձեր NFT-ն վաճառել եք, իսկ գնորդը վերավաճառել է այն, ապա դուք անպայման տոկոսներ եք ստանում վերավաճառքից: Եթե NFT-ն վերավաճառվի 10 անգամ, դուք 10 անգամ էլ տոկոսներ կստանաք:

Արվեստի թվային աշխարհ մտնելու ճանապարհին մոտիվացվելու համար առաջարկում ենք ուսումնասիրել ամենահայտնի արտիստներին և նրանց ստեղծագործությունները:

Beeple - Արվեստի գործերի ընդհանուր արժեքը՝ $145,372,930.29

Pak -Արվեստի գործերի ընդհանուր արժեքը՝ $56,981,012.98

XCOPY -Արվեստի գործերի ընդհանուր արժեքը՝ $43,548,853.40

HACKATAO -Արվեստի գործերի ընդհանուր արժեքը՝ $31,854,137.95

FEWOCIOUS - Արվեստի գործերի ընդհանուր արժեքը՝ $26,873,503.89