16 մայիսի 2022 - 13:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Արվեստի աշխարհում շաբաթվա թոփ լուրը Մերիլին Մոնրոյի դիմանկարի վաճառքն էր ռեկորդային՝ 195 միլիոն դոլարով։ Մեդիա դաշտի հայկական տիրույթում քննարկումները հատապես ակտիվացան, երբ պարզ դարձավ, որ աճուրդում հաղթել է ամերիկահայ արտ֊դիլեր Լարրի Գագոսյանը։

Հայկական ծագմամբ ամերիկացին արվեստի աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է։ Նրան համարում են աշխարհի N1 արտ դիլերը։ PanARMENIAN.Net֊ը պատմում է, թե ինչ ճանապարհ է անցել Գագոսյանը, ովքեր են նրա արտիստները և ինչ կապ ունի Արշիլ Գորկու հետ։

Լարրի Գագոսյանի պատմությունը մարտահրավեր է նետում հոլիվուդյան լավագույն մոտիվացիոն ֆիլմերի սցենարիստներին։ Գագոսյանը ծնվել է Կալիֆորնիայում, հայկական ընտանիքում։ Հայրը հաշվապահ էր, մայրը՝ դերասանուհի։ Սովորական ընտանիք առանց արտասովոր եկամտի ու հաջողությունների։ Լարրին արվեստի բնագավառում կրթություն չի ստացել։ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA)՝ անգլիական գրականություն է ուսումնասիրել։ Ավարտելուց հետո հենց նույն համալսարանի պատերի տակ սկսել է պաստառներ վաճառել։ 2 դոլարով գնել է պաստառներն ու վերավաճառել 15 դոլարով։ Եվ ինչպես ուրախ վերջաբան ունեցող բոլոր ֆիլմերում պաստառներ վաճառող տղան ընդամենը մի քանի տարի անց՝ 35 տարեկանում բացում է իր առաջին պատկերասրահը։

Այսօր Gagosian Gallery֊ն ժամանակակից արվեստի գործեր ցուցադրող ամենամեծ պատկերասրահների ցանցն է։ Հիմնադրվել է 1979֊ին՝ Լոս Անջելեսում։ Հետո մեկը մյուսի հետևից նոր սրահներ են բացվել Նյու Յորքում, Լոնդոնում, Աթենքում, Հոնկոնգում, Հռոմում, Փարիզում։ Այսօր Gagosian Gallery֊ն 19 սրահ ունի աշխարհի տարբեր ծայրերում։ Գագոսյանն ասում է՝ «Իմ պատկերասրահներում արևը երբեք մայր չի մտնում։» Gagosian Gallery֊ների ցանցում ցուցադրվում են 20֊րդ և 21֊րդ դարի ամենաազդեցիկ արտիստների ստեղծագործությունները։ Տակաշի Մուրակամի, Սայ Թվոմբլի, Ջեֆֆ Կունս, Ռոբերտ Ռաուշենբերգ… Գագոսյանն աշխատել է ոլորտի ամենահայտնի անունների հետ և այս ցանկը շատ երկար է։

Իր կյանքի ու հաջողության բանաձևի մասին խոսելիս Գագոսյանը միշտ պատմում է Լեո Կաստելիի հետ ճակատագրական հանդիպման մասին։ Իր ժամանակների ամենաազդեցիկ իտալացի արտ֊դիլերը Գագոսյանի համար շատ դռներ է բացել, բացահայտել է շփումների նոր շրջանակ, ծանոթացրել է արվեստի աշխարհի նրբություններին։ Գագոսյանը ոլորտում է 1960֊ականներից և հաջողության իր բանաձևը ձևակերպելիս հստակ է, առանց ավելորդ էմոցիաների. «Այս ոլորտում հաջողության հասնելու մի քանի կարևոր պայման կա՝ կիրք, կենտրոնացում, աշխատասիրություն և սուր աչք»։

Գագոսյանի բոլոր հարցազրույցներում կա մի քանի բառ ու արտահայտություն, որ գրեթե միշտ կրկնվում են՝ էներգիա, շարժում, հնարավորություն, մրցակցություն, աշխատասիրություն, հաջողություն։ Գագոսյանի աշխատանքային ոճը երբեմն նաև «ագրեսիվ» են որակում։ Արտ֊դիլերն ունի նաև սրա պատասխանը. «Կարծում եմ, եթե բիզնեսում ագրեսիվ չես, շատ հեռու չես գնա։ Ագրեսիվ լինել չի նշանակում, որ քեզ հրեշի պես ես պահում։ Դա նշանակում է, որ հստակ գիտես, թե ինչ ես ուզում և առանց վարանելու առաջ ես շարժվում:»

Իր հայկական արմատների մասին Լարրի Գագոսյանը շատ չի խոսում։ Մի առիթով պատմել է ցեղասպանության, Արշիլ Գորկու տաղանդի և նրան բաժին հասած դաժան ճակատագրի մասին։ Գագոսյանը Արշիլ Գորկու կտավների մի քանի ցուցահանդես է կազմակերպել և հարցազրույցներից մեկում վերհիշում է, թե որպես ամերիկահայ մարդ, որքան հպարտ էր այդ առիթով. «Գորկին 20-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկն է։ Նա հրաշալի արվեստագետ էր, որը շատ հուզիչ և ողբերգական անձնական պատմություն ուներ»։

Լարրի Գագոսյանն աշխատում է շուրջ հարյուր արտիստի հետ, որոնց գրանցած հաջողություններն առաջին հերթին կապում են հենց Գագոսյանի հետ։ “The Gagosian Effect” կամ «Գագոսյանի էֆեկտ» արտահայտությունը նշանակում է, որ այդ նկարիչների աշխատանքները միանգամից մի քանի անգամ ավելի թանկ են վաճառվում։ Ի դեպ, Գագոսյանը համարվում է առաջին միլիարդատեր արտ֊դիլերը։ Նրա պատկերասրահներում տարեկան վաճառքը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը։ Արվեստի բնագավառում աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց թոփ տասնյակում գտնվող Գագոսյանը երեխաներ չունի, հետևաբար նրանից հաճախ հետաքրքրվում են, թե ինչ է անելու իր ժառանգության հետ. «Չեմ ուզում անսիրտ հրեշի տպավորություն թողնել, բայց ես երբեք էլ չեմ ցանկացել երեխաներ ունենալ։ Ինձ այդ պատասխանատվությունը պետք չէր։ Միայն ազատություն էր պետք՝ անելու այն, ինչ ուզում եմ, որտեղ ուզում եմ և երբ ուզում եմ։»

77֊ամյա Լարրի Գագոսյանը թոշակի անցնել չի պատրաստվում։ Շարունակում է պայմանագրեր կնքել նոր նկարիչների հետ, բացել ցուցահանդեսներ, վաճառել ու գնել աստղաբաշխական թվերով կտավներ։

Նանե Մանուկյան