15 մայիսի 2025 - 16:58 AMT
ՀՈԴՎԱԾ
«Հաղթանակի ռադիո» - Մնացական Վարդանյան
Երկրորդ Համաշխարհայինում ողջ մնալը հրաշքի էր նման
Մնացական Վարդանյան (05.02.1923 թ.) - կապիտան, դասակի հրամանատար, 28-րդ բանակի հրաձգային 130-րդ դիվիզիա, Հարավային բանակի դասակի հրամանատար, Ուկրաինական և Բելառուսական ճակատի քիմիական ծառայության պետ:

Դեպի պատերազմ. 17 տարեկանում կամավոր եմ գնացել բանակ

1940 թվականին ընդունվել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտ` ինժեներ-մեխանիկ դառնալու համար: 1941 թվականին, երբ պատերազմն արդեն երկու տարի սկսվել էր, 17 տարեկան էի: Իմ նախաձեռնությամբ եմ գնացել բանակ, ինստիտուտից պահանջել էին երկու հոգու, և ես որոշել էի որպես կամավոր մեկնել:

1941-ի սեպտեմբերի 27-ին ինձ մի քանի հայ տղաների հետ տարան Մոսկվա: Երևանից գնացքով չորսով էինք գնացել` երկուական մարդ Պոլիտեխնիկից և ԵՊՀ-ից: Ինձ ընդունեցին Վորոնինի անվան ռազմաքիմիական ուսումնարանին կից սպայական կուրսերի, որոնց ընթացքում պատրաստում էին Սովետական բանակում ծառայելու համար:

Ընդունվելու ժամանակ 18-ս դեռ չէր լրացել, և ընդունող հանձնաժողովը փոխեց ծննդյանս օրը՝ 1923-ի հոկտեմբերի 5-ի փոխարեն նշելով փետրվարի 5-ը: Այդպես, փաստաթղթերս կեղծեցին՝ զինվորական գրքույկիս մեջ և մնացած փաստաթղթերում մինչ այսօր հենց այդ ամսաթիվն է գրաված:

Սպայական կուրսերում սովորելու ընթացքում գնացել ենք Տաշքենդ, այնուհետև` Աշխաբադ: Այնտեղ սովորեցինք և մնացինք մինչև 1942 թվականի ամառ, այնուհետև կրկին վերադարձանք Մոսկվա: Այդ շրջանում Մոսկվան իր ամենածանր օրերն էր ապրում, փողոցներով մարդիկ փախչում էին, քաղաքն անհանգիստ էր: Մեզ` զինվորներիս, բոլոր հերթերում բաց էին թողնում:

Ռազմաճակատում. Քյոնիկսբերգը գրավելու համար մեդալ եմ ստացել

1942 թվականին ինձ որպես սպա ուղարկեցին Ստալինգրադ: Հետո եղա Աստրախանում, Կալմիկիայով էլ ենք անցել: Ուկրաինայի հարավով գնացել էին Նիկոլաև, տեղափոխվել Բելառուս` ազատագրելով հասել Բրեստ-Լիտովսկ, Լեհաստան, Արևելյան Պրուսիա, գնացել Քյոնիկսբերգ՝ այն գրավելու համար մեդալ եմ ստացել: Հենց այդ պահից էլ մեզ սկսեցին մեդալներ տալ: Մինչև այդ ոչ ոքի ձեռքը չէր բարձրանում մեդալ տալ քաղաքն ազատագրելու համար, որովհետև քաղաքների մեծ մասը շարունակում էին մնալ գերմանացիների հսկողության տակ:

Հիշողություններ ռազմադաշտից. Մահացած ընկերոջս մեդալները հանձնել եմ հարազատներին

Պատերազմական տարիներից ամենաշատը մեջս տպավորվել է այս պատմությունը: Սպա էի, 2 զինվոր էին տվել, որ Բրեստի միջով հոսող գետով անցնենք ու հանձնարարություն կատարենք, սակայն այդ պահին գետը հանկարծակի բարձրացավ, ու ձիերը սկսեցին խեղդվել, մենք էլ լողալ չգիտեինք՝ մի կերպ կարողացանք հասնել մյուս ափ: Դրանից հետո երդվեցի, որ անպայման պետք է լողալ սովորեմ: Մինչև հիմա, որ հիշում եմ՝ զարմանում եմ, թե ինչպես մեզ հաջողվեց փրկվել: Ես ասացի, որ երկու անգամ եմ մահից փրկվել, բայց իրականում ստացվում է, որ այդ դեպքերն ավելի շատ են եղել:

Մի անգամ էլ Բեռլինի տակ մահացած եմ տեսել ընկերներիցս մեկին` հետախուզական խմբի հրամանատարին: Նա թիֆլիսահայ էր, ամբողջ ռազմաճակատով անցել էր ու այդտեղ զոհվել: Թիֆլիսում նա երևանյան հրապարակի մոտ էր ապրում: Պատկերացրեք իմ վիճակը, հիմա այդ ամենը չէի անի, բայց այն ժամանակ երիտասարդ էի ու ոչնչից չէի վախենում, վերցրի նրա շքանշաններն ու հետո հանձնեցի հարազատներին: 1945-ի ապրիլն էր՝ դրանից հետո եկավ Ստալինի հրամանը, մեզ հանձնարարված էր գնալ Պրահա: Բեռլինի հարցն այդ ժամանակ գրեթե լուծված էր, և մենք այնտեղ անելիք չունեինք:

Մահվան եզրին. Երկու անգամ 99 տոկոսով մահից հազիվ եմ պրծել

Պատերազմի ժամանակ 2 անգամ 99 տոկոսով մահից հազիվ եմ պրծել: Մի անգամ Ռոստովի ազատագրման համար էինք կռվում, ականն ընկավ կողքս, բայց չպայթեց, ապա գլխի վնասվածք ստացա՝ մեկ ամիս բուժվեցի Ռոստովի հիվանդանոցում ու կրկին միացա մեր գնդին:

Մի անգամ էլ քիչ էր մնում գերի ընկնեինք գերմանացիներին: Հյուսիսային Կովկասում էր՝ առավոտյան ժամը 6-ին: Օդում գերմանական ինքնաթիռ տեսանք, այնուհետև երևաց նաև տանկերով մոտեցող թշնամին: Անմիջապես պառկեցինք սարալանջին: Հեռավորությունը մոտ 150 մետր էր: Բոլոր կողմերից կրակում էին, ահավոր տեսարան էր, բախտներս բերեց, որ ողջ մնացինք: Մեզ օգնության էր եկել մի բատալյոն, որի ղեկավարը հայ էր Մադոյան ազգանունով, նա պատերազմում մի ոտքը կորցրել էր, հետո Հայաստանում առողջապահության նախարար նշանակվեց: Եթե նրանք օգնության չգային, վերջներս վատ կլիներ:

Հետո իմացանք, որ գերմանացիները շրջապատումից էին դուրս պրծել, մենք էլ գնում էինք առաջադրանք կատարելու, ու ճանապարհին հանկարծակի հանդիպել էինք:

Հաղթանակին սպասելիս. Մայիսի 8-ին մեր հրետանային գունդն արդեն նշում էր հաղթանակը

Մայիսի 8-ի երեկոյան չկրակելու հրաման ստացանք: Մեր հրետանային գունդը խմում էր և իրար շնորհավորում: Չգիտեինք, որ հաջորդ օրը հաղթելու ենք պատերազմում, պարզապես ողջ էինք մնացել, իսկ դրանից լավ առիթ չէր կարող լինել միմյանց շնորհավորելու: Մինչև առավոտ չկրակեցինք, սակայն գերմանացիներն էին կրակ բացել, նրանք չէին ցանկանում հանձնվել և մինչև մայիսի 14-ը կռվել են: Նրանք ցանկանում էին ավելի մեծ քանակությամբ զորք տանել դեպի Արևմուտք և փրկել:

Մոտ 15 օր մնացինք Պրահայում, այնուհետև վերադառնալու հրաման ստացանք:

Ստալինից 14 հատ շնորհակալագիր եմ ստացել, բայց վերջերս եմ իմացել այդ մասին, երբ փաստաթղթերս հավաքում էի, իմ անձնական գործին էին կցված: Շատ ուրախացա ու հպարտացա:

Պատերազմից հետո. Շնորհակալ էինք Աստծուն, որ կենդանի ենք մնացել

Պատերազմի ավարտից հետո շնորհակալություն հայտնեցինք Աստծուն, որ կենդանի ենք մնացել: Մեր բանակի 50 տոկոսը գրեթե չի վերադարձել, ու նման պատերազմում ողջ մնալը հրաշքի էր նման:

Ուզում եմ նաև մի քիչ ընտանիքիս մասին պատմել: Հայրս պատերազմի տարիներին քաղսովետի նախագահն էր, ու հանգիստ կարող էր այնպես անել, որ բանակ չգնայի: Բայց ես պնդեցի, որ մեկնեմ ռազմաճակատ: Մայրիկս և տատիկս են ինձ ճանապարհել: Մենք մշեցի ենք: Ընտանիքս 1915-ին է գաղթել, պապիկս ֆիդայի է եղել, տատիկս ու հայրիկս կարողացել են փրկվել, քանի որ հարևանը զգուշացրել է, որ հայերին կոտորելու են: Տատիկս հայրիկիս աղջկա շորեր է հագցրել ու նրանք կարողացել են հասնել Հայաստան:

Պատերազմի ավարտից հետո վերականգնվեցի ինստիտուտում, երկրորդ կուրսից շարունակեցի, ավարտեցի 1950 թվականին: Այնուհետև ընդունվեցի ասպիրանտուրա և շարունակեցի աշխատել ինստիտուտում: Մեքենաշինության տեխնոլոգիա եմ ուսումնասիրել: Այդ ժամանակ էլ ամուսնացել եմ: Կնոջս հետ մինչև պատերազմն էինք ծանոթ, ես 1941-ին նրան իմ լուսանկարն էի նվիրել, ու միայն նրա մահից հետո, գտա այդ նկարը՝ իր դարակում էր պահել: 3 որդի ունենք:

«Հաղթանակի ռադիո» («Радио Победы») շարքի շրջանակում վետերանները հիշում են ամբողջ աշխարհի համար սարսափելի տարիների, 1945թ. մայիսի 9-ի լուսավոր օրվա, հետպատերազմյան կյանքի մասին: 2025-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործակցությամբ նախագիծը վերածվել է գրքի, որտեղ հավաքված են բազմաթիվ վետերանների պատմություններ: