2 հունիսի 2025 - 18:16 AMT
ՀՈԴՎԱԾ
«Հաղթանակի ռադիո» - Մուշեղ Սահակյան
Մի նամակը «մամա ջան, պապա ջան»-ով էի սկսվում, մյուսը` «պապա ջան, մամա ջան»-ով
Մուշեղ Սահակյան (22.07.1922 թ.) – լեյտենանտ, 153-րդ դիվիզիա, Հակաօդային պաշտպանության զենիթային հրետանի, լիցքավորող, ապա՝ հրամանատար:

Դեպի պատերազմ. Մի դասարանից էինք, մի զորամասում էինք ծառայում ու մի թնդանոթի վրա

1940թ. հոկտեմբերի 10-ին Երևանի կայարանից ինձ ու վեց ընկերներիս բանակ տարան: Անբաժան էինք՝ Մուկուչը, Սերոժը, Համբիկը, Ռադիկը, Վաղոն ու ես: Նար-Դոսի անվան դպրոցը նոր էինք ավարտել: Մի դասարանից էինք, մի զորամասում էինք ծառայում ու մի թնդանոթի վրա: Մեզ Երևանից տարան մինչև Մերձբալթիկա, Ռիգա: Պատերազմը դեռ չէր սկսվել: Մի տարի պիտի ծառայեինք ուսումնական գնդում ու տասնամյակն ավարտած տղաներով վերադառնայինք տուն՝ սպայի կոչումով: Մի տարին դարձավ վեց տարի, իսկ մեր վեցից 3-ը չվերադարձավ: Հիմա միայն ես եմ կենդանի:

Ռազմաճակատում. Ամենաահավորը նահանջն էր

Արդեն գիտեինք, որ պատերազմ կլինի՝ ուսուցումը, կյանքը, ծառայությունն այնպիսին էին, որ պարզ էր՝ ուր որ է պատերազմը սկսվելու է: Օր օրի սպասում էինք: Հարմարվել էինք այդ մտքին: Պատերազմից մոտ 1 շաբաթ առաջ ուսումնական տագնապ հայտարարվեց: Մեր զորամասի մոտ անտառ կար, որտեղ էլ կրակային դիրք զբաղեցրինք, թնդանոթները քողարկեցինք: Այդպես մի 5-6 օր մնացինք, մինչև մի գիշեր՝ առավոտյան 4-5-ի կողմերը գերմանացիների ինքնաթիռները թռան-անցան մեր վրայով դեպի երկրի խորքերը: Պատերազմն այսպես սկսվեց: Մենք արդեն կռվի մեջ էինք:

Մեր դիվիզիան պաշտպանում էր կայարանները, կամուրջներն ու ռազմավարական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ՝ հակառակորդի ռմբակոծիչները կործանելով: Բայց պատերազմի սկզբում իրավիճակը մեր դեմ էր: Գերի չընկնելու համար նահանջում էինք, իսկ գերմանացիները հասնում էին մեզ… Ահավոր բան էր նահանջը, ամենաահավորը: Ռմբակոծում էին բոլոր կողմերից: Փախչում էր զորքը, ժողովուրդը, ու այս ամենը՝ անընդհատ կրակի տակ, որ կողմ նայեիր՝ դիեր էին ու մարդկանց մարմնի մասեր:

Ռիգայի պաշտպանության համար էինք կռվում, որ սկսեցինք նահանջել: Եկանք, հասանք Պսկով, Նովգորոդ: Հանձնելով: Գերմանացին հարձակվում էր, մենք՝ հետ քաշվում: Նովգորոդի կամրջի պաշտպանության ժամանակ էլ առաջին ու միակ անգամ վիրավորվել եմ: Գերմանական ինքնաթիռները ռմբակոծում էին կամուրջը, որը մենք պաշտպանում էինք, և մեր տեղը հայտնաբերեցին: Դրանցից մեկը՝ Յունկերս 88 ռմբակոծիչը, շրջադարձ կատարեց ու սկսեց հենց իմ թնդանոթը ռմբակոծել: Հրաման ստացվեց` մտնել թաքստոցներ: Տղաներն անմիջապես թաքնվեցին նախօրոք պատրաստված փոսերում: Ես չփախա, թաքնվեցի թնդանոթի «կազյոննիկի» տակ: Գերմանացու գնդակները հետագիծ ունեին, ու ուղղությունից հասկացա, որ չէի հասցնի: Որոշ ժամանակ անց ռմբակոծությունը դադարեց: Կռվի ժամանակ, սովորաբար, քրտնում էինք: Ես ձեռքս տարա դեպի ծոծրակս, որ սրբեմ ու տեսնեմ՝ արյուն է: Մեջքս էլ էր լրիվ արյունոտվել: Ինձ տարան դաշտային բուժկետ, հետո՝ հոսպիտալ:

Ընկերներիցս մեկը զոհվեց նույն կռվի ժամանակ: Որ ինձ տարան հոսպիտալ, ես նրանցից բաժանվեցի, ու էլ չեմ տեսել մինչև պատերազմի վերջ: Եկա ու երկուսը այստեղ՝ Երևանում էին: Վեցից երեքս կենդանի էին վերադարձել, երեքը՝ զոհվել:

Հիշողություններ ռազմադաշտից. Ադրբեջանցիները մեզ համեմատ ոչինչ էին

Այն ժամանակ էլ ֆրոնտում ադրբեջանցիներ կային, բայց բոլորս հավասար էինք, ազգային ոչ մի հարց չկար: Կարմիր բանակ էր: Միասին էինք ծառայում ու մեզ համեմատ ոչինչ էին: Մենք՝ հայ տղաներով, բոլորից էինք մի գլուխ բարձր: Ամենաաշխույժն էինք: Ադրբեջանցիները խեղճ էին: Մենք ռուսերեն խոսում էինք, իրենք՝ ոչ: Կատակներ էինք անում, ծաղրում: Դե կատակ էր, անում էինք: Այն ժամանակ այսօրվա պես թշնամանք չկար:

Ծնողներս մշեցի էին: Պապս՝ Մարտիրոս աղան, յոթ տղա ուներ ու մեկ աղջիկ: Ամենափոքր տղան իմ հայրն էր՝ Հմայակը: Չգիտեմ ինչ կռիվ է սարքել մի օր ու վախեցել է, որ գնա տուն՝ կպատժվի, սայլով ապրանք էին տանում կողքի քաղաքներից մեկը՝ Սուրենին, մեծ եղբորը, նստել, գնացել է նրա մոտ: Այդ օրը թուրքերը մտնել ու կոտորել են բոլոր հայերին: Միայն հայրս ու Սուրենն են փրկվել:

Մահվան եզրին. Զգացի, որ մի բան շշշ-ալով անցավ

Հոսպիտալից դուրս եմ գրվել, սովորել ուսումնական զորամասում ու սպայի կոչումով վերադարձել ֆրոնտ: Չեմ կարող հաշվել, թե քանի գերմանական ռմբակոծիչ եմ հենց ես կործանել: Մեր դիվիզիայում 12 թնդանոթ էր՝ 3 կրակային դիրքով: Դրանք բոլորը կրակում էին: Բայց մի ռմբակոծիչի հետ կռիվ եմ արել: Դա այն ժամանակ, երբ արդեն ոչ թե լիցքավորող, այլ հրամանատար էի: Երբ նոր կրակային դիրք էինք զբաղեցնում, փոսեր էինք փորում՝ մեզ ու թնդանոթների համար, ես սովորություն ունեի՝ ամենավտանգավոր պահին էլ չէի մտնում փոսը: Կանգնած էի հրաման տալիս, քաջ էի: Մի անգամ, գիշերային մարտի ժամանակ գերմանացի օդաչուներից մեկը կենտրոնացել էր հենց իմ թնդանոթի վրա ու անդադար ռմբակոծում էր: Ես էլ իր վրա կենտրոնացա, ասես`մենամարտ լիներ: Ամբողջ հասակով կանգնած հրամաններ էի տալիս, մեկ էլ զգացի, որ մի բան շշշ-ալով անցավ: Գերմանացի օդաչուին իջեցրի, մարտն ավարտվեց, լույսը բացվեց ու մեր չորս կողմը բեկորներ էին՝ անհավատալի քանակով: Ինձնից մի երկու քայլ այն կողմ մի մեծ կտոր նկատեցի ու հասկացա, որ այն շշշոցը դրանից էր: Խրատ եղավ: Դրանից հետո միշտ մտնում էի փոսը:

Հաղթանակին սպասելիս. Վերջին տարին տնեցիներին նամակ չէի գրել

Պատերազմը հենց Լեհաստանում էլ ավարտեցի: Վարշավայի, Լոձի, Լովիշի գրավմանն եմ մասնակցել: Լովիշում էր, որ իմացանք՝ հաղթել ենք: Սկսեցինք օդ կրակել, ուռա էինք գոռում: Վերջին մեկ տարին տնեցիներին նամակ չէի գրել: Մտածում էի՝ ինչ գրեմ, ինչ լինում է, թող լինի, վերջին լուրն իմ փոխարեն միևնուն է կգրեն: Իսկ պատերազմի սկզբում շատ էի գրում: Մի անգամ սկսում էի` «Մամա ջան, պապա ջան»-ով, մյուս անգամ` «Պապա ջան, մամա ջան»-ով: Մայրս պահել էր ուղարկածս բոլոր նամակները:

Պատերազմից հետո. Գնացքով գնում էի ու պատկերացնում՝ ներս եմ մտնում տուն…

Գնացքով գալիս եմ: Եկա, հասա Երևան, նայում եմ պատուհանից՝ սիրտս ճաքում է: Վեց տարի չեմ եղել այստեղ: Խելագարվում էի ուրախությունից: Կայարանից դուրս եկա, քայլում էի դեպի կանգառ ու մտածում, որ հեսա գնում եմ, մերոնք հավաքված են ինչ-որ առիթով, հանկարծ դուռը բացվում է ու Միշան ներս է մտնում: Երազանքով գալիս եմ: Հասա մեր բակ ու էլ չկարողացա քայլել՝ կարծես՝ մեկը կանգնեցրեց: Ճամպրուկս դրեցի գետնին ու կանգնեցի: Շշմած կանգնած եմ մնացել՝ համազգեստով, շքանշաններով: Մեկ էլ մի կին մոտեցավ՝ Միշա դո՞ւ ես, հա, բա ինչի՞ ես կանգնել, ասեցի՝ գնա տես հլը մեր տանը ով կա, արի ինձ ասա: Որ չասաց ձերոնք էլ այստեղ չեն ապրում, ես գունաթափ եղա: Պարզվեց գնացել էին պապիս տուն, ջուր էր լցվել մեր տուն ու վնասել: Ճամպրուկս թողեցի հարևաններից մեկի մոտ ու գնացի կանգառ, որ պապիս տուն գնամ:

Տրամվայի էի սպասում, մեկ էլ հետևից մեկը աչքերս փակեց: Ո՞վ է, ո՞վ է՝ Կորյունն է, քեռուս տղան: Վա՜յ, Կորյուն ջան: Փաթաթվեցինք: Որ իմացավ ուր եմ գնում, ասաց՝ արի գործիքս տանենք տուն, միասին գնանք: Երաժիշտ էր: Գնացինք իրենց տուն, սեղան գցեց, ուտում, խմում, ուրախանում էինք: Հարցրեց՝ ե՞րբ ես եկել, ասացի՝ նոր: Գույնը գցեց ու՝ վեր կաց գնանք: Տրամվայ նստեցինք:

Արդեն հասնում էինք, մեկ էլ տեսնենք դիմացից մի ամբոխ է գալիս՝ ո՞ւր է, ո՞ւր է գոռալով: Պարզվեց՝ հարևանը, որի տանը ճամպրուս էի թողել, ինձնից շուտ գնացել, ասել էր, որ եկել եմ: Մերոնք էլ խելագարվում էին, մի տարի լուր չունեին: Քույրս «կամբինացիայով» էր վազել, եկել: Եկան, փաթաթվեցին: Մայրս չկար: Ամառանոցում էր՝ մյուս տատիկիս տանը: Զանգեցի, ասում եմ՝ մամ, ինքն ասում է Միշա, ուրիշ բան չենք կարողանում ասել: Մի երկու ժամից շարժվեցին գյուղ՝ բեռնատարի թափքում: Գրեթե հասնում էինք ու նորից ամբոխ էր ընդառաջ գալիս: Հասանք իրար ու տատս ջահել աղջկա պես թռավ, բարձրացավ թափքի վրա, չոքեց ու ստուգում էր՝ ամեն ինչ տեղում է, թե՝ ոչ: Տեղում էր:

Ավարտել եմ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 10 տարի աշխատել եմ Պետական վերահսկողության նախարարությունում (գոսկանտրոլ): Դրանից հետո 23 Երևանի կենցաղային քիմիայի գործարանի դիրեկտորն եմ եղել: Ապա 10 տարի` Հացամթերքների մինիստրի 1-ին տեղակալը, ապա թոշակի եմ գնացել: Ամուսնացել եմ «շուռ տված» հայի հետ: Երկու երեխա ունենք, չորս թոռ ու երկու ծոռ:

«Հաղթանակի ռադիո» («Радио Победы») շարքի շրջանակում վետերանները հիշում են ամբողջ աշխարհի համար սարսափելի տարիների, 1945թ. մայիսի 9-ի լուսավոր օրվա, հետպատերազմյան կյանքի մասին: 2025-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործակցությամբ նախագիծը վերածվել է գրքի, որտեղ հավաքված են բազմաթիվ վետերանների պատմություններ: