Երկու օրվա ընթացքում հնարավորություն ունեցա վարելու միանգամից երեք տարբեր մոդել՝ Porsche Cayenne S, Porsche Macan Turbo և Porsche Cayenne E-Hybrid։ Տպավորություններն անկեղծ են, տարբերությունները՝ շոշափելի, բայց խնդրում եմ խիստ չդատել՝ առաջին պրոֆեսիոնալ թեստ դրայվս էր։
Հարցին՝ արդյոք հնարավոր է երեք իդեալական մեքենաներից առանձնացնել գոնե ինչ-որ մեկը, անգամ չլինելով մասնագետ այդ ամենում, միանգամից պատասխանեմ՝ իհարկե, համեմատության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է: Այսպիսով, սկսենք «любимчик»-ից:
Porsche Cayenne E-Hybrid. Ուժ, լռություն և էլեգանտության մարմնավորում
Եթե փորձարկածս երեք մոդելից մեկն իսկապես զարմացրեց, ապա դա հիբրիդային Cayenne-ն էր։ Այս մոդելում զուգակցվում են 3.0 լիտրանոց V6 տուրբո շարժիչն ու էլեկտրաշարժիչը՝ միասին ապահովելով մինչև 462 ձիաուժ հզորություն։ Արդյունքում ստացվում է դինամիկ, բայց խելացի՝ աներևակայելի հարթ փոխադրմամբ մեքենա, որը քաղաքային պայմաններում ցույց է տալիս իր էլեկտրական ռեժիմի առավելությունները, իսկ լեռնային հատվածներում՝ ամբողջ պոտենցիալը։
Ի տարբերություն Porsche Cayenne S-ի, որին կանդրադառնամ ավելի ուշ, հիբրիդի չափսերը մեծ մեքենաներ չսիրող վարորդի համար շատ ավելի հարմարավետ էին, ու թեև այս մեքենան էլ մյուսների համեմատ ամենափոքրը չէր, այն վարելը շատ ավելի հաճելի էր: Մուգ մոխրագույն, բաց սրահով մեքենան ոլորաններում վարելու ամբողջ ընթացքից հաճույք ես ստանում, ու անգամ բաց պատուհաններով երթևեկելու դեպքում չես զգում՝ ինչպես ես վայրկյանների ընթացքում արագություն հավաքում: Բաց սրահն իգական սեռի ներկայացուցիչ էսթետ վարորդի համար հմայքի արժանի առանձին կետ է. և հավատացեք՝ այո, անգամ եթե խոսքը Porsche-ի որևէ մոդելի մասին է, բաց գույնի սրահն այն միայն էլ ավելի ցանկալի է դարձնում: Կարծում եմ՝ ծանրակշիռ պատճառներից մեկը, թե ինչու եմ ամենաշատն առանձնացրել հենց այս մոդելը, թեև դրա ղեկին ամենաերկարը չեմ եղել, կաթնագույն նուրբ կաշվից սրահն էր: Ընդարձակ սրահից և հարմարավետությունից զատ, Cayenne E-Hybrid-ն ունի նոր բարձր լարման մարտկոց, որի էլեկտրական լիցքը հերիքում է մինչև 90 կմ տարածություն անցնելու համար: Բացի այդ, այս մեկը վարածս ամենաանձայն մեքենան էր, որը թույլ տվեց վաղ առավոտյան բաց պատուհաններով ընթանալու ժամանակ վայելել անտառային բոլոր ձայները, առանց բացառությունների:
Porsche Macan Turbo. Կոմպակտ, բայց մկանուտ
Կանգնում ենք Բանսկոյից Սոֆիա վերադարձի ճանապարհին, գործընկերս ինձ է փոխանցում ղեկը: Նստում եմ, ոտքս դնում մեքենայի ոտնակին, 140 կմ/ժ թույլատրելի արագությամբ մայրուղու վրա մեքենան բառացի չորս վայրկյանում արդեն երթևեկում է 120 կմ/ժ արագությամբ:
Եթե Cayenne Hybrid-ը խելացի զինվոր է, ապա Macan Turbo-ն հմուտ մարտիկ է։ Macan Turbo-ն համարվում է Porsche SUV շարքի ավելի կոմպակտ, բայց մարզական տարբերակը։ Նոր սերունդը հագեցած է 2.9 լիտրանոց երկտուրբո V6 շարժիչով, որն արտադրում է մինչև 440 ձիաուժ։ Թեթև շասսին և բարձր զգայունությամբ ղեկավորումը ճանապարհը դարձնում են իսկական հաճույք՝ հատկապես ոլորապտույտ հատվածներում։ Փակ պատուհաններով անգամ 150 կմ/ժ երթևեկելու դեպքում չես զգում արագությունը. այդքան հարթ է երթևեկում մեքենան, իսկ երբ արագությունը նվազում է մինչև 90-100 կմ/ժ, տպավորություն է, թե ամբողջ կյանքում բացառապես 150 արագությամբ ես երթևեկել: Cayenne S-ի համեմատ՝ խորդուբորդ ճանապարհին Macan-ն առավել զգայուն է. բայց առավելությունների համեմատ այդ փոքր թերությունն աննշան է:
Չգիտեմ՝ որքանով կհամաձայնեն մասնագիտացած [ավտո]լրագրողներն այն կարծիքիս հետ, որ դժվար է գտնել բացասական կողմեր այս մեքենաներից որևէ մեկում, բայց ինձ ասվել է անկեղծ լինել: Անկեղծանում եմ՝ այս մեքենայի միակ անհարմար մասը կողային հայելիներն էին, որոնցում անձամբ ինձ համար իրական պատկերից շեղումը բավականին մեծ էր՝ հետևից եկող մեքենաները շատ ավելի հեռու էին թվում, քան իրականում կային: Լավ է, որ նման դեպքերում ներսի դիմային հայելին միշտ փրկում է՝ ցուցադրելով իրական հեռավորությունը: Իսկ ընդհանուր առմամբ մայրուղու վրա Macan-ը պահպանում էր մկանուտության ու կառավարելիության բացառիկ հավասարակշռություն։
Porsche Cayenne S. Հզոր, բայց ծանրքաշ
Ի՞նչ ասել Cayenne S-ի մասին. իհարկե՝ հզոր է, իհարկե՝ մեծ է, իհարկե՝ հարմարավետ է, և անգամ քարքարոտ, off-road հատվածներում բացարձակ չի պատճառում որևէ անհանգստություն՝ քարերի միջով բարձրանում ես, ասես նավով ճամփորդես թեթև ալիքոտ ծովով։ Բայց վարելու և մեծ մեքենաներ չսիրելու տեսանկյունից այս մոդելն անձամբ ինձ համար չափազանց մեծ էր։ Հատկապես քաղաքային պայմաններում զգում ես՝ ամեն շրջադարձին մի փոքր լարվում ես, մի փոքր զգուշանում, որ պատահաբար մի տեղ չափն ու գիծը չանցնես:
Մեքենան խոշոր է, հզոր. եթե նախընտրում եք հանգիստ և վստահ երթևեկություն՝ սա ձեր տարբերակն է, հատկապես, եթե սիրում եք երթևեկել off-road-ում. հենց այս մոդելով դուրս եկանք հարթ ճանապարհից և սկսեցինք երթևեկել քարքարոտ վայրերում: Մի փոքր զգուշավորություն՝ շրջանցելու մեծ քարերը, և ճանապարհը դառնում է իդեալական, և այդ ամենը կարելի է անել տեսախցիկների օգնությամբ: Ասել, որ ճանապարհը հարմարավետ էր, նշանակում է չասել ոչինչ: Ի տարբերություն նույն զգայուն Macan Turbo-ի, այս մեքենայով քարքարոտ ճանապարհը շատ ավելի հարթ է թվում, քան այն իրականում կա. ինչու միայն քարքարոտ՝ անգամ մանր անհարթություններով մայրուղին է ծայրաստիճան հարթ թվում: Ճիշտ են ասում՝ մեծ մեքենան բարդ ճանապարհներին բոլորովին այլ կերպ է իրեն դրսևորում, ինչում միանշանակ համոզվեցինք:
Վերջաբանի փոխարեն
Եթե փնտրում եք արդիականություն, խելացի տեխնոլոգիա և վարելու նոր փորձառություն, ապա Porsche Cayenne E-Hybrid-ն անկասկած թոփն է։ Macan Turbo-ն ավելի կոմպակտ և սպորտային տարբերակ է, հիանալի ընտրություն ակտիվ վարորդի համար։ Իսկ Cayenne S-ի պարագայում պարզապես պետք հաշվի առնել չափսերն ու մասշտաբները. մնացած բոլոր առումներով ապահով երթևեկելու տեսանկյունից այն ամենան է:
Անձամբ ինձ համար այս թեստ դրայվը, առաջինը լինելուց զատ, նաև Porsche-ի բազմազանության վառ ապացույց էր, և բացահայտում, որ անգամ երբ խոսքը թանկարժեք՝ լյուքս դասի մեքենաների մասին է, համեմատության մեջ միշտ էլ քեզ համար առավել հարմարավետն ես գտնելու: Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ Porsche-ում ամեն դետալ մտածված է՝ սկսած բաց սրահը համալրող կարմրավուն կարերից, վերջացրած քեզ շրջապատող յուրաքանչյուր մանրուքով:
Ու երբ բարձրանալով Բանսկոյի ոլորաններով մի պահ կանգնեցինք՝ լեռները դիմացս, առավոտյան սառնությունն օդում, իսկ կողքիս Cayenne Hybrid-ը՝ դեռ տաքացած շարժիչով ու մի փոքր էլեկտրական խշշոցով՝ մտածեցի. եթե մեքենան կարող է զգալ ժամանակը, բնությունն ու վարորդի վիճակը՝ ապա Porsche-ն հաստատ հասել է այդ կետին։
Արդյունքում ես սիրահարվեցի հիբրիդին, հարգեցի Macan Turbo-ն ու թողեցի Cayenne S-ը նրանց համար, ովքեր սիրում են չափը՝ ամեն ինչում: