16 հուլիսի 2002 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՊԱՐՏՔ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Սա հնարավոր է դարձել «պարտքի դիմաց` գույք» անվանումը ստացած գործարքի շնորհիվ
Երեկ Երեւանում սկսվել է պետական պարտքի մարման դիմաց հայաստանյան մի քանի ձեռնարկությունների բաժնետոմսերը Ռուսաստանին տրամադրելու բանակցությունների ավարտական փուլը: Եղած տեղեկությունների համաձայն` բոլոր մանրամասներն արդեն ճշտված են եւ այսօր եւեթ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը:
Համաձայն փաստաթղթի, որը վաղը կստորագրեն հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ռուսաստանը սեփականատերը կդառնա Հայաստանում ամենահզոր Հրազդանի ջերմաէլեկտրակայանի, երեւանյան «Մարս» գործարանի, ինչպես նաեւ կիրառական եւ ռազմաարդյունաբերական ոլորտի ուսումնասիրություններով զբաղվող երեք գիտական ինստիտուտների` մաթեմատիկական մեքենաների, ավտոմատ համակարգերի կառավարման եւ նյութագիտության գիտաուսումնասիրական ինստիտուտները: (Նշենք, որ նշված օբյեկտներից գոնե երեքը ժամանակին միացվել էին միութենական միասնական Ռազմաարդյունաբերական համալիրին եւ մշտապես հետաքրքրություն են առաջացրել ռուսական կողմի մոտ): Գործարքի արդյունքում Հայսատանը հնարավորություն կստանա մարել մոտ հարյուր միլիոն կազմող Մոսկվայի պարտքը: Հատկանշական է, որ թվարկված ձեռնարկությունները ավանդական մեխանիզմով մասնավորեցնելը հնարավորություն կտար միայն պարտքը փակելու միջոցներ ունենալ: Սակայն, ռազմավարական նշանակություն ունեցող չորս հայկական օբյեկտների հանդեպ Մոսկվայի վերահսկողությունը կորցնելը կնշանակեր Հայաստանում արեւմտյան երկրների ազդեցության ուժեղացում, որոնց նույնպես հանրապետության իշխանություններն առաջարկել էին ձեռք բերել Ռուսաստանի հետաքրքրության առարկա ձեռնարկությունները: Նման հեռանկարը Մոսկվայի պլաների մեջ չէր մտնում: ԻՆչպես եւ վայել է ռազմավարական գործընկերներին, հայերը նախընտրեցին ռուսներին:

Իլյա Կլեբանովի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի միջեւ կես տարի շարունակվող երկխոսությունը հնարավորություն ընձեռեց նախընտրելի տարբերակ գտնել երկու կողմերի համար էլ: Մոսկվայում գտնվեցին կառավարությանը մոտ ընկերություններ, որոնք համաձայնեցին
ոչ միայն ընդունել հայկական ձեռնարկությունները Հայաստանի պետական պարտքի դիմաց, այլեւ դրանց զարգացմանն ուղղված լուրջ ռեսուրսների ներդրումներ երաշխավորել, որն էլ հնարավորություն կտա բացել նոր աշխատատեղեր, կապահովի հարկերի մուտք պետբյուջե եւ այլն: Այսպես օրինակ, ՌԲԸ ՄէՑ-ը պատրաստակամություն է հայտնել մարել Հայաստանի պարտքերը Հրազդանի ՋԷԿ-ի բաժնետոմսերի հարյուր տոկոսը ստանալու պայմանով:

Հայաստանում քիչ չեն այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք սուր քննադատության են ենթարկում նախագահին եւ պաշտպանության նախարարին «գույք` պարտքի դիմաց» անվանումը ստացած գործարքի համար: Օպոզիցիայի փաստարկներից մեկն էլ այն է, թե վերջին ժամանակներս Մոսկվան Երեւանի հանդեպ առավել քան հաշվենկատ է դարձել: Իբրեւ թե, Ելցինը Լեւոն Տեր-Պետրոսյանին չէր հիշեցնում պարտքերի մասին, քանի որ Հայաստանը համարում էր Ռուսաստանի թվով ոչ այնքան շատ վստահելի դաշնակիցներից մեկը: Պուտինի «մանրախնդրության» սրումը Ռոբերտ Քոչարյանի հակառակորդները բացատրում են երկրի վարած կոմպլիմենտար արտաքին քաղաքականությամբ, որը համեմատում են երկու ոթոռին նստելու փորձի հետ: Սակայն, նմանատիպ մեղադրանքների լավագույն պատասխանը կլինեն Ռուսաստանի հետ հաջողված գործարքի արդյունքում ստեղծված նոր աշխատատեղերը: Երկու աթոռին նստելով` Քոչարյանին կհաջողվի երկու նապաստակ կրակել` մարել պարտքերը եւ ներդրումների հոսք ապահովել: