1 օգոստոսի 2002 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՅԵՐԻՆ ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԼԻԱՍԲՈՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ
ԵԱՀԿ-ի ղեկավարւթյունը խոստովանել է, որ լիսաբոնյան գագաթաժողովում ընդունած հայտարարությունը ոչինչ չպարտադրող հռչակագիր է:
1996 թվականին լիսաբոնյան գագաթաժողովում ԵԱՀԿ-ի գործող նախագահի արած հայտարարությունը ժամանակին Բաքվում ընդունվեց որպես դիվանագիտական հսկայական հաղթանակ: Պորտուգալիայի մայրաքաղաքում հրապարակված հայտարարությունը ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում առաջին եւ միակ լուրջ փաստաթուղթն էր, որում փորձ էր արվում որոշակիացնել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը: Բնական է, որ ադրբեջանական կողմը լիսաբոնյան նախադեպը քարոզչական նպատակներով օգտագործելու հնարավորությունը չկորցրեց: Անցյալ շաբաթ ԵԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարարությամբ, որում խոստովանել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չի մեկնաբանում լիսաբոնյան գագաթաժողովում ընդունած փաստաթուղթը:
Այսպիսով, եվրոպական կառույցի պաշտոնյան փաստացիորեն ընդունել է, որ կազմակերպության գործող նախագահի ստորագրած փաստաթուղթը ԵԱՀԿ-ի ղեկավարության կողմից չի կարող ընդունվել որպես Լեռնային Ղարաբաղի` բացի Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ լինելուց այլ կարգավիճակի հնարավորության բացառում:
ԵԱՀԿ-ի նախագահի հայտարարարությանը նախորդել էր Ադրբեջանի նախագահի ելույթը, որը եվրոպական կառույցներին մեղադրել էր նախկինում ընդունած որոշումներից հրաժարվելու մեջ: Հեյդար Ալիեւը պահանջել էր «ճնշում գործադրել հայերի վրա եւ հասնել Ադրբեջանական տարածքներից հայկական ուժերի անմիջապես դուրս բերմանը»: Նման պահանջների հիմք էր նա մատնանշել ԵԱՀԿ-ի լիսաբոնյան գագաթաժողովում ընդունած փաստաթուղթը: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Պիտեր Բուրխարդը ի պատասխան հանդես է եկել մեկնաբանությամբ, որն, ինչ որ իմաստով, կարելի է հայկական կողմի փաստարկների հիմնավորումների հաստատումը համարել, ըստ որոնց Լիսաբոնում արված գործող նախագահի հայտարարությունը պարզապես ոչինչ չպարտադրող հռչակագիր է:
Բուրխարդը հաստատել է, որ 1996 թ.-ի ԵԱՀԿ-ի գագաթաժողովում Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի որոշում չի ընդունվել: Նա հիշեցրել է, որ փաստաթղթի նախագիծը, որը բողոքարկում է Ադրբեջանի ղեկավարությունը, չի ընդունվել, քանի որ չի ստորագրվել Հայաստանի կողմից (հայտնի է, որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են միմիայն փոխհամաձայնությամբ): Դրա փոխարեն պարզապես հրապարակվել է գործող նախագահի հայտարարությունը, որը գագաթաժողովի վերջնական փասթաթուղթ չի համարվում: Ըստ էության, Բաքվի ներկայացուցչության նախագահը այնպիսի բան չի ասել, որը նախկինում հայտնի չէր: Սակայն, հատկանշական է հենց այն փաստը, որ ԵԱՀԿ-ի բարձրաստիճան աշխատակիցը հանդես է գալիս հայտարարությամբ, որը շեշտում է 1996 թ.-ին գագաթաժողովի մասնակիցների շրջանում տարածված փաստաթղթի խորհրդանշական բնույթը: Նախկինում նման բան չի եղել: Ընդհակառակը, ամեն անգամ, երբ ղարաբաղյան հարցի առնչությամբ հայաստանյան կողմի դիրքորոշման խոցելիության վերաբերյալ ակնարկելու առիթ էր լինում, տարբեր ամբիոններից Հայաստանի ղեկավարությունն էր հիշեցնում գործող նախագահի հայտարարության մասին: Պիտեր Բուրխարդի` առաջին անգամ իրերն իրենց անուններով կոչելու անկեղծությունը, ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ-ի նոր մոտեցման վկայությունն է, որը գիտակցում է նախապես Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը գծագրելու փորձերի վնասակար եւ անհեռանկարային լինելը: Այսպիսով, Հայաստանի դիրքորոշումն ամրապնդվում է, համաձայն որի, Ղարաբաղի կարգավիճակը բանակցությունների արդյունքներում պետք է որոշեն հակամարտության կողմերը, եւ ոչ թե` հակամարտության կարգավորման խաղաղասիրական առաքելություն ստանձնած միջազգային կազմակերպությունները: