13 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՇՎԵԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒ՞Մ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ
Բաքվում արտասահմանյան ընկերություններից զանգվածային շորթումներ են կազմակերպվում ազգային բանակը պահելու համար:
Ինչպես երեւում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուրջ ֆինանսական դժվարությունների առջեւ է կանգնել: Երկիրը, որը հպարտանում է գազի եւ նավթի պաշարների անվերջանալի ընդերքի առկայությամբ, բավականաչափ ֆինանսական միջոցներ չունի սեփական զինված ուժերը պահելու համար: Զինված ուժերի ֆինանսավորման խնդիրը լուծելու համար վերջերս նախագահ Հեյդեար Ալիեւը ստորագրել է հրաման` ազգային բանակի օգնության Ֆոնդի ստեղծման մասին: Կառավարությունը որոշել է, որ սա իրենց զինվորներին կերակրելու միակ միջոցն է: «Հուսով ենք, որ այս քայլով մենք կկարողանանք բավարարել բանակի պահանջները»,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը:
Ադրբեջանական գնդապետի խոսքերով` «Ֆոնդ գումար մուտք կգործի ինչպես առանձին անհատներից, կազմակերպություններից, կորպորացիաներից, այնպես էլ` արտասահմանցի քաղաքացիներից»: Չնայած, պաշտոնական տարբերակի համաձայն, նվիրատվությունները խիստ կամավոր բնույթ պետք է կրեն, մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ համոզված են, որ նախագահի հրամանը ենթադրում է զանգվածային շորթումների կազմակերպում: Բաքվեցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը կանխատեսում է «ձեռներեցների վրա հարձակումներ, որոնցից ստիպողաբար հատկացումներ կգանձեն ֆոնդի համար»: Նա մտահոգվում է, որ Ալիեւի նոր մտահղացումը կհանգեցնի նրան, որ «առանց այն էլ ծայրը-ծայրին հասցնող բնակչությանը կստիպեն իրենց սուղ եկամուտներից ինչ-որ տեղ փոխանցել»:

Հատկանշական է, որ բանակի աջկացության ֆոնդի ստեղծման նախաձեռնողները չեն թաքցնում այն, որ ներդրումներ են ակնկալում ոչ միայն համաքաղաքացիներից, այլեւ` Ադրբեջանում գործող արտասահմանյան ընկերություններից: Այսպիսով, իրական վտանգ կա, որ բոլոր արտասահմանյան ներդնողները կհարկվեն: Եվ նրանք այլընտրանք էլ չունեն: Կառավարությանը մերժել կնշանակի հարցականի տակ դնել ադրբեջանական տնտեսության մեջ ներդրած միջոցները վերադարձնելու հեռանկարը: Այս վտանգը գիտակցելով` մի քանի արտասահմանյան ֆիրմաներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել կանոնավոր հարկ վճարել ադրբեջանական բանակի պահպանման համար նոր ստեղծված «տանիքին»: Միայն թե «չճնշեն»: Այսպես. եթե հավատանք Բաքվի թերթերին, Ադրբեջանի մայրաքաղաքում գործող շվեդական «Էրիքսոն» ընկերության ներկայացուցչությունն անմիջապես շտապել է հայտարարել «ադրբեջանական բանակին օգնելու եւ հովանավորչական գումարներ հատկացնելու» իր պատրաստակամության մասին: Հետաքրքրական մի փաստ. շվեդական կառավարությունը քիչ գումար չի ծախսում հայ-ադրբեջանական հակամարտության գոտիում գտնվող հողերի ականազերծման ծրագրի իրականացման վրա, միեւնույն ժամանակ շվեդական ընկերությունը Բաքվին գումար է «զոհաբերում», որը ուղղվում է նոր ականների ձեռք բերմանը: Պաշտոնական Ստոկգոհլմը, մտածելու լուրջ առիթ ունի...