20 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԲԱՔՎՈՒՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՀԵՌԱՆԱԿԱՐԱՅԻՆ ԼԻՆԵԼՈՒՆ
Ձախողման անխուսափելիության մասին վկայում են մի շարք հանգամանքներ:
Ադրբեջանում կայացել է Բաքու-Թբիլիս-Ջեյհան խողովակատարի շինարարության հանդիսավոր բացումը, որին մասնակցելու համար ժամանել էին Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները, ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարը: Ամեն ինչ շատ շքեղ էր եւ փքուն: Հանդիսության ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը կասկածի տակ չառավ հսկայական ծրագրերի իրականացման փաստը: Ահմեդ Սեզերը հույս հայտնեց, որ «արդեն 2005 թ.-ին կտոնվի նավթի առաջին հոսքը Ջեյհան նավահանգիստ»: Իսկ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հաջան Հաջիեւը հայտարարեց, որ « Վրաստանի հայկական ծագումով քաղաքացիները չեն կարող խոչընդոտել նախագծի իրականացմանը»: «Կարիք չկա չափազանցնել հայկական գործոնը: Վրացական իշխանությունը բավականին ուժեղ է եւ կարող է կանխել իրադարձությունների անցանկալի զարգացումները»,- նշել է նա:
Միեւնույն ժամանակ, «դարի նախագծի» հեռանկարների կասկածելիության մասին են խոսում մի շարք հանգամանքներ: Ինչ վերաբերում է Վրաստանի հարավային շրջանների բնակիչների զանգվածային ելույթներին, որոնք դեմ էին իրենց հողերով նավթատարի անցկացմանը, ապա հայտնի է, որ նրանց մեծամասնությունը վրացիներ եւ հույներ են: Նրանց անհանգստությունը հասկանալը դժվար չէ: Հողը մասնավոր սեփականություն է: Սեփականատերերին այսօր ստիպում են համակերպվել, որ հողն անձեռմխելի չի լինի: Ավելին, իրական վտանգ կա, որ ժամանակի ընթացքում, այստեղ, նավթատարի պահպանման անվան տակ, կհայտնվեն թուրքական զինվորականները: Սրան հարկ է ավելացնել հնարավոր վթարների վտանգը: Մի խոսքով, շրջանների բնակիչները բավականաչափ պատճառներ ունեն «դարի նախագծի» նախաձեռնողների դեմ բողոքելու: Նրանք նաեւ բավականաչափ միջոցներ ունեն խոչընդոտելու բացի պրոբլեմներից ուրիշ ոչինչ իրենց չտվող խողովակատարի անցկացմանը: Խիստ միամիտ պետք է լինել հավատալու համար, որ համաքաղաքացիներին հնազանդեցնելու համար Ցալքի շրջան զորքեր մտցնելը Էդուարդ Շեւերդնաձեին հնարավորություն տվեց վերջնականապես լուծել բոլոր հարցերը:

Նախագծի իրականացման համար, Վրաստանի քաղաքացիների անգոհունակությունից բացի, վտանգ են ներկայացնում այլ, առավել նշանակալի հանգամանքներ: Խոսքը, նախեւառաջ, ածխաջրածնային հումքի միջազգային գների կտրուկ տատանումների մասին է: Ամերիկյան փորձագետների կանխատեսումներով, մոտակա ժամանակներս հում նավթի վաճառքի եկամուտների կտրուկ կրճատում է սպասվում: Նավթի բիզնեսի եկամուտների իջեցումը, որը պայմանավորված է նավթարդյունաբերության համընդհանուր պահանջարկի կրճատմամբ, կհանգեցնի նրան, որ հում նավթի գները կիջնեն ՕՊԷԿ-ի անդամ երկրների հաստատած սահմանագծից: Ինչպես հայտնի է, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը շահութաբեր կլինի մեկ բարրել նավթի դիմաց 20 դոլար գնի դեպքում: Այս սահմանագծից արժույթի իջեցումը կհանգեցնի միջազգային կոնսորցիումի անդամների ծրագրերի լիարժեք ձախողմանը: Կոնսորցիումի հիմնադիր հայրերը, պատկերելով սկսված գործի անամպ հեռանկարը, իրականում գիտակցում են սպասվելիք վտանգի ողջ լրջությունը:

Հատկանշական է, որ խոհեմորեն մտածող ռուս ձեռներեցները չմասնակցեցին կասկածահարույց նախագծին, քանի որ համարեցին, որ ձախողման վտանգը բավականին մեծ էր: «ԼՈՒԿօյլ» ընկերությունը հրաժարվեց նավթատարի շինարարության մեջ գումար ներդնել, չնայած որ սկզբնապես գաղափարը գրավիչ էր թվացել: Ինչ վերաբերում է ռուսական կառավարությանը, ապա այն նախապես դեմ էր արտահայտվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակատարի շինարարությանը ռուսական նավթային ընկերությունների մասնակցելուն: Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան չի տեսնում նախագծի տնտեսական նպատակահարմարությունը: Պետական Դումայում մեկ անգամ չէ, որ լրջորեն քննարկվել է ռուսական ընկերություններին Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարությանը մասնակցելուն արգելող օրենքի ընդունման նպատակահարմարության հարցը, քանի որ այն «հակասում է Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական շահերին»: Այդ նախաձեռնության աջակցության մասին անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել է նաեւ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժինը: Կրկին, խիստ միամիտ պետք է լինել կարծելու համար, որ Մոսկվան կհրաժարվի Ռուսաստանի ազգային շահերին հակասող նախագծի ձախողմանն ուղղված քայլերից:
Այսպիսով, ակնհայտ է, որ «դարի նախագծի» ապագան, մեղմ ասած, մշուշոտ է: