29 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Սպանվել է Տիգրան Նաղդալյանը
PanARMENIAN Network կազմակերպությունը իր խոր վիշտն է հայտնում սիրելի ընկերոջ, թիմակցի, տաղանդավոր լրագրողի եւ հայրենիքի նվիրյալ Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ:
Մենք խստորեն դատապարտում ենք այս ստոր եւ միմիայն վախկոտ ու անբարոյական արարածին վայել քայլը, որն ուղղված է Հայաստանի բարեկեցության դեմ: Մեր հասարակության մեջ չպետք է տեղ ունենան ստոր եւ անասնական բնազդներով շարժվող, սպանությունը որպես իշխանության հասնելու ճանապարհ ընտրած անարժանները: Վախկոտությունն ամենամեծ չարիքն է, որ բխում է բանականությանը եւ մտքի ուժին հակադրելու անկարողությունից:
Սեփական թուլությունները եւ ուղեղի պակասը սպանությամբ քողարկելու հայ կոչվելու անարժան արարածների փորձերը չեն հանդուրժվելու երբեւէ:
Հայաստանը կարիք ունի բանականության եւ ստեղծարար մտքի: Մենք հավատացած ենք, որ հասարակությունը չի հանդուրժի նման ստորությունը եւ արմատախիլ կանի չարով սնուցվող հատուկենտ մոլախոտերը, որոնք ապականում են մեր երկիրը:
Մենք շարունակելու ենք մեր գործընկերոջ ընտրած ճանապարհը` ծառայել Հայաստանին եւ ստեղծել հզոր ու կայուն հայրենիք: