23 ապրիլի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՎԱՂ ԹԵ ՈւՇ ԹՈւՐՔԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԵՂԱՆՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայերի ցեղասպանության փաստի միջազգային ընդունմանն ուղղված գործունեությունը շարունակում է ընդլայնվել:
Այսօր աշխարհի բոլոր հայերը նշում են 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունների տարելիցը: Անցել է արդեն 88 տարի այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը ձեռնարկեց Արեւմտյան Հայաստանի բնակչության ֆիզիկական բնաջնջման ծրագրի իրականացումը: Սակայն մինչ օրս միջազգային հանրությունը արժանի գնահատականը չի տվել մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործությանը` հայերի Ցեղասպանությանը: Այնուհանդերձ, տարեցտարի ավելի մոտենում ենք անհերքելի փաստի համընդհանուր ճանաչմանը:
Այս իմաստով բեկումնային եղավ 2001թ.-ը: Այնուհետեւ զգալի անկում նկատվեց` պայմանավորված սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքներով: Ներկայացվող նյութում կփորձենք թվարկել վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք «ՀայԴատի» գաղափարախոսության տարածման տեսանկյունից կարելի է հատկանշական համարել: Ժամանակագրության սկզբունքը տվյալ դեպքում նախընտրելի է աշխարհագրականից: Սկսենք Ամերիկայից, որի դիրքորոշումից շատ բան է կախված:
Ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ-ի նախագահը 1915 թ.-ի իրադարձությունների տարելիցին նվիրված իր ավանդական դարձած ուղերձում խուսափեց օգտագործել «Ցեղասպանություն» բառը` բավարարվելով ` «սարսափելի ողբերգություն» բառակապակցությամբ: «Այդ սարսափելի սպանություններն իրենց հետքն են թողել, որոնք մինչ օրս ցավ են պատճառում Հայաստանում, Թուրքիայում եւ ողջ աշխարհում բնակվող մարդկանց»: Այսօրինակ անորոշ արտահայտությունը չէր կարող բավարարել ամերիկահայերին, որոց Բուշ-կրտսերը ընտրություններից առաջ խոստացել էր ընդունել Ցեղասպանության փաստը: Այս անգամ հայերի կոտորածները ձեւակերպող արտահայտությունը նախագահը ստիպված եղավ ընտրել կոնգրեսականների աննախադեպ ճնշումների տակ, որոնք Բուշից պահանջում էին կատարել նախընտրական խոստումը: Ներկայացուցիչների պալատի 167 անդամ ստորագրել էր Բուշին ուղղված նամակ, որտեղ կոչ էր արված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը: Նշենք, որ իրերն իրենց անուններով կոչելու պահանջող օրենսդիրների ցուցակն այս տարի ավելացել է հինգ նոր անունով:
Խորհրդարանականները նույնպես ձեռքները ծալած չեն նստում: Ապրիլի սկզբին կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը եւ Ադամ Շիվը գործընկերների քննարկմանը ներկայացրին օրինագծի մի նախագիծ, որում քննադատվում է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունները` հայերի Ցեղասպանությունը, Կամբոջիայի եւ Ռուանդայի կոտորածները, ինչպես նաեւ` հոլոքոստը: Չնայած օրինագիծը Թուրքիայի հանդեպ ուղղակի մեղադրանք չի պարունակում, այնուհանդերձ Անկարայում գիտակցում են, որ նման փաստաթղթի ընդունումը կնշանակի հայերի Ցեղասպանության փաստի ընդունում` իրենից բխող բոլոր հետեւանքներով: Այն, ինչ այսօր տեղի է ունենում կոնգրեսում, ըստ էության, մի փորձ է նոր ճանապարհով ուղերձում մտցնել «հայկական բանաձեւի» վերափոխված տարբերակը, որը 2000 թ.-ին խոսնակի պահանջով դուրս հանվեց Ներկայացուցիչների պալատի օրակարգից : Այսօր թուրքական լոբբիի համար առավել դժվար է հակազդել կոնգրեսի «հայկական խմբին», քանի որ հայամետ օրենսդիրների թիվը հասել է 123-ի:
Հայկական լոբբիստները շարունակում են նպատակաուղղված աշխատել ոչ միայն Վաշինգտոնում, այլեւ` բոլոր նահանգներում: Արդեն 31 նահանգների օրենսդիր մարմիններ ճանաչել են հայերի ցեղասպանությունը: Իսկ Կալիֆորնիայում նույնիսկ ընդունվել է օրենք, որի համաձայն նահանգի ողջ տարածքում ապրիլի 24-ը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հատկանշական է, որ այս օրենքն արժանացել է ԱՄՆ-ի Սենատի հավանությանը:
Միացյալ նահանգների հարեւան Կանադայում Ցեղասպանությունը ընդունել եւ դատապարտել է խորհրդարանի Վերին պալատը: Նույնը կարելի է ասել նաեւ շվեյցարական խորհրդարանականների մասին: Հիշեցնենք, որ շվեյցարական խորհրդարանի 120 անդամներից 115-ը ստորագրել են հայերի Ցեղասպանությունն ամրագրող օրինագծին հավանություն տվող փաստաթուղթը: Հույսեր է ներշնչում նաեւ Ուելսի Ազգային ժողովի որոշումը, որը դատապարտում է հայերի ցեղասպանությունը եւ պաշտոնական Լոնդոնին կոչ է անում իր վերաբերմունքը դրսեւորել այդ ողբերգության նկատմամբ: Եվրոպայի Հայկական ազգային կոմիտեն շարունակում է աշխատանքներ տանել եվրոպական գրեթե բոլոր պետությունների խորհրդարանականների հետ: Հին Աշխարհի երկրներից Ցեղասպանության փաստն արդեն ճանաչել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի, Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Վատիկանի օրենսդիր մարմինները: 14 երկիր դատապարտել է Օսմանյան Թուրքիային սարսափելի ոճրագործության իրականացման համար:
Ակնհայտ է նաեւ միջազգային կազմակերպությունների հետաքրքրությունը 1915 թ.-ի իրադարձությունների հանդեպ: Մեկ տարի առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց հայերի ցեղասպանության մասին հերթական բանաձեւը: Այդ անգամ եվրոպական օրենսդիրները պահանջեցին, որ Ցեղասպանության ընդունումը դառնա Թուրքիային Եվրամիության կազմում ընգրկելու պարտադիր պայմաններից մեկը: Կարեւոր նշանակություն ունի նաեւ փետրվարին ընդունված Արդարադատության միջազգային կենտրոնի վճիռը, որը հաստատում է, որ « Օսմանյան Թուրքիայում 1.5 միլիոն հայերի սպանությունը համընկնում է ցեղասպանության միջազգային սահմանմանը»: Հատկանշական է նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Ասամբլեայի նախագահ Ռաֆաել Էստրելլի Երեւանում արված հայտարարությունը. «1915թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները պետք է որակել որպես Ցեղասպանություն»,- այս կարծիքին է Հյուսիսատլանտյան միության քաղաքական կառույցի ղեկավարը:
Իսկ հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ձեռքբերումների ցուցակն ավարտելով` պետք է հիշատակել նաեւ թուրքական «Ընդդեմ Ցեղասպանության միություն» կազմակերպության արդյունավետ աշխատանքը: Արդեն ավանդույթ է դարձել, որ այս կազմակերպության ղեկավար Ալի Էրթեմը Ցեղասպանության տարելիցը նշում է Երեւանում: Էրթեմի եւ կազմակերպության հարյուրավոր թուրք անդամների գործունեությունը հավաստում է, որ հեռու չէ այն օրը, երբ թուրք հանրությունը կընդունի ցեղասպանությունը եւ կմեղանչի հայերի դեմ: