28 նոյեմբերի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՍՏԱՄԲՈւԼՅԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ԿՌՎԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
«Հզոր Արեւելքի գրոհայինների իսլամական ճակատ» թուրքական խմբավորման առաջնորդները գործել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ համագործակցելով:
Այժմ արդեն կարելի է չկասկածել, որ Ստամբուլում վերջերս կազմակերպված ահաբեկությունները պլանավորել եւ իրականացրել էին հենց թուրքերը եւ ոչ թե դրսից գործող ուժերը, ինչպես սկզբում փորձում էին ներկայացնել թուրքական հատուկ ծառայությունները: Անկարան ընդունել է, որ արյունալի գործողությունների հեղինակը թուրքական «Հզոր Արեւելքի գրոհայինների իսլամական ճակատ» ծայրահեղական խմբավորումն է, որը սկզբնապես իր վրա էր վերցրել պայթյունների պատասխանատվությունը: Արդեն ճշտված տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան պատերազմի տարիներին այս կազմակերպությունն ահաբեկչական գործողություններ է իրականացրել հայերի դեմ:
Ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով արդեն ձերբակալվել է 18 մարդ: Նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են, ընդ որում` թուրքական ծագումով: Հրապարակվել են բրիտանական հյուպատոսարանի շենքը գրոհած մահապարտների անունները: Նրանք են թուրքեր Ազադ Էկինչին եւ Ֆիրիդուն Ուգուրլուն: Ինչ վերաբերում է վերջերս սինագոգի մոտ տեղի ունեցած պայթյունին, ապա այն նույնպես իրականացրել են թուրքերը: Ստամբուլի նահանգապետ Մուամմերա Գյուլերիի խոսքերով, Նեվե Շալոմ եւ Բէթ Իսրայել սինագոգերի մոտ տեղի ունեցած պայթյունների հեղինակներն են 22-ամյա Մեսութ Ջաբուկը եւ 29-ամյա գոկհան Ալթունթաշը: Նրանց օգնել է Հասան Ակինչին: Ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ «Հզոր Արեւելքի գրոհայինների իսլամական ճակատը» հիմնադրվել է 18 տարի առաջ: Նրա առաջնորդները Բինգյոլ թուրքական շրջանից են: Գաղտնի կազմակերպությունը 1993 թ.-ին անցավ քրիստոնյաների եւ հրեաների դեմ բաց ահաբեկության` հարձակումներ կազմակերպելով սինագոգերի, եկեղեցիների եւ զվարճալի այլ վայրերի վրա, որտեղ հավաքվում էին եվրոպացիները: Գրեթե բոլոր այդ ակցիաներն իրականացվել են Ստամբուլում եւ դրա շրջակայքում: Խմբավորումը շարունակում էր ակտիվ գործել նաեւ 1997թ.-ին առաջնորդներից մեկի` Սալի Միրզաբեյմօղլու ձերբակալումից հետո: Բացառված չէ, որ «Իսլամական ճակատի» առաջնորդների խղճին է ընկած նաեւ անցյալ տարի տեղի ունեցած Ստամբուլի շրջակայքի հայկական եկեղեցիների պայթյունները` Ս. Աստվածածնի եկեղեցին Բաքիրքեում եւ Հալաթի Ս. Գր. Լուսավորչի եկեղեցին:
Այն, որ «Իսլամական ճակատի» գրոհայինները մասնակցել են ղարաբաղյան պատերազմին ադրբեջանական կողմից, հայտնի դարձավ ահաբեկության հենց հաջորդ օրը, երբ Անկարայում հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հատուկ ծառայությունների ղեկավարները երկրի զինվորական եւ քաղաքական բարձրագույն ղեկավարությանը հաշվետվություն ներկայացրին այն անձանց մասին, ովքեր իսլամական խմբավորումների կողմից կռվել էին Կովկասի «թեժ կետերում», ինչպես նաեւ` Աֆղանստանում եւ Բոսնիայում: «Միլլիեթ» թերթի տվյալներով, նրանց թիվը 1050 է: Թուրքական աղբյուրները նախընտրում են ուղղակիորեն չխոսել այն մասին, որ ստամբուլյան պայթյունների կազմակերպիչները մինչ վերջերս համագործակցում էին ադրբեջանցիների հետ եւ գործում էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ: Այդ մասին ակնարկում են արաբական թերթերը: Մասնավորապես, Արաբական միացյալ էմիրություններում հրապարակվող "Gulf News" թերթը տվյալներ ունի այն մասին, որ 90թ.-ականների սկզբին «Հզոր Արեւելքի գրոհայինների իսլամական ճակատ» խմբավորման առաջնորդները Թուրքիայում զբաղվում էին վարձկանների հավաքագրմամբ` հայերի դեմ կռվելու համար: Արցախում անհաջող ռազմական կնիք ստանալով` թուրքական «իսլամի զինվորները» խայտառակ կերպով փախուստի դիմեցին, երբ հայկական ուժերն անցան հարձակման: Գուցե, եթե այն ժամանակ ղարաբաղցիների խնդիրը լիներ հակառակորդի կործանումը եւ ոչ` նրա հեռացումը հայկական հողերից, այսօր Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկությունից տուժած հազարավոր անգլիական, հայկական, հրեական եւ թուրքական ընտանիքների վիշտը չլիներ: