20 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԼՂՀ-Ն ԱՌԱՎԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ Է, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Այս եզրակացության են հանգել «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության փորձագետները:
«Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան իրավապաշտպան հայտնի կազմակերպությունը, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, տարածել է աշխարհում քաղաքական իրավունքի եւ քաղաքացիական ազատության հարցերին առնչվող ավանդական հաշվետվությունը: Լուրջ վերլուծության վրա հիմնված փաստաթուղթը առանձնացնում է երեք տիպի պետություն` «ազատ», «մասնակիորեն ազատ» եւ «անազատ»: Ինչպես նախորդ տարիներին, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն ընդգրկված են երկրորդ խմբում: Միաժամանակ, ամերիկյան փորձագետներն Ադրբեջանը որակել են որպես «անազատ» երկիր` դասելով նրան այն պետությունների շարքը, որտեղ «բացակայում են հիմնական քաղաքական սկզբունքները, իսկ քաղաքացիական ազատությունները զանգվածաբար եւ պարբերաբար ոտնահարվում են»:
Հատկանշական է, որ «Ֆրիդոմ Հաուզի» կիրառած գնահատման չափանիշները խիստ կոշտ են: Նույնիսկ եվրոպական բոլոր երկրները չեն կարողացել հաղթահարել ազատ երկրներին համապատասխանող չափանիշները: Ազատ երկիր համարվող պետությունների ցուցակում չի ներառվել ԱՊՀ երկրներից եւ ոչ մեկը: ԱՊՀ 12 երկրներից 7-ը ճանաչվել է «անազատ»: Երկրորդ խմբում մենք կանգնած ենք Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի կողքին: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը երկարատեւ է լքել այս խումբը:
Մեկնաբանելով հաշվետվությունը` «ֆրիդոմ Հաուզի» ղեկավարությունը նշել է այն պատճառները, որոնց հիման վրա Ադրբեջանը ընդգրկվել է այն երկրների խմբում, որտեղ բացակայում է ժողովրդավարությունը: Փաստաթղթում նշվում է, որ նման գնահատականի համար հիմք են ծառայել «նախագահական ընտրություններում տեղի ունեցած ակնհայտ անարդար քվեարկությունները եւ ձայների հաշվման զանգվածային խախտումները»: Հաշվետվության համաձայն, Ադրբեջանի հետ մեկ քայլ ետ են գնացել նաեւ Աֆրիկայի կենտրոնական հանրապետությունը, որտեղ տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, եւ Մավրիտանիան, որտեղ բանտարկել են ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդներին: «Ֆրիդոմ Հաուզի» փորձագետների կարծիքով, Բաքվի վարչակարգն առավել տոտալիտար է, քան Բուրանդայինը եւ Եմենինը: Ցուցակում Ադրբեջանի հարեւաններն ամենհետամնաց երկրներն են աշխարհում: Հաշվետվության առավել հատկանշական գնահատականը Լեռնային Ղարաբաղին տրվածն է: Առաջին անգամ նման ազդեցիկ կազմակերպությունը ճանաչում է, որ ԼՂՀ-ում քաղաքական հիմնական սկզբունքները եւ քաղաքացիական ազատությունները պաշտպանված են առավել լավ, քան Ադրբեջանում: Չճանաչված պետությունների եւ, այսպես կոչված, «վիճելի տարածքների» ցուցակում ընդգրկված Ղարաբաղը որակվել է որպես ժողովրդավարության միջին մակարդակն ունեցող տարածաշրջան: Նշենք, որ Աբխազիան եւ Մերձդնեստրը ճանաչված են «անազատ»: Ամերիկյան իրավապաշտպանների եզրակացությունները հսկայական նշանակություն ունեն եւ, անկասկած, նշանակալիորեն թուլացնում են ադրբեջանցիների փաստարկները, որոնցով նրանք փորձում են հիմնավորել Ղարաբաղի հանդեպ իրենց ունեցած հավակնությունները: Կարծում ենք, ապագայում քաղաքակիրթ աշխարհն առավել ըմբռնումով կվերաբերվի ղարաբաղյան հայերի ընտրությանը: Լիովին բնական է, որ քաղաքացիական հասարակություն ձեւավորման ճանապարհին ղարաբաղցիները չեն էլ մտածում հարեւան երկրից կախվածության մեջ հայտնվելու հեռանկարի մասին, որտեղ հաստատված է տոտալիտար վարչակարգ: